Հայերեն   English   Русский  

Նախանձը համընդհանուր խնդիր է


  
դիտումներ: 1458

Ռուս ռեժիսոր Վլադիմիր Խարչենկոյի և պրոդյուսեր Դիանա Շալաշնայայի «Նախանձ» 22 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմն ընդգրկված էր 11-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» ծրագրում:

Այն խորհրդածություն է Կայենի և Աբելի պատմության թեմայով: Ֆիլմի սյուժեն երկու ծեր մարդկանց մասին է, որոնք տարիներ շարունակ հիվանդանոցում են: Ներկայացնում ենք պրոդյուսեր Դիանա Շալաշնայայի հետ հարցազրույցը:

- «Նախանձը» շատ հետաքրքիր և մտածել ստիպող ֆիլմ էր:
- Շնորհակալ եմ, սակայն մի քիչ բարկացած եմ, քանի որ ֆիլմը կոնտրաստներով էր և պատկերների մեծ մասն այնպես չէին երևում, ինչպես պետք էր: Այն շատ մութ էր: Ուզում եմ իմանալ, թե ինչ տեխնիկական խնդիր է եղել դահլիճում…

- Ո՞րն է ֆիլմի գլխավոր միտքը, ձեր կարծիքով:
- Այն դիմացինին չկամենալու, նախանձի մասին է: Դեպքերը սկսվում են հիվանդանոցում` մեկ սենյակում: Երկու հիվանդ մարդ պառկած են հիվանդանոցում, և նրանց մեջ նախանձ է առաջանում: Նրանցից մեկը գամված է անկողնում, չի կարողանում ինքնուրույն շարժվել, պառկած է պատուհանից հեռու պատի տակ, կանչի զանգի կողքին: Մյուսը կարողանում է քայլել, և նրա մահճակալը միակ պատուհանի մոտ է, որով կարողանում է տեսնել դրսի աշխարհը: Եվ առաջին տղամարդը սկսում է նախանձել երկրորդին: Երբ քայլել կարողացող հիվանդը հանկարծ շատ վատ է զգում և խնդրում է մյուսին բժիշկներին օգնության կանչել, առաջինը, որին մոտ է կանչի կոճակը, չի սեղմում, և երկրորդ տղամարդը մահանում է: Ֆիլմի վերջում անկողնուն գամված տղամարդուն տեղափոխում են պատուհանի մոտ: Նա դանդաղ բարձրանում է և վերջապես շունչ քաշում` գլուխը դուրս հանելով պատուհանից:

- Ի՞նչ է հիշեցնում ֆիլմը:
- Ֆիլմի սցենարն ինձ հիշեցնում է Օ՚ Հենրիի «Վերջին տերևը» պատմվածքը: Այսինքն` այդ երկու թեմաներն էլ հավերժական են:

- Իսկ ինչո՞ւ է ռեժիսորն ընտրել հենց ծեր մարդկանց կերպարը: Կարծում եք` երիտասարդների մեջ նախանձը չի՞ խոսում:
- Ոչ, պարզապես ծեր մարդիկ շատ են ցանկանում ապրել, շարունակել, ամեն գնով յուրաքանչյուր պահ վայելել և ոչ մի պահ բաց չթողնել: Ֆիլմի կերպարներն ապրում են մեկ հիվանդանոցի ընդամենը մեկ սենյակում և ոչինչ չունեն, բացի ապրելու ցանկությունից: Նախանձը մարդկության համընդհանուր դիլեմա է:

- Ի՞նչ ազդեցություն կարող է այս ֆիլմն ունենալ հանդիսատեսի վրա:
- Կարծում եմ` մարդիկ ֆիլմը կընկալեն տարբեր կերպ` ելնելով իրենց գաղափարներից, մտածելակերպից: Հետևաբար, դիտածից կարող են դաս քաղել, խորհել կամ ոչինչ էլ չսովորել:

Ելենա Չոբանյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: