Հայերեն   English   Русский  

«Գերմանիան կցանկանար օգնել գտնել խաղաղ լուծում». Ալիևն ու Մերկելը քննարկել են ԼՂ հարցը


  
դիտումներ: 285

Գերմանիան պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդի դեր կատարել:

Այս մասին օգոստոսի 25-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման նախաշեմին, մայրաքաղաք Բաքվում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

«Գերմանիան կցանկանար օգնել գտնել խաղաղ լուծում»,- ասել է Մերկելը: Վերջինս հիշեցրել է, որ Բեռլինը ԵԱՀԿ մինսկի խմբի անդամներից մեկն է, որը զբաղվում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմամբ: Իլհամ Ալիևի և Անգելա Մերկելի բանակցություններն անցկացվել են ընդլայնված ձևաչափով երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Ադրբեջանի նախագահը Գերմանիայի կանցլերի այցն անվանել է «պատմական»՝ համոզմունք հայտնելով, որ այն հարաբերությունների զարգացման նոր խթան կհանդիսանա: Մերկելը, նշելով տնտեսական հարաբերությունների ընդլայնման կարևորությունը, նշել է, որ «Ադրբեջանն այդ տարածաշրջանում Գերմանիայի ամենախոշոր առևտրական գործընկերն է»:

Միևնույն ժամանակ վերջինս անդրադարձել է իրավունքի պաշտպանության թեմային: «Մենք, հավանաբար, կանդրադառնանք որոշ քննադատական պահերին, մասնավորապես՝ մարդու իրավունքներին և հումանիտար իրավիճակին»,- ասել է Մերկելը: Բանակցությունների ավարտին քաղաքական գործիչները համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: