Հայերեն   English   Русский  

​Մեր առաջնահերթությունը լինելու է հայերենի շահերի պաշտպանությունը. Դավիթ Գյուրջինյան


  
դիտումներ: 12550

Լեզվի պետական տեսչությունը վերակազմավորվել է Լեզվի կոմիտեի: Եվ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից է, թե ինչ ու ինչպես կարող է անել կոմիտեն՝ հայերենի շահերը պաշտպանելու, դիրքերը վերականգնելու համար: Հայոց լեզվի խնդիրների, լեզվաքաղաքականության ու ոլորտի առաջնահերթությունների մասին է «Անկախը» զրուցել ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ:

- Պարո՛ն Գյուրջինյան, որպես Լեզվի կոմիտեի նախագահ արդեն ծանթացել եք ոլորտի խնդիրներին, հանրության և պետության ակնկալիքներին: Որո՞նք են լինելու առաջնահերթություններն առաջիկա ժամանակահատվածի համար:

- Ճիշտ նշեցիք, որ ակնկալիքներ ունեն պետությունը մի կողմից և հասարակությունը՝ մյուս կողմից: Լեզվի հարցերը միշտ գտնվել են հասարակության ուշադրության կենտրոնում: Հեռուստատեսային լեզվական ցանկացած մեղանչման դեպքում բոլորը, չգիտես ինչու, մեղադրում էին լեզվի ոլորտը տնօրինող պետական մարմնին: Հիմա էլ է այդպես: Դեռ մի ամիս չկա, որ այս պաշտոնին եմ, բայց բազմաթիվ նամակներ ու զանգեր եմ ստանում, մարդկանց եմ հանդիպում, որոնք, օրինակ, հարցնում են՝ ինչո՞ւ այսինչ պաշտոնյան գրագետ հայերենով չի խոսում, ինչո՞ւ պետք է դասագրքերն այսպիսին լինեն, հայոց լեզվի շտեմարանները հարկավոր է փոխել և այլն: Սա նշանակում է, որ կուտակված բազմաթիվ հարցեր կան:

Ես չեմ ասում, որ այդ խնդիրները չեն լուծվել: Դրանք միշտ եղել են, կան և կլինեն, որովհետև լեզուն կենդանի օրգանիզմ է, և մարդիկ, այդ թվում և պաշտոնյաները, կարող են սխալվել: Ուղղակի հստակ մոտեցում պետք է ունենանք, թե մենք՝ իբրև պետական մարմին, ինչպե՛ս ենք հետևում օրենքի այն դրույթի կատարմանը, ըստ որի Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, պաշտոնական լեզուն՝ գրական հայերենը: Ամեն ինչ բխում է այստեղից:

Եթե, օրինակ, հրապարակային գրվածքն օտարալեզու է, նշանակում է՝ հայերենի շահերը ոտնահարվել են, և խախտողը պետք է պատասխան տա: Եթե նախկինում դրա «պատասխանը» տուգանքն էր, հիմա ավելի շուտ պիտի փորձենք կանխարգելել սխալը: Պետք է հասնենք նրան, որ կա՛մ օտարալեզու գրվածքի հեղինակը հայերեն ձևավորի այն, կա՛մ համապատասխան պետական մարմինը չգրանցի օտար անունները: Դրա համար քայլեր պետք է արվեն: Դեռ մտածում ենք, թե դա ի՛նչ ճանապարհով պետք է արվի:

Խիստ կարևոր է լեզվաքարոզչությունը, ինչպես և խախտումները, սխալները կանխելու ուղիներ գտնելը: Մեր առաջնահերթությունը լինելու է հայերենի շահերի պաշտպանությունը:

- Եթե նախկինում տեսչությունը տուգանելու թեկուզ սահմանափակ հնարավորություններ ուներ, ապա այժմ Լեզվի կոմիտեն նման գործառույթներ ընդհանրապես չունի: Ձեր կարծիքով՝ դա կարո՞ղ է բացասաբար ազդել կառույցի գործունեության արդյունավետության վրա:

- Բայց պետությունը դա չի կարող բաց թողնել: Օրինակ՝ «Լեզվի մասին» օրենքի դրույթներից մեկն ասում է. «Հայաստանի Հանրապետությունում կրթության և դաստիարակության լեզուն հայերենն է»: Մենք տեսնում ենք, որ նախկին ռուսական դպրոցների ցանցն այլևս չկա. Հայաստանում դպրոցները գերազանցապես հայկական են՝ հայերեն ուսուցմամբ: Սակայն երբեմն լսում ենք, որ Հայաստանի որոշ քաղաքացիների երեխաներ սովորում են ոչ հայերեն ուսուցմամբ դպրոցներում կամ դասարաններում: Նախկինում լեզվի պետական տեսչությունը դրանով զբաղվել է: Լեզվի կոմիտեի աշխատանքի շեշտադրումներն են փոխվել՝ մասնակցել լեզվի բնագավառում քաղաքականության մշակմանը և ապահովել այդ քաղաքականության իրականացումը, նաև ապահովել «Լեզվի մասին» օրենքի պահանջների կատարումը և լեզվական քաղաքականության պետական ծրագրի իրականացումը:

Մենք սրանք շատ ենք կարևորում: Եթե ճիշտ հիմքեր դնենք` կխուսափենք զանգվածային խախտումներից, սխալներից, օտարամոլության ցցուն դրսևորումներից:

- Մինչև Լեզվի կոմիտեի ձևավորումը Լեզվի պետական տեսչության հասցեին մեղադրանքներ հնչեցին, թե արդյունքները բավարարող չեն: Պարոն Գյուրջինյան, մտավախություն չունե՞ք, որ սահմանափակ ռեսուրսների և հնարավորությունների պայմաններում Կոմիտեն էլ կարող է գործունեության արդյունավետության խնդիր ունենալ:

- Պիտի ջանանք, որ այդպիսի կարծիք չձևավորվի: Մենք ապավինում ենք նաև հասարակության աջակցությանը: Երբ խոսում ենք քարոզչության մասին, հույս ունենք, որ հասարակական ճնշումն էլ կնպաստի, որ այս կամ այն ոլորտում խախտումները պակասեն: Մենք պետք է հստակեցնենք մեր ուղին, ճշտենք մարտավարությունը և տարբեր լծակներով փորձենք շտկել իրավիճակը: Պետությունը, ի վերջո, դա անելու բազմաթիվ հնարավորություններ ու միջոցներ ունի:

- Երկձևությունների, օտարաբանությունների առումով բավականին ծանր վիճակ է ստեղծված: Լեզվի կանոնարկման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու: Եվ քանի որ մեծ խնդիրներ կան այս ոլորտում, ձեր ռեսուրսներով կարողանալո՞ւ եք նման լայնածավալ աշխատանք իրականացնել:

- Մարդուժը կարևոր է, այո: Կոմիտեն պետք է ունենա ուժեղ և բանիմաց աշխատակիցներ, որպեսզի կարողանանք ոլորտը տնօրինել:

Ճիշտ եք, կուտակված բազմաթիվ խնդիրներ կան: Հայերենի բարձրագույն խորհուրդը վերջին տարիներին չի գործել, և այդ անգործության հետևանքները հիմա տեսանելի ու զգալի են: Հիմա պետք է փորձենք բաց թողածը հաղթահարել կամ լրացնել: Նոր հասկացությունները, նոր երևույթները, առարկաները պետք է անուններ ունենան: Դրանք, որպես կանոն, օտար անուններ են ունենում, քանի որ դրսում են ստեղծվում: Հայերս պետք է հասցնենք դրանց հայերեն համարժեքները ստեղծել: Այդ գործը, իհարկե, մենք չենք անում: Դրանով զբաղվողներ կան՝ տարբեր ոլորտների մասնագետներ, գիտահետազոտական ինստիտուտներ և այլն: Սակայն կուտակված նյութը քննարկվում և որոշում է կայացվում Հայերենի բարձրագույն խորհրդում, որը նախկինում կոչվում էր Տերմինաբանական կոմիտե: Մեր կոմիտեի շրջանակներում պետք է լինի այդպիսի մի խորհուրդ, որը հանձնարարականներ կմշակի, թե համարժեք բառերից որն է նախընտրելի, զուգաձևություններից որն է հանձնարարելի, նրա գործածության ոլորտը որն է և այլն:

Էլ չեմ ասում, որ չլուծված խնդիրներ ունենք, օրինակ` տառադարձության բնագավառում: Եթե նախկինում որպես Խորհրդային Միության մաս աշխարհին նայում էինք ռուսերենի միջոցով, ապա Հայաստանը հիմա անկախ է, աշխարհը՝ բաց մեզ համար, մենք ուղղակի առնչություններ ունենք անգլերենի, ֆրանսերենի, արաբերենի, պարսկերենի և այլ լեզուների հետ: Ուստի տառադարձման խնդիրն առաջնային է դառնում: Օտար երկրի քաղաքացին Հայաստանի անձնագիր է ստանում, ինչպե՞ս պետք է տառադարձվեն նրա անունը, ազգանունը: Այս ոլորտում մենք շուտով քննարկումներ կսկսենք շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Եվ կփորձենք դա հասցնել ինչ-որ լուծման, որ այս հարցում միասնական մոտեցում ունենանք: Սա կլինի արդյունք, որը պետությունը կգնահատի:

- Ճի՞շտ հասկացա՝ Հայերենի բարձրագույն խորհրդի գործունեությունը կդադարեցվի և նման խորհուրդ կստեղծվի կոմիտեի կազմում:

- Կարծում եմ՝ նման բան կլինի:

- Պարո՛ն Գյուրջինյան, Դուք ֆեյսբուքում վարում եք «Հանուն մեր նյարդերի» շարքը, որտեղ հաճախ հանդիպող սխալներին եք անդրադառնում: Կա նաև «Մայրենի լեզվի դասեր» խումբը, որը մի շարք հարցեր է պարզաբանում: Սակայն համակարգված և առավել ընդգրկուն աշխատանքի կարիք կա: Հնարավո՞ր է, որ կոմիտեն ստանձնի այդ գործառույթը և համացանցում մի յուրօրինակ շտեմարան ստեղծի:

- Ապագայում նախատեսում ենք ունենալ կայք, որտեղ այդպիսի մի բաժին կլինի, կզետեղվեն Տերմինաբանական կոմիտեի, Հայերենի բարձրագույն խորհրդի ընդունած որոշումները, ընդունվելիք որոշումների նախագծերը, կլինի քննարկումների բաժին, որի միջոցով կիմանանք հասարակությանը հուզող հարցերի մասին: Հասարակության հետ կապը չենք ուզում բաց թողնել, որովհետև մենք լուծում ենք հայերեն խոսող հասարակության խնդիրը: Մեր «Լեզվի կոմիտե» ֆեյսբուքյան էջը ժամանակավոր լուծում է՝ սահմանափակված մեկ սոցիալական ցանցի շրջանակներում: Տեսչությունը, դժբախտաբար, կայք չի ունեցել: Եթե ունենար` կվերակառուցեինք և կօգտագործեինք: Հիմա ստիպված ենք նորը ստեղծելու մասին մտածել և պետք է փորձենք այնպես անել, որ հասարակությունը մեծապես օգտվի դրանից:

- Որպես կանխարգելիչ միջոց նշեցիք այն, որ քաղաքացին հայերենը կարևորի: Ինչպե՞ս կարող ենք հասնել նրան, որ Հայաստանի շարքային քաղաքացին հարգանք ու սեր ունենա մեր լեզվի նկատմամբ:

- Լեզվի նկատմամբ սերն ու հարգանքը պաթետիկ բաժակաճառեր ասելով և ասմունքելով չեն ձևավորվում: Մեր հեռուստաալիքները հայերենին նվիրված քանի՞ հաղորդում ունեն: Այնինչ պե՛տք է լինեին ու տպավորիչ լինեին: ԶԼՄ-ները մեծ դեր ունեն այս հարցում:

Մենք այդ ոլորտը բաց ենք թողել և հետո հարցնում ենք, թե ինչո՛ւ է այսպես:

XXI դարում սոսկ տուգանելով հաջողություններ չենք գրանցի: Պիտի հասնենք նրան, որ Հայաստանի քաղաքացին գիտակցաբար օտարալեզու ցուցանակ չօգտագործի, պարզապես նա ինքն իրեն դա չպետք է թույլ տա: Չպետք է հույսը դնել, որ Լեզվի կոմիտեն մենակ կարող է այդ գործն անել: Ամեն քաղաքացի և պետական յուրաքանչյուր մարմին իր տեղում իր ներդրումը պետք է ունենա հայերենի գերակայությունը երկրում ապահովելու և պետական լեզվի շահերը պաշտպանելու գործում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: