Հայերեն   English   Русский  

​Մարալիկում բախում է հասունանում


  
դիտումներ: 938

Անի համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջով ակցիաները ամենօրյա բնույթ են կրում, առավոտյան երթով շրջայցեր քաղաքի տարբեր փողոցներով, ապա հավաք հրապարակում՝

համայնքապետարանի դիմաց: Արտակ Գևորգյանը Մարալիկի քաղաքապետն էր մոտ 13 տարի, որից հետո՝ համայնքների խոշորացումից հետո ընտրվել է Անի համայնքի ղեկավար, որի կազմում 17 բնակավայր կա, Մարալիկի ու մի քանի գյուղերի բնակիչներ էլ ամեն օր փողոց են դուրս գալիս, պահանջում Արտակ Գևորգյանի հրաժարականը, նշելով՝ նրա աշխատանքը չեն տեսնում, ծառայում է միայն իր ազգակիցների շահերին:

Եվ ընդդիմացող կողմի, և քաղաքապետի խոսքերի մեծ մասը մեղադրանքներ են ուղղված միմյանց, մեկը մյուսին մեղադրում ու պաշտպանվում է: Իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով է հանդես եկել համայնքպետի հրաժարականը պահանջողներից Հարություն Ուռուտյանի որդին՝ Բաբկենը, նշելով թե պատասխանում է Գևորգյանի մանկավարժների հետ հանդիպմանը ունեցած ելույթին, որտեղ, ըստ Ուռուտյանի, համայնքապետը մեղադրանքներ ու անձնական վիրավորանք է ուղղել Հարություն Ուռուտյանի հասեցին:

- Արտակ, չփորձես խոսել հաթհաթայի լեզվով, էդ ժամանակներն անցել են: Դու անուններ ես տալիս, իմ հոր՝ Ուռուտյան Հարութի, Ավդալյան Արթուրի... դու գաղափար ունե՞ս նրանք ով են, այսօր անձնական վիրավորանք ես հասցնում: Դու ավելի լավ է խոսես ու հաշվետվություն տաս, թե ինչպես քո ղեկավարած 14 տարիների ընթացքում վերացավ շատ լուրջ նշանակություն ունեցող Մարալիկի հիվանդանոցը, կրճատվեցին տասնյակ հաստիքներ, թե ինչպես վերացան Մարալիկի հարկային տեսչությունը, կադաստրը, նոտարը ու էդպես շարունակ...
Էսօր չկա Մարալիկում գեթ մեկ նորմալ հաստատություն, որ զբաղվի մեր երիտասարդներով: Մեր երիտասարդներն էսօր պարապուրդի են մատնված, արձակուրդներին ոչ մի բան չի կազմակերպվում. դու ավելի լավ է դրանցով զբաղվի: Համայնքների մասին մտածի՝ էս մի տարի է համայնքապետ ես, ի՞նչ ես արել, գյուղերի տեղն էլ չգիտես... Չփորձես ժողովրդին սադրել, հանել իրար դեմ, Մարալիկը բաժանել երկու մասի, չի ստացվելու:
Իսկ տեսաուղերձի վերջում էլ Բաբկեն Ուռուտյանը կոչ է արել բնակիչությանը չտրվել սադրանքներին ու լինել միահամուռ:

Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջողների ակցիային ի պատասխան, Մարալիկում ձևավորվել է նաև ի աջակցություն համայնքի ղեկավարին ակցիան, և արդեն երկու կողմերի միջև մեկ անգամ քաշքշուկ է եղել:

Ի դեպ, պայքարը քիչ-քիչ վերածվում է Ուռուտյաններ-Գևորգյաններ առճակատման: Հարություն Ուռուտյանը նախկին քաղբանտարկյալ է, ազատամարտիկ, Արտակ Գևորգյանը՝ Սամվել Նիկոյանի սանիկը, այս ակցիաներն էլ օգտագործելով երկուսը միմյանց հիշեցնում են անցյալի շատ իրադարձությունների մասին:
Մարալիկում նշում են՝ այնքան են ակցիաները շարունակելու, մինև Արտակ Գևորգյանը հեռանա համայնքի ղեկավարի պաշտոնից:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: