Դեպի ավելի ուժեղ տնտեսություն. կայացած բիզնեսմենները կփորձեն աջակցել սկսնակներին՝ միայն թե աչքերում կրակ լինի
Մինչ հիմնադրամ հիմնելու գաղափարը նրանք արդեն երկար տարիներ հիմնել ու գործարկել են բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր, որոնք միտված են բիզնեսին հնարավորինս օգնելու, կայանալու հարցերում աջակցելու նպատակին: Մասնավորապես «Չոր մարքեթինգը», որպես մեկ ամբողջություն, իր մեջ ներառում է դասընթացների կազմակերպում, վճարովի ու անվճար սեմինարների անցկացում, համանուն ակումբը, որը համախմբում է տարբեր բիզնեսմենների, կազմակերպում է բիզնես տուրեր, հանդիպում-շփումներ, ստեղծում է իրար հետ կապ հաստատելու և այլ հնարավորություններ: Եվ այս ամենը ունի մեկ գերխնդիր՝ հնարավորինս օգնել բիզնեսներին ու բիզնեսմեններին: Այդ նույն տրամաբանության շարունակությունը եղավ «Չոր մարքեթինգ» հիմնադրամը ստեղծելու գաղափարը՝ «դեպի ուժեղ տնտեսություն» կարգախոսով:
«Մենք ունենք բավական մեծ կոնտակտային բազաներ՝ ընկերական, գործընկերային, ծանոթություններ և այլն, որոնք շատ բիզնեսների համար օգտակար կարող են լինել: Երբ մենք էինք սկսում մեր գործունեությունը, այդ ժամանակ կյանքում շատ բանի հասած մարդու մեկ-երկու խորհուրդն անգամ շատ մեծ արժեք ունեին մեզ համար ու շատ բան են փոխել մեր կյանքում: Հիմա ուզում ենք նույն կերպ այնպես անել, որ նոր բիզնես սկսածների համար էլ նման հնարավորություններ լինեն, որ նրանք կարողանան շփվել մեծ փորձ ունեցող մարդկանց հետ, նոր կապեր ձեռք բերեն, նոր հնարավորություններ ստանան, որոշակի ռեսուրսներ նրանց համար հասանելի լինեն»,- «Անկախի» հետ զրույցում ասաց հիմնադրամի համահիմնադիր Վահրամ Միրաքյանը:
Հիմնադրամի գործունեությունը, պայմանականորեն ասած, երկու ուղղություններից է բաղկացած լինելու: Առաջին՝ ֆինանսական աջակցություն, որը ենթադրում է դրամաշնորհային ծրագրեր: Այս դեպքում սկսնակ բիզնեսմեններին կտրամադրվի որոշակի գումար: Ընկերությունը միայն կպարտավորվի որոշակի ժամանակ հետո այդ գումարը՝ առանց որևէ ավելացումների, առանց որևէ լրացուցիչ ծախսերի, վերադարձնել, որպեսզի այն տրվի մեկ այլ սկսնակ բիզնեսի: Բայց բացի գումարից, այս հիմնադրամը աջակցության այլ ձևեր էլ է ունենալու: Օրինակ՝ սկսնակներին կտրամադրվեն տարբեր խորհրդատվություններ, լինելու է, օրինակ, գրասենյակային տարածքի տրամադրման աջակցություն, իրավաբանական, հաշվապահական և այլ կարգի ծառայությունների մատուցում և այլն, որոնց շնորհիվ սկսնակ գործարարը լուրջ աջակցություն կստանա:
«Ենթադրենք՝ մարդը ստանում է 1 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն, բայց կստանա նաև 9 միլիոն դրամի էլ այլ բնույթի աջակցություն՝ տարածքից սկսած և հաշվապահությունով վերջացրած: Նպատակն այն է, որ բիզնեսներն ուժեղանան, այն մարդը, որ ձգտում ունի, այն սկսնակը, որ ինչ-որ բան ուզում է ստեղծել, այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, փորձում է ինչ-որ բան անել, երազում է, ձգտում է, ապա շանս ունենա և կարողանա մեծանալ: Ես գիտեմ, որ շատ ու շատ բիզնեսներ չեն աճում զուտ իրենց աննպատակասլացության պատճառով, հետևաբար այդպիսի բիզնեսների հետ գործ չենք ուզում ունենալ, այլ փորձելու ենք աջակցել այն բիզնեսներին, որոնք հաստատ ուզում են առաջ գնալ, աճել ու զարգանալ: Նպատակասլաց բիզնեսներին ենք աջակցելու»,- շեշտեց հիմնադրամի համահիմնադիր Լիլիթ Թադևոսյանը:
Ընդ որում, հիմնադրամի հիմնադիրները չեն նախատեսում որևէ ֆինանսավորում հատկացնել միայն գաղափարի համար, շեշտում են, որ իրենց համոզմամբ՝ ամենապայծառ գաղափարը ոչինչ է, եթե դրա իրականացման համար որևէ քայլ չի կատարվում: Այս առումով Վահրամ Միրաքյանը նշում է, որ իրենց հիմնադրամի աջակցությունը ստանալու համար բիզնեսներն արդեն պետք է որոշակի պրոդուկտ ունենան, որոնք արդեն փորձարկել են շուկայում, որոշակի քայլեր են իրականացրել, որոշակի պատկերացումներ ունեն իրենց գործունեության ոլորտից և այլն: Իսկ այն դիտարկմանն ի պատասխան, թե շատ բիզնեսներ չեն ձեռնարկվում հենց ֆինանսի բացակայության պատճառաբանությամբ, նա ընդգծում է՝ բիզնեսը չի կարող չսկսվել զուտ ֆինանսի բացակայության պատճառով, որովհետև բիզնես սկսելու համար ռեսուրսներ պետք են, բայց պարտադիր չէ, որ այդ ռեսուրսը ֆինանս լինի: Եթե ռեսուրս է, ապա այն կարող է լինել գիտական, այլոց փորձի, խորհրդատվության, ծառայությունների և այլ ձևով:
«Երբ ինձ ասում են՝ բիզնես կարելի՞ է սկսել առանց ֆինանսների, ասում եմ՝ այո, առանց ֆինանսի հնարավոր է, իսկ առանց ռեսուրսի՝ ոչ: Հետևաբար այն մարդը, որ նստած սպասում է ֆինանսների, իմ կարծիքով, այնքան էլ գործարար չէ, քանի որ գործարարը չի նստում ու սպասում, այլ ձեռնարկում է քայլեր՝ սկսած ուսումնասիրությունից և վերջացրած ֆինանսներ հայթայթելու ուղիների փնտրտուքով»,- ասաց Վահրամ Միրաքյանը:
Այս ձեռնարկի նախաձեռնողներն արդեն սկսել են հիմնադրամի գործունեության համար անհրաժեշտ գումարների հավաքումը: Այլ գործունեությունից՝ տարբեր սեմինարներից, տարբեր միջոցառումներից առաջացած գումարները, շահույթը, երբեմն՝ ամբողջությամբ, երբեմն՝ մասամբ, ուղղվելու են հիմնադրամի գործունեությանը:
«Առաջիկայում, օրինակ, ունենք մի վճարովի սեմինար, որի ամբողջ գումարը փոխանցվելու է հիմնադրամին: Չեմ կարծում, թե մեծ գումար լինի, բայց կարծում եմ, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում որոշակի գումարներ կհավաքվեն ու արդեն հնարավոր կլինի «Չոր Մարքեթինգ» հիմնադրամի պրեզենտացիան կազմակերպել, իսկ դրանից հետո արդեն կսկսվեն աջակցության ծրագրերը»,- նշեց Լիլիթ Թադևոսյանը:
Նա տեղեկացրեց, որ դեռ վերջնական որոշում չկա, բայց խիստ նախնական մտահղացմամբ՝ յուրաքանչյուր շահառուի կտրամադրվի 10-20 միլիոն դրամի աջակցություն, մի մասը դրամաշնորհի, մյուս մասը՝ աջակցության այլ տարբերակներով: Հիմնադիրների, այսպես ասած, շահը, ուժեղ տնտեսություն ունենալն է: Այն կտա լավ միջավայր, կտա շատ աշխատատեղեր, կտա վճարունակ շուկա, ուժեղ տնտեսություն և ուժեղ երկիր: «Պետք չէ ամեն ինչ անձնական շահի տեսանկյունից դիտարկել»,- նշում է Վահրամ Միրաքյանը՝ շեշտելով, որ բացի անձնական շահից, կա նաև հանրային պատասխանատվություն և հանրային շահ, որը ևս շատ կարևոր է: Ու շահառուներն էլ ընտրվելու են այն սկզբունքով, որ նրանց ստեղծած պրոդուկտը՝ ապրանքը կամ ծառայությունը, լինի ավելի մեծ շուկային միտված:
«Առաջնահերթություն ենք տալու գլոբալացման միտում ունեցող բիզնեսներին: Մենք չենք ուզում ստեղծել հերթական բարեգործական հիմնադրամը, այլ փորձելու ենք աջակցություն ցուցաբերել պոտենցիալ ունեցող բիզնեսներին, ուժի պոտենցիալ ունեցող ձեռնարկներին, նպատակասլաց գործունեությանը: Որովհետև աջակցությունը միշտ չէ, որ դրական է ազդում շահառուի վրա, ազդում է նրանց վրա, որոնք պոտենցիալ ունեն, որոնք ձգտում ու տեսլական ունեն, որոնց աչքերում, այսպես ասած, կրակ կա»,- ասաց Վահրամ Միրաքյանը:
Կարևոր է, թե ովքեր պետք է ընտրեն շահառուներին: Համահիմնադիրները հայտնեցին, որ հոգաբարձուները կլինեն կայացած բիզնեսմեններ, որոնք կկարողանան իրենց փորձով ճիշտ հասկանալ ու գնահատել բիզնեսի հեռանկարները, բացահայտել պոտենցիալը: Գլխավոր խնդիրն էլ հենց այն մարդկանց, որոնք ունեն տեսլական ու ցանկություն, աճելու և զարգանալու մի քիչ ավեի մեծ շանս տալն է, քան ունեին մինչ այդ: Մի խոսքով՝ ամեն ինչ՝ «դեպի ուժեղ տնտեսություն» կարգախոսին համապատասխան: Համահիմնադիրներն ընդգծում են՝ սկզբում մի քանի բիզնեսի կօգնեն, հետո՝ կարողությունների մեծացմանը զուգահեռ, ավելի շատ թվով բիզնեսների, ու այսպես շարունակ: