Աննախադեպ անվտանգության միջոցառումներ և ձերբակալություններ Սումգայիթում
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, ոստիկանությունն ու հատուկ նշանակության ջոկատները ամբողջությամբ փակել են Սումգայիթի քաղաքապետարանի առջև գտնվող հրապարակի մուտքերը: Հարակից փողոցներում զրահամեքենաներ են կանգնեցվել: Քաղաքի իշխանությունները սրճարանների և խանութների սեփականատերերին հանձնարարել են փակել դրանք մարդկանց հոսքերի կուտակումներից խուսափելու համար: Բացի այդ, ոստիկանության աշխատակիցները քաղաքացիներին թույլ չեն տվել նկարահանել տեղի ունեցող միջոցառումներն ու զրահամեքենաները:
Միևնույն ժամանակ «կրոնական արմատականներին» և «նրանց աջակցող ծայրահեղական ընդդիմության ներկայացուցիչներին» հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով հատուկ գործողություններ են իրականացվել: Համաձայն իրավապահ մարմինների տեղեկությունների՝ 18 մարդ ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Գյանջա (Գանձակ) քաղաքի քաղաքապետարանի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև, որի արդյունքում ոստիկանության երկու սպա մահացել է: Բողոքի ակցիան քաղաքապետ Էլմար Վելիևի աշխատանքի նկատմամբ դժգոհության արդյունք է եղել:
Վերջինիս դեմ հուլիսի 3-ին մահափորձ են կատարել: Ըստ ադրբեջանական իշխանությունների՝ անկարգությունները կազմակերպվել են կրոնական արմատականների կողմից: Դրանից հետո սոցիալական ցանցերում կասկածելի պրոֆիլերի միջոցով Սումգայիթում, ի նշան քաղաքապետարանի գործունության դեմ բողոքի, համանման գործողություններ իրականացնելու կոչեր են հնչել: