Հայերեն   English   Русский  

Սևանա լճի տարածքում իրականացվում է ուժեղացված ծառայություն. խորհրդակցություն ԱԻՆ-ում


  
դիտումներ: 918

Օգոստոսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցեց անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 23763 ահազանգ: Նախորդ շաբաթ հրդեհների թիվն ավելացել է՝ 350 հրդեհ, որից 204-ը՝ խոտածածկ տարածքներում, այրվել է մոտ 375 հա տարածք: Անդրադառնալով ծառայության ընթացիկ աշխատանքներին՝ գնդապետ Նահապետյանը նշեց նաև, որ հուլիսի 29-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացված դաշտային խոհանոց մրցույթում մասնակցություն է ունեցել նաև հայկական թիմը, որը բավական հաջող է հանդես եկել և արժանացել հանդիսատեսի համակրանքին: Ծառայության տնօրենը նշեց նաև, որ փրկարարները շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել Սևանա լճի լողափերում:

Ընթացիկ աշխատանքների և եղանակային պայմանների մասին զեկուցեց Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը և նշեց, որ մինչ օգոստոսի 9-ը կպահպանվի արդեն գրանցված ջերմաստիճանը, իսկ հյուսիսային հատվածներում կդիտվեն տեղումներ, սակայն օգոստոսի 9-ից ջերմաստիճանը մի քանի աստիճանով ևս կիջնի, և արդեն հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կգրանցվեն տեղումներ:

Անդրադառնալով նախորդ շաբաթ Գեղարքունիքի մարզ՝ մասնավորապես Սևան կատարած աշխատանքային այցի արդյունքներին՝ նշեց առկա բացթողումներն ու խնդիրները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք վերաբերում էին աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու կառուցվածքային փոփոխություններին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: