Հայերեն   English   Русский  

Գյանջայի իրադարձությունների մեղավորների թվում նշվում են նաև հայամետ ուժերը


  
դիտումներ: 638

Վերջին օրերս ադրբեջանական պաշտոնական զանգվածային լրատվամիջոցներն ու իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տեղեկատվական ռեսուրսները վերածվել են ամբիոնի, որտեղից բազմաթիվ «փորձագետներ» ու «քաղաքագետներ» կիսվում են Գյանջայում (Գանձակ) հուլիսի 3-ին և 10-ին տեղի ունեցած իրադարձությունների պատճառների մասին իրենց հայտնագործություններով:

Ինչպես գրում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, խորհրդարանի պատգամավորները, թերթերի խմբագիրները և բոլոր նրանք, ովքեր չեն ծուլանում, պարզվում է՝ հստակ գիտեն, որ Գյանջայում բողոքները օտարազգի թշնամիների, հայամետ ուժերի և արմատական ընդդիմության ձեռքի գործն են:

Մեղադրանքների ցուցակն անընդհատ ընդլայնվում է՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու: «Փորձագետների» երևակայությունը սահմաններից դուրս է գալիս: Որպես օրինակ գործակալությունը ներկայացնում է Մամուլի խորհրդի ղեկավարի «հայտնագործությունը». ըստ նրա՝ Գյանջայի իրադարձությունները պատասխան են TANAP գազատարի շահագործմանը:

Այլ մեկնաբաներ կրկնում են այն միտքը, թե այդ իրադարձությունների հետ կապ ունեն արտասահմանից ուղորդվող կրոնական ծայրահեղականները: Ըստ գործակալության՝ իր փայլուն մտքով զարմացրել է նաև պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը՝ գրեթե բացահայ հայտարարելով, որ Գյանջայի իրադարձությունների հետևում կանգնած է Ռուսաստանը: Վերջինս չի նշել, թե ինչի՞ վրա է հիմնված իր այդ բացահայտումը: Հետաքրքիրն այն է, որ Հասանգուլիևը ավանդաբար հայտնի է եղել իր ռուսամետ դիրքորոշմամբ. նա հանդես է եկել ՀԱՊԿ-ին և Մաքսային միության միանալու օգտին, եթե Ռուսաստանը օգնի Ղարաբաղյան հակամարտության հարցում:

Նման «տեղեկությունների» առատության ֆոնին պաշտոնական Բաքուն լռում է և Գյանջայում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ որևէ տեղեկություն չի տրամադրում: Միևնույն ժամանակ Ադրբեջանի մի շարք քաղաքներում և շրջաններում խստացվել են անվտանգության միջոցառումները, ոստիկանությունը մարդկանց թույլ չի տալիս հավաքվել: Գործակալության տեղեկության համաձայն՝ անձնական զրույցներում ոստիկանները հայտնել են, որ այս միջոցառումները կիրառվում են նոր բողոքի ակցիաների հավանականությունը կանխելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին հարձակում են գործել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի վրա: 35-ամյա Յունիս Սաֆարովը հրազենային վնասվածք է հասցրել քաղաքապետին և վերջինիս թիկնապահին: Նրանք հոսպիտալացվել են: Սաֆարովը ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Վելիևի նկատմամբ հարձակման պատճառ հանդիսացել է վերջինիս՝ քաղաքացիների հանդեպ բռի պահվածքը: Այսպես՝որոշժամանակառաջ տեղի բնզկիչ մ կին իր գանգատներով դիմել է քաղաքապետին, սակայն Վելիևը բղավել, հայհոյել և իրաշխատասենյակից դուրս է հանել հղի կնոջը: Ըստ տեղեկության՝այն տղամարդը, ով կրակել էՎելիևի և նրա թիկնապահի վրա, եղել է այդ կնոջը եղբայրը:

Հուլիսի 10-ին Գյանջայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Յունիս Սաֆարովին, որի ընթացքում սպանվել է ոստիկանության երկու աշխատակից: Նույն օրը Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված էր, որ ակցիայի մասնակիցները «բութ ու կտրող-ծակող առարկանների միջոցով դիմադրություն են ցույց տվել հասարակական կարգի պաշտպաններին»: Կան տասնյակ ձերբակալվածներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: