Հայերեն   English   Русский  

​Սիրո մայրաքաղաքը՝ սգո մայրաքաղաք. Արևմուտքը նոր պատերազմի նախաշեմին


  
դիտումներ: 1557

2015 թ. հունվարի 7-ը պատմության մեջ կմնա որպես Եվրոպայի ամենաարյունալի էջերից մեկը: Ահաբեկիչների հարձակման թիրախում հայտնվեց եվրոպական ժողովրդավարությունը. փորձեցին լռեցնել փարիզյան երկարամյա ավանդույթներ ունեցող երգիծական մամուլը:

«Շառլ Էբդո» հանդեսը, որն իր ասելիքը ներկայացնում է ծաղրանկարների միջոցով, ի վերջո լցրեց իսլամիստ ահաբեկիչների համբերության բաժակը: Թերթը մեկ անգամ չէ, որ նախազգուշական հարձակումների էր ենթարկվել: Դեռևս 2006 թ., երբ հանդեսը հրապարակեց մի ծաղրանկար, որում պատկերված էր Մուհամեդ մարգարեն` սկանդալ հասունացավ:

2011-ին շաբաթաթերթի վրա կրկին հարձակում կատարվեց. անհայտ անձիք խմբագրության շենքի պատուհանից վառվող նյութ նետեցին: Այդ օրը լույս էր տեսել թերթի հատուկ համարը, որի խմբագիր էր հայտարարվել Մուհամեդ մարգարեն: Թերթի շապիկը զարդարող ծաղրանկարում Մուհամեդն էր՝ հետևյալ խոսքով. «Մտրակի 100 հարված, եթե ծիծաղից չմեռնեք»:

Շառլ Էբդո

Սակայն այդ ամենը չկանգնեցրեց թերթի հրատարակիչներին, և մեկ տարի անց՝ 2012-ին, նոր սկանդալ հասունացավ: Հրապարակվեց մահմեդականների ծաղրանկարով հերթական համարը, որը մինչ առավոտյան ժամը 9-ն արդեն վաճառված էր: Թերթի շապիկին պատկերված էր ուղղափառ հրեա, որը տանում է հաշմանդամի սայլակին նստած իմամին: Ծաղրանկարի վերևում գրված էր. «Անձեռնմխելիները-2»: Ծաղրանկարը նմանակում էր հաշմանդամի և նրա ուղեկցողի մասին ֆիլմը: Սակայն թերթի բովանդակությունը գերազանցեց շապիկը: Ներսում տպագրված էր Մուհամեդ մարգարեն՝ մերկ: Կայքի խմբագրությունն անմիջապես հաքերային հարձակման ենթարկվեց, իսկ ոստիկանությունը ստիպված էր խմբագրության շենքի մոտ անվտանգության միջոցառումներ ձեռնարկել: Իսլամական կայքերից մեկում թերթի գլխավոր խմբագրին բռնելու և գլխատելու կոչ հայտնվեց:

Մահմեդականների արձագանքն այնքան բուռն էր, որ Ֆրանսիան ստիպված եղավ փակել իր դեսպանատները մի քանի մահմեդական երկրներում: Որոշ ժամանակ անց սկանդալը մարեց:

Այս տարվա հունվարի 7-ին թերթում հրապարակվել էր հոդված Միշել Ուելբեքի «Հնազանդություն» վեպի մասին, որում հեղինակը գրում է Եվրոպայի հնարավոր իսլամացման և Ֆրանսիայի 2022 թ. նախագահական ընտրություններում մահմեդական թեկնածուի հաղթանակի մասին: Իսկ թերթի վերջին հրապարակումը թվիթերում մահմեդականին ծաղրող հերթական նկարն էր՝ «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի լուսանկարով:

Սա արդեն վերջին կաթիլն էր. ահաբեկիչ եղբայրները, ներխուժելով թերթի խմբագրություն, գնդակահարեցին տասը լրագրողների՝ այդ թվում և գլխավոր խմբագրին: Օրեր անց հայտնի դարձավ, որ հենց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հովանու ներքո էլ կատարվել է Փարիզի սպանդը:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությունը, որն ավելի ուշ իրեն վերանվանեց «Իսլամական պետություն», մեր օրերի ամեաակտիվ ահաբեկչական կազմակերպություններից է: Այն ստեղծվել է 2004-ին Աբու Բաքր ալ-Բաղդադի ղեկավարությամբ: Այն անասելի արագությամբ մեծ ազդեցություն է ձեռք բերում ահաբեկչական աշխարհում, իր կազմում է ներառել բոլոր մահմեդական պետությունները, այդ թվում նաև՝ «օկուպացված իսլամական տարածքները»՝ Իրանը և Իսրայելը: Կազմակերպության նպատակները շատ հեռահար են՝ Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական պետության ստեղծումը: Ավելին, վերջին շրջանում ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռվեց «Իսլամական պետության» հրատարակած նոր ամսագրի վրա, որի չորրորդ համարի շապիկին պատկերված էր «Իսլամական պետության» ծածանվող դրոշը Վատիկանի Ս. Պետրոսի տաճարի դիմաց գտնվող հուշասյան վրա: Բովանդակության մեջ թվարկված էին Արևմուտքին ուղղված սպառնալիքներ, այդ թվում՝ վրեժխնդրություն Խալիֆաթի նկատմամբ «խաչակրանց արշավանքի» համար: Մահմեդականներին ուղղված էր «սպանեք խաչակիրներին» կոչը:

2014 թ. հունիսին «Իսլամական պետություն» կազմակերպությունը, զգալի կորուստներ կրելով Սիրիայում և չկարողանալով հասնել իր գլխավոր նպատակին` Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալմանը, ներթափանցեց Իրաք: Նրա հարձակման թիրախում հայտնվեցին ոչ մահմեդական երեք էթնիկ խմբեր` հայերը, ասորիներն ու եզդիները: Հայերն ու ասորիները, որոնք համեմատաբար փոքր թիվ էին կազմում, կարողացան արագ լքել իրենց բնակավայրերը, իսկ եզդիական համայնքը դարձավ իսլամական արմատականների զոհը: Եզդիների նկատմամբ բացահայտ ցեղասպանություն իրագործվեց: Իսկ աշխարհը լռեց:

ԱՄՆ-ն, որն այսօր «Իսլամական պետությունն» իր թիվ մեկ թշնամին է համարում, հավանաբար մոռացել է, որ ժամանակին հենց ինքն էր զինում այդ կառույցին անդամագրված գրոհայիններին:

Ի դեպ, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ամենահարուստն է աշխարհի ահաբեկչական բոլոր խմբավորումների թվում: Կառույցի տարեկան եկամուտը կազմում է 2 մլրդ դոլար:

Շառլ Էբդո

Արևմուտքը սարսափի մեջ պահող ահաբեկչական խմբավորումներն օր օրի ավելի մեծ թափ են առնում՝ ընդլայնելով իրենց աշխարհագրությունը: Այսօր էլ Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքը շարունակվում է: ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նոր հարձակումների նախապատրաստման մասին: Գործակալությունը լսել է «Իսլամական պետության» առաջնորդների բանակցությունները, որից հայտնի է դարձել, որ նրանք քողարկված ահաբեկչական պատերազմ են հայտարարել Արևմուտքին, իսկ Փարիզն ընդամենը առաջին թիրախն էր:

Մինչդեռ, եթե վերլուծենք, կհասկանանք, որ ահաբեկչական այդ խմբավորումների ստեղծման և բարգավաճման պայմաները ստեղծել է նույն ինքը՝ Արևմուտքը:

Արևմուտքի թշնամիներ համարվող Մուբարաքը, Սադամ Հուսեյնը կամ Բաշար Ասադն այս խմբավորումների ծայրահեղական առաջնորդների կողքին պարզապես բարեպաշտ ազգային գործիչներ են: Համենայն դեպս, նրանք կանաչ լույս չեն վառել կրոնական արմատականության առաջ և չեն թողել, որ արմատականներն այսքան ընդլայնվեն: Ավելին, Արևմուտքի համար այդ ռեժիմները հուսալի գործընկերներ էին իսլամիզմի դեմ պայքարում: Այս միապետներն ամենևին դեմ չէին աշխարհիկ կրթությանը, ընդհակառակը` նրանք քաջալերում էին այն: Օրինակ` Սադամ Հուսեյնի ժամանակ գրագիտությունն Իրաքի բնակչության շրջանում կազմում էր 80 տոկոս:

Եվրոպացիներն այն ժամանակ հարգանք էին տածում Քադաֆիի նկատմամբ: Բայց երբ Քադաֆիի որդին հայտարարեց, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին պետք է վերադարձնի Լիբիային այն փողերը, որոնք գաղտնի կերպով ծախսվել են 2007-ին նրա նախընտրական քարոզարշավի ժամանակ, Քադաֆին ֆրանսիական իշխանությունների անձնական թշնամին դարձավ: 2012 թ. մարտին, երբ Լիբիայում քաղաքացիական պատերազմ էր, ֆրանսիական հատուկջոկատայիններն ու հետախույզներն ամեն ինչ արեցին, որ վերացնեն Լիբիայի առաջնորդին: Եվ այդպես ֆրանսիացիների ջանքերով երկրի մեծ մասն անցավ արմատական իսլամիստների ձեռքը:

Նման օրինակները շատ են:

Արևմտյան աշխարհի համար սպառնալիք դարձած «Իսլամական պետության» առաջնորդը 2003-ին գերեվարվել է ամերիկացիների կողմից, սակայն ազատ է արձակվել և ստեղծել իր կազմակերպությունը, որի ահռելի գումարները գալիս են Քաթարից՝ ԱՄՆ-ի գործընկեր պետությունից: Հիշենք, որ այդ կազմակերպության գրոհայիններն ամրակայվեցին Սիրիայում՝ պայքարելով սիրիական իշխանությունների և Բաշար Ասադի դեմ: Իսկ Ֆրանսիան ակտիվորեն աջակցում էր Սիրիայի ընդդիմադիրներին, որոնք այսօր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերն են անցել և պայքարում են հանուն համաշխարհային խալիֆայության ստեղծման:

Ապակայունացնելով Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան չէր էլ մտածում, որ այդ նույն ծայրահեղականները, որոնք եվրոպացիների ձեռքով պայքարում են իրենց իշխանությունների դեմ, մի օր էլ այդ զենքն ուղղելու են Եվրոպայի դեմ: Իսկ հազարավոր իսլամիստ-ծայրահեղականներ, լքելով իրենց ապակայուն երկրները, ապաստան են գտնելու ժողովրդավար ու հանդուրժող եվրոպացիների գրկում՝ իրենց հետ Եվրոպա բերելով նաև անսահման մաղձ ու ատելություն:

Ահաբեկչական կազմակերպություններ

Ահաբեկչական կազմակերպությունները մշտական հասցե և վայր չունեն, անընդհատ տեղաշարժվում են, քանի որ դրանց գլխավոր սկզբունքներից մեկը գաղտնիությունն է:

Ներկայացնենք մեր օրերի ամենահայտնի և վտանգավոր մի քանի ահաբեկչական կազմակերպություններ, նրանց նպատակն ու գործունեության թիրախները:

Աշխարհի ամենախոշոր ահաբեկչական գործողությունը մինչ օրս համարվում է 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը` Նյու Յորքի հայտնի երկնաքերների ավերումը: Այդ ահաբեկչությունն իրականացրեց «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը, որի առաջնորդը՝ Ուսամա բեն Լադենը, դարձավ սարսափի խորհրդանիշ, և նրա անունը թնդաց ողջ աշխարհում: Չնայած նա 2011 թ. ամերիկացի զինվորների իրականացրած հատուկ գործողությունների ժամանակ սպանվեց, նրա հիմնադրած կազմակերպությունը մինչ օրս գործում է և իր ազդեցությունն ունի ահաբեկչական այլ կազմակերպությունների շրջանում։

Այս պահին «Ալ-Քաիդան» գլխավորում է Այմանա ալ-Զավախարին՝ եգիպտացի բժիշկը, որի գլխի համար 25 մլն դոլար պարգև է նախատեսված:

Կազմակերպությունը մեծ մասամբ գործում է Մերձավոր Արևելքում, դրան հազարավոր ահաբեկիչներ են անդամակցում: Կազմակերպության տարեկան եկամուտը շուրջ 150 մլն դոլար է: «Ալ-Քաիդայի» կողմնակիցները ահաբեկչության և բռնության տարբեր մեթոդներով քարոզում են արմատական շարիաթ: «Շարիա» արաբերեն նշանակում է «ճշմարիտ ուղի, գործելակերպ»: Այն իսլամի կրոնական և իրավական նորմերի ժողովածու է, որը մշակվել է VII-XII դարերում Արաբական խալիֆայությունում: Շարիաթը քարոզում է հնազանդություն տերերին, համբերություն, հավատարմություն, մարդու կողմից մարդու շահագործում, այլակրոն ազգերի և ժողովուրդների նկատմամբ կրոնական ու ազգային թշնամանք, կնոջը՝ անվերապահ հնազանդություն տղամարդուն։

Փարիզի դեպքերից հետո «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկը գովեստի խոսքեր շռայլեց ահաբեկչություն իրականացրած համախոհներին՝ նրանց անվանելով ալլահի հավատարիմ զինյալներ, որոնք ֆրանսիացիներին հասկացրին, որ ազատ խոսքը սահմաններ ունի:

Ավելի ուշ «Ալ Քաիդան» հաստատեց իր մասնակցությունը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ զգուշացնելով, որ Ֆրանսիայում սպասվում են նոր ահաբեկչական հարձակումներ: «Դուք անվտանգ չեք լինի, քանի դեռ պայքարում եք ալլահի, նրա հետևորդների ու հավատացյալների դեմ»,-հայտարարեց կազմակերպության առաջնորդներից մեկը:

Աշխարհի ամենախոշոր ահաբեկչական խմբավորումներից է ՀԱՄԱՍ-ը, որը պաղեստինյան իսլամական հակասեմիթական կազմակերպություն է: Այս խմբավորման անդամները նեոնացիզմի ջատագովներ են: Նրանց գործունեության մեծ մասն ուղղված է Իսրայելի դեմ:

ՀԱՄԱՍ-ի ամենասարսափելի սովորույթներից է երեխաներին կենդանի վահանների տեղ օգտագործելը, ինչպես նաև մահապարտ-ահաբեկիչներ պատրաստելը: ՀԱՄԱՍ-ը համարվում է աշխարհի ամենամահաբեր խմբավորումներից մեկը, որի գործողությունների ժամանակ հազարավոր զոհեր են լինում:

Սակայն ՀԱՄԱՍ-ը մյուս ահաբեկչական կազմակերպություններից տարբերվում է նրանով, որ նաև կառավարական գործառույթներ ունի և ղեկավարում է Գազայի հատվածը: Նշենք, որ ՀԱՄԱՍ-ը հիմնվել է 1987 թ. Աբդել Ազիզ առ-Ռանտիսսիի և շեյխ Ահմեդ Յասինի կողմից: Վերջինս հայտարարում էր, որ ցանկացած հրեայի կարելի է համարել ռազմական օկուպանտ, ուստի իրենց պարտականությունն ու նպատակն է ազատագրել Պաղեստինը՝ գրավելով Իսրայելն ամբողջությամբ և հաստատելով պաղեստինյան իսլամական պետություն մինչև Հորդանան: Շեյխ Յասինը հայտարարել է նաև, որ հրեական գերիշխանության ազատագրումից հետո Պաղեստինը կդառնա արաբական և մահմեդական աշխարհի կենտրոնը։

ՀԱՄԱՍ-ն աշխարհի ամենահարուստ կազմակերպություններից մեկն է, որի տարեկան եկամուտը կազմում է շուրջ 1 միլիարդ դոլար:

«Թալիբան» շարժում: Թալիբները ահաբեկչական գործողություններ են իրականացնում շարիաթը տարածելու նպատակով: Խմբավորումը գործում է Աֆղանստանում և Պակիստանում: Թալիբների տարեկան եկամուտը 400 մլն դոլար է:

Թալիբները հայտնի են մարդու իրավունքների զանգվածային խախտումներով, խաղաղ բնակիչների սպանություններով: Կազմակերպության անդամների թիվն անցնում է 60 հազարը:

Շառլ Էբդո

Մեր օրերի ամենասարսափելի ահաբեկչական կազմակերպություններից է նաև «Բոկո Հարամը», որն իր գործունեությունը ծավալում է Նիգերիայում: Ահաբեկչական յուրաքանչյուր գործողության ժամանակ առնվազն 7 մարդ է սպանվում: «Բոկո Հարամ» նշանակում է «արևմտայն կրթությունն արգելվում է»: Այս կազմակերպության գլխավոր նպատակը Նիգերիայի ողջ տարածքում շարիաթի օրենքների հաստատումն է և արևմտյան ապրելակերպի վերացումը: «Բոկո Հարամն» իր զոհերին ընտրում է ըստ շարիաթից հեռացվածության աստիճանի: Հենց այս կազմակերպությունն է նախորդ տարվա հունիս ամսին 276 դպրոցականների առևանգման պատասխանատուն: Ահաբեկիչների առաջնորդը պաշտոնապես հայտարարել էր, որ գերության մեջ գտնվող դպրոցահասակ աղջիկները բռնությամբ իսլամ են ընդունում և ամուսնանում իրենց մարտիկների հետ, որպեսզի օգնեն նրանց հաստատելու շարիաթի օրենքները:

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ այս կազմակերպության կոտորածի զոհ դարձավ շուրջ 2 հազար նիգերիացի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: