Հայերեն   English   Русский  

​Կարմրուկ


  
դիտումներ: 3091

Մանկական տարիքի վարակիչ հիվանդությունների շարքում կարմրուկը հատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ ծանր է ու բարդություններով հղի, երբեմն էլ, ցավոք, մահացու ելքով: Կարմրուկով հավասարապես հիվանդանում են թե՛ փոքրերը և թե՛ մեծերը:

Կարմրուկը վարակիչ հիվանդություն է, ուղեկցվում է տենդով ու բնորոշ ցանով, ախտահարվում են շնչուղիների ու տեսողական օրգանի լորձաթաղանթները: Վտանգավոր է համարվում ու կարող է մահվան հանգեցնել:

Կարմրուկի դեպքեր արձանագրվում են ողջ տարին: Այս լուրջ հիվանդության հարուցիչը կարմրուկի վիրուսն է, որը, ի դեպ, արտաքին գործոնների ազդեցությամբ (ուլտրամանուշակագույն ճառագայթներ, արևի լույս) կորցնում է կայունությունն ու արագ ոչնչանում: Արտաքին միջավայրում հայտնվելով թքի կաթիլների հետ՝ կես ժամ անց արդեն կորցնում է կենսունակությունը:

Ցրտի պայմաններում, սակայն, նույնիսկ մինուս 70 աստիճանի պարագայում 5 տարի կենսունակ է: Կարմրուկի վիրուսը արտաքին միջավայրում հայտնվում է նոր-նոր կարմրուկով վարակվածի արյան ու քիթ-կոկորդի լորձի միջոցով:

Արդեն ասվեց, որ կարմրուկով վարակվել հնարավոր է միայն հիվանդ մարդուց: Ու վարակման հավանականությունը մեծ է հիվանդության ախտանշանների հայտնվելուց 3 օր առաջ, ինչպես նաև ախտանշանների ի հայտ գալուց 6-8 օր հետո:

Այս հիվանդության հարուցիչը կարող է մեծ տարածքներով փոխանցվել, օրինակ` եթե բազմահարկ շենքում կարմրուկով հիվանդ կա, ապա նրանից կարող են վարակվել երեխաներ, որոնք անգամ չեն շփվել հիվանդի հետ, սակայն նույն շենքում են բնակվում: Ժողովուրդն ասում է, որ կարմրուկը պատերով էլ է թափանցում: Վիրուսը տարածվում է աստիճանավանդակով, օդափոխության համակարգերով, միջանցքներով:

Կարմրուկով մինչև 3 ամսական երեխաների վարակում հազվադեպ է պատահում, քանի որ նրանք պաշտպանված են մոր հակամարմիններով: Վիրուսը թափանցում է մարդու մարմին շնչուղիներով ու աչքի լորձաթաղանթով, իսկ 3 օր անց արդեն հայտնվում է արյան մեջ, որտեղ դրանց քանակն աստիճանաբար ավելանում է: Կարմրուկի վիրուսը ախտահարում է շնչառական, նյարդային համակարգերը: Կրկնավարակման դեպքեր հազվադեպ են լինում:

Այս հիվանդության դեմ լավագույն կանխարգելիչ միջոցը պատվաստումն է: Իսկ եթե պատվաստվելուց հետո էլ երեխան հիվանդանում է կարմրուկով, ապա հիվանդությունն անհամեմատ թեթև է ընթանում, իսկ բարդությունների հավանականությունը նվազագույնի է հասնում:

Կարմրուկի հիմնական ախտանշանը հիվանդությանը բնորոշ ցանն է, կարմրավուն բծերը, որոնք կարող են միաձուլվել: Ցանն առաջանում է վերևից ներքև. սկզբում ախտահարվում է վարակվածի դեմքի մաշկը, հետո ականջների հետնամասի մաշկը, պարանոցը, իրանի վերին հատվածը: Հաջորդ օրը ցանը հասնում է փորի հատված, թիկունք ու մի քիչ էլ` թևերի վրա: Երրորդ օրն արդեն վարակվածի ամբողջ մարմինն է պատվում ցանով: Հիվանդի ջերմությունը բարձրանում է մինչև 38-39 աստիճան ու պահպանվում որոշ շրջան: Տենդի ժամանակ փսխման հավանականությունը ևս մեծ է: Բարձր ջերմությունից բացի, հիվանդին անհանգստացնում է թուլությունը, ախորժակի կորուստն ու քնկոտությունը:

Հիվանդության արդյունավետ բուժման նպատակով կարևորվում է հիգիենան, օդափոխությունը, լիարժեք սնունդը:

Անկողնային ռեժիմ է նշանակվում 7-10 օր, ցանկալի է, որ տենդի ողջ ընթացքում հիվանդն անկողնում լինի` բարդություններից խուսափելու համար: Սննդի մեջ պետք է գերակշռի կաթնային ու բուսական ծագման մթերքը: Չպետք է մոռանալ առատ հեղուկի մասին:

Աչքի լորձաթաղանի բորբոքման դեպքում կիրառվում է ֆիզիոլոգիական լուծույթ աչքերի լվացման համար կամ էլ գոլ եռացրած ջուր, իսկ թարախային արտադրության դեմ կիրառվում են հակաբակտերիալ կաթիլներ:

Մանկահասակ երեխաների համեմատ՝ մեծահասակները շատ ավելի ծանր են տանում կարմրուկը: Հիմնականում վարակվում են նախկինում չպատվաստվածները: Հիվանդը վատ է զգում, գլխացավ է ունենում, կոկորդացավ, տանջալից չոր հազ: Ցավոք, մեծահասկաների դեպքում հիվանդությունն անհետևանք չի անցնում, հիմնականում ախտահարվում է շնչառական ու նյարդային համակարգը: Բարդություններից է բրոնխիտը, պնևմոնիան, էնցեֆալիտը:

Հետաքրքիր փաստեր

Կարմրուկը կարելի է բուժել А վիտամինով: Վաղուց ի վեր բժիշկները արձանագրել են այն փաստը, որ կարմրուկով հիվանդների մոտ այդ վիտամինի անբավարարություն է նկատվում: Ու մինչև բժշկությունը կսկսեր կարմրուկը հակաբիոտիկներով բուժել, կարմրուկի բուժման նպատակով կիրառվում էր А վիտամին:

Կարմրուկի դեմ պատվաստումը պաշտպանում է միայն 60%-ով, հետևաբար, եթե անգամ պատվաստված է երեխան, չի բացառվում, որ նա կվարակվի:

Տարօրինակ փաստեր են հայտնի կարմրուկի պատմությունից: Աֆրիկյան երեխաները, որոնք անգամ չեն էլ լսել, որ կարմրուկի դեմ պատվաստանյութ գոյություն ունի, հիվանդությունը շատ ավելի թեթև են տանում, իսկ հետևանքները գրեթե բացառված են:

Գիտնականներն ապացուցել են նաև, որ փսորիազով տառապող երեխաները կարմրուկից բուժվելուց հետո լրիվ մոռանում են փսորիազի գոյության մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: