Հայերեն   English   Русский  

​Ամերիկահայ բարերարը եկավ Գյումրի՝ հատուկ նպատակով, օրեր անց՝ մահացավ


  
դիտումներ: 1234

Ամերիկահայ բժիշկ Հովհաննես Օյունջյանը հունիսին էր վերադարձել Գյումրի՝ չնայած բժիշկները նրան արգելել էին օդանավ նստել, բայց բարերարը համառել էր՝ Գյումրիում կիսատ ծրագրեր ուներ:

98-ամյա բժիշկը, ով կյանքի մոտ 30 տարին նվիրել էր Գյումրու կրթական ու մշակութային կյանքի զարգացմանը, արդեն դժվարությամբ էր տեղաշարժվում, բայց իր նպատակից չհրաժարվեց՝ հուլիսի 13-ին մեծ հանդիսությամբտրվեց նոր նախագծի մեկնարկը:

Օյունջյան համալիրն ամբողջանում է նոր մշակութային կառույցով: Օյունջյան վարժարանի, Վարդուհի արվեստի և Աղավնի արհեստի դպրոցների հարևանությամբ դարձյալ բարերարի ներդրումներով Գյումրիում համերգասրահ է կառուցվում, որի հիմնարկեքն էլ կատարվեց հուլիսի 13-ին՝ նրա ծննդյան օրը:
՛՛Այսպես են վարվում միայն շռայլ հոգիները, ովքեր ավելի հաճույք են ստանում տալուց, քան՝ ստանալուց՛՛, - բժշկի ծննդյան օրը հայտարարեց Օյունջյան հիմնադրամի Գյումրու ղեկավար Գագիկ Լաճիկյանը:
Բարերարն անձամբ ելույթ չունեցավ, ուժերը խնայում էր՝ համերգասրահի բացմանը ներկա լինելու համար, փոխարեն ընթերցեցին նրա խոսքերը, որոնք էլ դարձան Հովհաննես Օյունջյան բժիշկ-բարերարի վերջին խոսքերը՝
՛՛Ինչպես խոստացած էի Աղավնի արհեստի կենտրոնի բացումին, կուզեմ ևս մեկ շենք՝ բալետի թատրոն կառուցել Գյումրի քաղաքին մեջ: Կուզեմ, որ մեր երեխաները այդ բեմի վրա ցուցադրեն իրենց շնորհքը, իրենց կարողությունները, իրենց տաղանդը: Այսօր, այո, իմ ծննդյանս օրն է, սակայն ոչ մեկ բան կուզեմ ձեզմե, հակառակը, ես կուզեմ ձեզի նվեր ընել՝ նոր շենքի տեսքով նոր Հայաստանում: Կուզեմ ապրիլ այնքան, որ նոր բեմին վրա տեսնեմ մեր երեխաներուն պարը՝ անոնց ելույթը: Կեցցե Գյումրին, կեցցե մեր Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը՛՛:

Գյումրեցիների սիրելի բարերարը այս արարողությունից հետո, մի քանի օր գտնվում էր՛՛Գյումրի՛՛բժշկական կենտրոնում, որտեղ էլ երեկոյան մահացել է:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: