Նախարար Ռոստոմյանն այցելեց Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոն
Նախարարն ու համակարգի ղեկավար կազմը հետևեցին կենտրոնի անձնակազմի ցուցադրական վարժանքին, շրջեցին ուսումնական ռազմաբազայում:
Համաձայն սցենարի՝ հակառակորդի հետ շփման ժամանակ հրթիռակոծվել են բնակավայրեր, որոնց հետևանքով փլատակների տակ են մնացել քաղաքացիներ, հրդեհվել է ավտոմեքենա: Անմիջապես արձագանքելով կատարվածին՝ ՔՊ ուժերը սկսեցին իրականացնել փրկարարական և ինժեներասակրավորային աշխատանքներ, փլատակների տակից դուրս բերեցին տուժածին, մարեցին ավտոմեքենայում բռնկված հրդեհը:
Նախարար Ռոստոմյանը եղավ նաև վերջերս կահավորված կրակային պատրաստության պարապմունքների հրաձգարանում, հետևեց մարտական հրաձգության վարմանը:
Այցի ավարտին նախարար Հ. Ռոստոմյանն ու ՓԾ տնօրեն, գնդապետ Ա. Նահապետյանը ՔՊ վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի անձնակազմի երկամսյա վերապատրաստման դասընթացներն ավարտելու կապակցությամբ հավաստագրեր հանձնեցին 24 ծառայողի, հաջող և արդյունավետ ծառայություն մաղթեցին:
Դասընթացները բարձր մակարդակով կազմակերպելու, վերապատրաստման դասընթացների ուսուցման գործընթացում ցուցաբերած մասնագիտական բարձր պատրաստվածության համար «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով պարգևատրեց ՀՀ ԱԻՆ ՓԾ ՔՊՎ մարտական պատրաստության և ուսուցման կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Արտակ Մարտիրոսյանը, իսկ պատվոգրերի արժանացան Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, ՔՊ վարչության աշխատակիցները:
Երկամսյա վերապատրաստման դասընթացների դասավանդման գործընթացում ակտիվ մասնակցության և ցուցաբերած մասնագիտական բարձր պատրաստվածության համար ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի պատվոգրով պարգևատրվեցին ՔՊ վարչության, Փրկարար ուժերի վարչության, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակիցները:
ՔՊ վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի և Մովսեսի ՀՕՊ խմբի ծառայողները խրախուսվեցին պատվոգրով՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքում օգոստոսի 5-ին տեղի ունեցած ավտովթարի տուժածներին օգնելու, ինչպես նաև ցուցաբերած բարձր պատրաստակամության համար: