Հայերեն   English   Русский  

Շիրակցիները ճանապարհները փակել ու փոփոխություն են պահանջել


  
դիտումներ: 829

Մեկ տարի առաջ առանց հանրային լսումների և համայնքների բնակիչների կարծիքը հաշվի առնելու համայնքների խոշորացում կատարվեց, որն այսօր Շիրակի մարզի բնակիչներին ստիպել էր փակել Գյումրի-Վանաձոր ճանապարհը:

Բասեն, Կամո, Հովիտ, Շիրակ, Ջրառատ, Կառնուտ գյուղերի բնակիչները պահանջում են չեղարկել համայնքների խոշորացման գործընթացը և վերադարձնել յուրաքանչյուր համայնքին տեղում ղեկավար ունենալու իրավունքը:

« Այսօր Հայաստանում պահպանվում է շան, ծառի, թփի, հանքի իրավունքը, բացի մարդու իրավունքից»,- ասում են ճանապարհը փակողները:

«Մեր խնդիրը խոշորացված համայնքի ղեկավարը չէ, այլ տեղում ՏԻՄ ունենալը: Համայնքին պետք է լավ կառավարիչ, որը պետք է լինի տվյալ համայնքից», - շարունակում են ակցիայի մասնակիցները:

«Մենք պահանջում ենք առաջվա դիրքին բերել, հեչ մե արժեքմ էլ չի փոխվել, ու ոչինչ էլ չեն կռնա ապացուցեն, ես եմ գյուղում ապրողը՝ ես չեմ տեսել որևէ փոփոխություն: Թող Նիկոլ Փաշինյանը գա, անձամբ տեսնի էս գյուղերի վիճակը»:

Նշյալ գյուղերի բնակիչները պատմում են, խոշորացման գործընթացից առաջ հավաքվել ու դիմում են ներկայացրել նախարարություն, որ միավորվել չեն ցանկանում, սակայն նրանց դիմումն արհամարհվել է, հիմա գյուղացին բազմաթիվ խնդիրների է բախվում:

« Ներհամայնքային իշխանությունը մեզանից հեռացրել են: Ես ինչ-որ հարցով դիմել եմ վարչական ղեկավարին, ասել է՝ ես իրավասու չեմ, կնիք չունեմ, գնա Ախուրյան: Գնացել եմ՝ համայնքապետը տեղում չէ, երկրորդ օրը նորից գնացի՝ էլի նույնը: Էղա՞վ որ ես ֆինանսական կորուստ ունեցա, ինչու՞», - սրտնեղում է Կամո գյուղի բնակիչը:

Բասենի նախկին գյուղապետն էլ որպես օժանդակություն կառավարությանը հուշում է՝ <Ինչպես օրենքով համայնքները միավորվեցին, այնպես էլ օրենքը թույլ է տալիս անջատել: Սահմանադրության 190-րդ հոդվածում հստակ նշված է՝ ինչպես համայնքները խոշորացվում են օրենքով՝ ԱԺ լսումներով, նույն 190 հոդվածը թույլ է տալիս համայնքներն անջատել նույն ԱԺ լսումներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: