Հայերեն   English   Русский  

ՔԾ-ն ընտրել է մարդկանց զգացմունքների վրա խաղալու, մանիպուլյացիայի մեթոդը. Քոչարյանի փաստաբան (Տեսանյութ)


  
դիտումներ: 874

Այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման մասին

Հատուկ քննչական ծառայության մեկնաբանությանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հստակեցրեց, որ երբ ասել են, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորություններից, նկատի են ունեցել այն, որ Վերաքննիչ դատարանը անդրադաձել է ոչ թե կալանավորման հիմքերին, այլ մեղադրանքին։


ՀՔԾ պետի այս հայտարարությունը մեկնաբանելիս ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ քրեական դատավարությունում մասնագիտացող իրավաբաններին հայտնի է, որ դատարանը նախքան հիմքերին ադրադառնալը, անդրադառնում է կալանավորման պայմաններին։

«Այսինքն՝ կալանավորման համար սկզբում պետք է բոլոր պայմանները առկա լինեն, որոնց առկայության դեպքում դատարանն անդրադառնում է հիմքերին։ Իսկ հիմքերն են՝ թաքնվելու հավանականությունը, խոչընդոտելու և հանցանք կատարելու հավանականությունը։ Բայց նախքան դրանց անդրադառնալը, ցանկացած դատարան պարտավոր է անդրադառնալ կալանավորման պայմաններին և դրանցից մեկը անձի անձեռնմխելիության հաղթահարման պայմանն է։ Արդյոք անձը ունի անձեռնմխելիություն, թե ոչ և արդյոք դա հաղթահարված է, թե ոչ։ Պայմաններից մեկն էլ հիմնավոր կասկածն է և այլն», - ներկայացրեց փաստաբանը։

Ալումյանի խոսքով՝ Հատուկ քննչական ծառայությունը հանրությանը ներկայացնում է տեղեկատվություն առանց բացատրելու, իսկ հանրությունն էլ հասկանում է ուղիղ՝ դատարանն ապօրինություն արեց.

«Չի կարելի նման բան անել առանց բացատրելու ու միանգամից ասել, որ դատարանն ապօրինություն արեց։ Չի կարելի նման բան, սա ուղղակի մարդկանց զգացմունքների հետ խաղալու, մանիպուլյացիայի մեթոդ է։ Չի կարելի էսպես»։

Մանրամասն՝ տեսանյութում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: