Հայերեն   English   Русский  

​ՋՈՐՋ ԴՈՔՄԵՋՅԱՆ


  
դիտումներ: 6187

«Ուժեղ կամքով և ցածրախոս մարդ էր, որին նաև Երկաթե դուքս էին կոչում»,– ժամանակին այդպես է Ջորջ Դոքմեջյանին բնութագրել է Los Angeles Times-ը:

Հայը, որ ճակատագրի բերումով տարագիր է եղել հայրենիքից, օտար ափերում շատ մեծ բարձունքների է հասել: Բազում հայեր գահեր են բարձրացել Բյուզանդիայում, Բուլղարիայում, Վրաստանում, պետական բարձր դիրքերի հասել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Լատինական Ամերիկայի երկրներում, Իրանում, Հնդկաստանում… Սակայն, ցավոք, ոչ բոլորն են իրենց աստեղային ժամին հիշել Հայաստանը, ոչ բոլորն են իրենց գործունեությամբ նպաստել հայության համահավաք ազգային իղձերի իրականացմանը:

Այդպիսին չէր Ջորջ Դոքմեջյանը՝ ամերիկյան քաղաքական, պետական գործիչ, Կալիֆոռնիայի նահանգապետ, որ իր ողջ կյանքում ծառայելով օտար պետականությանը՝ երբեք չուրացավ ու չմոռացավ հայրենիքը, հայությանը:

Դոքմեջյանների տոհմը սերում է Կիլիկիայի Այնթապ (ներկայումս՝ Ղազիանթեպ) քաղաքից: Ապագա քաղաքական գործչի հայրը՝ Գուրգեն Դոքմեջյանը, հայրենիքում զբաղվում էր գորգավաճառությամբ: 1906 թ. տեղափոխվել է Իրան, մեկ տարի հետո մշտական բնակության տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ և հաստատվել Թրոյ քաղաքում: Այստեղ նա ծանոթացել և ամուսնացել է 1907 թվականից դարձյալ ԱՄՆ Թրոյ քաղաքում հաստատված կարինցի հայուհու՝ Ալիս Գայրդյանի հետ: 1928 թ. հունիսի 6-ին, Նյու Յորքի շրջանի Մենանդս շրջանի Ալբանի քաղաքում ծնվում է Գուրգենի և Ալիսի զավակը, որին հայրն իր անունով է անվանակոչում՝ Գուրգեն Ջորջ Դոքմեջյան կրտսեր:

«Իմ հայրն այդ ժամանակ լավ ծանոթներ ուներ Օսմանյան կայսրության ազդեցիկ հայերի շրջանում, ինչն էլ թույլ է տալիս նրան փրկել շատ մարդկանց կյանքեր։ Ես ծնվել եմ ամենաբարդ՝ Մեծ ճգնաժամի շրջանում։ Հայրս լուսանկարիչ էր աշխատում, իսկ հետագայում հիմնեց իր բիզնեսը։ Մայրս, ինչպես հարյուրավոր հայ կանայք, աշխատում էր ֆաբրիկայում, բայց ոչ երկար ժամանակ, հայրս հետագայում արգելեց նրան աշխատել։ Մայրս հիանալի ձայն ուներ, նրան հաճախ էին հրավիրում երգելու հայկական մշակութային երեկոների ժամանակ։ Քույրս՝ Աննան, շուտ է ամուսնացել, ամուսնու՝ Նուբար Աշջյանի հետ ծանոթացել է Լոս Անջելեսում»,- այսպես է նկարագրել իր ընտանիքի անցած ուղին Ջորջ Դոքմեջյանը:

Ջորջ Դոքմեջյան կրտսերը փայլուն կրթություն է ստացել: 1949 թ. ավարտել է Ութերվլիթ դպրոցը, ապա՝ Սիենա քոլեջը, որտեղ ստացել է բակալավրի կոչում: Հետագայում ավարտել է Նյու Յորքի Սենթ Ջոն համալսարանը իրավաբանի որակավորմամբ: Նեղ մասնագիտությամբ Ջորջ Դոքմեջյանը ռազմական իրավաբան էր: Նա հիմնական բնակության է տեղափոխվել Կալիֆոռնիա՝ աշխատելով իր մասնագիտությամբ: 1952 թ. Ջորջ Դոքմեջյանը ստացել է իրավունքի դոկտորի գիտական կոչում:

Նա հիմնադրում է Courken George Deukmejian, Jr. փաստաբանական գրասենյակը, որը կարճ ժամանակում մեծ համբավ է վայելում:

Աշխատանքին զուգահեռ Ջորջ Դոքմեջյանը քաղաքականությամբ էր զբաղվում, և առաջին հաջողությունները չուշացան: Նա անդամագրվեց ԱՄՆ Հանրապետական կուսակցությանը և 1963 թ., 35 տարեկան հասակում ընտրվեց Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամ: Չորս տարի անց՝ 1967 թ., նա ընտրվեց նահանգային սենատոր:

«Իրավակարգի պաշտպանը Կալիֆոռնիայում անցնում է պաշտոնավարության»,– այս առթիվ գրել է TIME թերթը:

Սենատորի պաշտոնում Դոքմեջյանը պաշտոնավարեց 12 տարի: Միաժամանակ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատի հանրապետական խմբակցության ղեկավարն էր: 1976 թ. նա Կալիֆոռնիայի նահանգապետ Դոնալդ Ռեյգանի Կալիֆոռնիայի նախընտրական շտաբի պետն էր, և չնայած Ռեյգանն այդ ընտրություններում պարտվեց, Դոքմեջյանը նրա համար փայլուն արդյունք ապահովեց նահանգում:

1979 թ. Ջորջ Դոքմեջյանն ընտրվում է Կալիֆոռնիայի ընդհանուր դատախազ:

1980 թ., արդեն հաղթանակած նախագահ Ռեյգանը Դոքմեջյանին առաջարկեց դառնալ ԱՄՆ փոխնախագահ, բայց Դոքմեջյանը հրաժարվեց՝ նախընտրելով մասնակցել Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններին:

1982 թ. Ջորջ Դոքմեջյանն ընտրվեց Կալիֆոռնիայի նահանգապետ և պաշտոնավարեց մինչև 1991 թվականը:

Պաշտոնավարման ընթացքում նա հատկապես աչքի է ընկել հանցավորության դեմ մղած անողոք պայքարում: Հայազգի նահանգապետը ձեռնարկեց մի շարք արդյունավետ միջոցառումներ հանցագործ խմբավորումների դեմ պայքարում:

Միաժամանակ Դոքմեջյանը մեծ մարդասեր էր: Նա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ջատագովն ու պաշտպանն էր: Իր պաշտոնավարման ընթացքում երբեք չշեղվեց մարդու իրավունքների պաշտպանության գծից: «Ես կարծում եմ՝ մեր երկրի շահերը պահանջում են ձևավորել և իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը համահունչ կլինի ազատության, մարդու իրավունքների և քաղաքացիական իրավունքների հարցերում մեր իսկ ունեցած ամուր համոզմունքներին»,- ասել է նա։

Դոքմեջյանը մեծ պայքար սկսեց նաև ապարտեիդի՝ ռասսայական խտրականության դեմ: Իր պայքարում անգամ կոշտ միջոցների դիմեց: Մասնավորապես դադարեցրեց Կալիֆոռնիայի կողմից Հարավաֆրիկյան Հանրապետությանը հատկացվող օգնությունը, քանզի այնտեղ մինչ Նելսոն Մանդելայի հաղթանակը իշխանությունները վարում էին ընդգծված ռասիստական քաղաքականություն:

«Նելսոն Մանդելան և Ջորջ Դոքմեջյանը երբեք չեն հանդիպել, սակայն Մանդելայի ազատ արձակումն ու Հարավային Աֆրիկայում ռասայական խտրականության անկումը զգալի չափով նաև Կալիֆոռնիայի նահանգապետի վաստակն է»,- գրել է Los Angeles Times-ը:

Դոքմեջյանն իր պաշտոնավարման շրջանում Քալիֆոռնիայում մեծ ուշադրություն դարձրեց կրթական, առողջապահական խնդիրների կարգավորմանը:

Ջորդ Դոքմեջյանը մեծ աշխատանք տարավ ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջորջ Բուշ ավագի ընտրության գործում: Նա նաև համարվում էր փոխնախագահի հնարավոր թեկնածուներից մեկը:

Ջորջ Դոքմեջյանը համարվում է Կալիֆոռնիայի նահանգի պատմության ամենաարդյունավետ ու ամենագործունյա նահանգապետը:

Դոքմեջյանի կինն էլ հայուհի էր՝ Գլորիա Սահաթջյանը, որ ամուսնուն երեք զավակ է պարգևել՝ Զորջ, Լեսլի էնն և Անդրեա:

Դոքմեջյանը սերտ կապեր ուներ հայ համայնքի հետ: Նա շատ հայերի պատասխանատու պաշտոններ վստահեց, նաև մասնակցում էր Կալիֆոռնիայի հայության ներհամայնական կյանքին:

Ջորջ Դոքմեջյանը մեծ աշխատանք տարավ, որպեսզի ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը: Նրա անմիջական նախաձեռնությամբ 1985 թվականին ապրիլի 24-ը Կալիֆոռնիայում հայտարարվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Նա այդ օրը հռչակեց պետական օր և համայն աշխարհի քաղաքական գործիչներին կոչ արեց միանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործին:

Նա անմասն չմնաց նաև հայության նորօրյա ազատամարտին՝ Արցախյան հերոսամարտին: Երբ 1990 թ. ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը ԱՄՆ այցելեց, Ջորջ Դոքմեջյանը նրան նամակ հանձնեց՝ ԽՍՀՄ տարածքում հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության, Արցախյան խնդրի արդարացի կարգավորման վերաբերյալ:

Նա նաև մեծ աշխատանք տարավ Սպիտակի երկրաշարժին հաջորդած օրերին դեպի Հայաստան մարդասիրական առաքելությունների և հումանիտար օգնության առաքման կազմակերպման գործում:

Դոքմեջյանի պաշտոնավարման ժամանակ ԱՄՆ հայ համայնքը, թերևս հրեականից հետո, համարվում էր երկրի ամենահզոր լոբբիստական կառույցը:

Հայ մեծանուն քաղաքական գործիչը մահացավ 2018 թ. մայիսի 8-ին, 89 տարեկան հասակում, Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի Լոնգ Բիչ թաղամասում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: