Հայերեն   English   Русский  

Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կեռապատկվի


  
դիտումներ: 812

Կառավարությունն այսօր քննարկեց նախագիծ, ըստ որի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ծնված երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կեռապատկվի:

Ըստ դրա՝ նպաստի չափը գործող 50 հազար դրամից կդառնա 150 հազար դրամ:

«Ներկայացվող նախագծով առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերի տարբերակում մտցնել նաև երկրորդ երեխայի ծննդյան դեպքում: Առաջարկության հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին: Նախագիծն ընդունվելու դեպքում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Ըստ նրա՝ այս որոշումը որոշակի փոփոխություն կբերի ժողովրդագրության մեջ: «Այս փոփոխությամբ ուզում ենք հստակ հաղորդագրություն հղել մեր հասարակությանը, որ երկրորդ երեխայի ծնունդ իրականում ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար: Միտւոմները ցույց են տալիս, որ անհանգստանալու տեղիք կա: Ուզում եմ մեր ընտանիքներին կոչ անել, որ երկրորդ երեխայի ծնունդին վերաբերվել որպես պատասխանատու»,- նշեց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հարցրեց, թե ովքեր երկրորդ երեխա ունեն. «Սկզբունքորեն վատ չէ», - արձագանքեց վարչապետը՝ տեսնելով բավականին շատ բարձրացված ձեռքեր:

Վարչապետը հույս հայտնեց, որ այդ նպատակով բյուջեից հատկացվող գումարը չի հերիքի և տարվա կեսից գումարը կավելացվի:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյաննառաջարկեց զույգ երեխաների դեպքում այդ գումարը կրկնապատկել, ինչը կառավարության անդամների կողմից միաձայն ընդունվեց:

Քննարկումներից հետո Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հետաձգել նախագծի ընդունման հարցը ու ներկայացնել կառավարության հաջորդ նիստին, որպեսզի երկրորդ ու երրորդ երեխայի նպաստի սահմանաչափը հստակեցվի. «Մեզ հարկավոր է ծնելիության բում», - ասաց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: