Հայերեն   English   Русский  

​Եզակի կաշվե իրեր ստեղծողը վստահ է՝ պետք է արժեք ստեղծել


  
դիտումներ: 5298

Նկարիչ Գևորգ Պողոսյանի ազգականներից, ընկերներից, մտերիմներից, առհասարակ շրջապատից ոչ ոք չի զբաղվել կաշեգործությամբ:

Իսկ Գևորգը որոշեց զբաղվել կաշվե ձեռագործ իրերի պատրաստմամբ, քանի որ, ինչպես ինքն է ասում, հանկարծ հասկանում ես, թե իրականում ինչով ես ուզում զբաղվել ու զբաղվում ես: Նա արդեն 2-3 տարի է, ինչ ստեղծել է «Բեզոար Իբեքս» ապրանքանիշն ու զբաղվում է դրվագված կաշվե իրեր՝ պայուսակներ, գոտիներ, դրամապանակներ ու այլ աքսեսուարներ պատրաստելով:

«Ճիշտն ասած՝ ինձ հենց սկզբից ավելի շատ նյութը հետաքրքրեց, այն զգացողությունը, որ դու կենդանի օրգանի հետ գործ ունես: Դրա հետ աշխատանքը, շփումը ուրիշ է: Օրինակ՝ մետաղի կամ քարի հետ շփումը փոքր-ինչ այլ է, դրանք կենդանի նյութ չեն, իհարկե էլի աշխատանք ես կատարում, հղկում ես, արվեստի գործ ես դարձնում այդ նյութերն ու դրանք շունչ են առնում: Իսկ այս դեպքում դու ի սկզբանե աշխատում ես օրգանական՝ շնչող նյութի հետ,- նշում է Գևորգ Պողոսյանը և հավելում, որ «Բեզոար Իբեքսը» ստեղծվեց որպես հոբբի, սիրելի աշխատանք, ապա շարունակում է:- Արդեն մոտ 15 տարի էր, ինչ ես զբաղվում էի գրաֆիկայով: Տեսե՛ք, նկարչի աշխատանքն այնպիսին է, որ նյութերի հետ գործ ունի՝ ներկերի հետ, կտավի հետ, վրձնի հետ, ներկի հոտն ես զգում, վրադ է քսվում, կտավն ես շոշափում… Զգացողությունները բոլորովին ուրիշ են: Բայց երբ համակարգչով ես աշխատում, վիրտուալ կյանքի մեջ ես ստեղծագործում՝ ո՛չ կարող ես շփվել նյութի հետ, ո՛չ հոտ կառնես, ոչինչ չես զգում: Ու կաշեգործությունն ընտրելը, ճիշտն ասած, բողոքի պես բան էր: Վերջին 5-6 տարին իմ մեջ արդեն ներքին բողոք կար, որ ես ոչինչ չէի ստեղծում, ինչի հետ կարող էի շփվել: Շատ կարևոր պահ էր, ու ես անընդհատ մտածում էի, թե ինչ անեմ: Արծաթագործ ընկեր ունեի, ու մի օր ասացի՝ ինձ սովորեցրու արծաթագործությունը, որ տեսնեմ՝ իմն է, թե ոչ: Մի պահ գնացի, սկսեցի աշխատել, մոմերից կաղապարներ ձուլել և այլն, բայց հասկացա, որ դա էլ իմը չէ: Քանդակագործ՝ խաչքարեր պատրաստող ընկեր էլ ունեմ, իրենից էլ կարող էի շատ բան սովորել, բայց էլի մի քանի անգամ գնացի, զգացի, որ դարձյալ իմը չէ: Ոչ թե չէր ստացվում, այլ հոգեհարազատություն չզգացի: Կաշին ընտրեցի պատահաբար: Կինս պայուսակներ էր պատրաստում գործվածքից, ու պահի տակ միտք առաջացավ, որ արժի փորձել դրանք կաշվով պատրաստել: Այդպես էլ սկսեցի»:

Բեզոար Իբեքս

Շրջապատում շատերը տեսան և ուզեցին Գևորգի պատրաստած դրվագված կաշվից պայուսակներն ու աքսեսուարները: Իհարկե, դա շատ լուրջ աշխատանք է, քանի որ հասարակ կաշի չի կիրառվում, այլ բուսական դաբաղում ստացած: Որովհետև քիմիական եղանակով դաբաղված կաշին շատ դժվար է, գրեթե անհնար է դրվագել: Ու նման բարձրակարգ որակի կաշվին գումարվում է Գևորգ Պողոսյանի հեղինակային՝ յուրահատուկ ու եզակի ձեռքի աշխատանքը: Ու ստեղծվում են իսկական արվեստի գործեր: Մի խոսքով, դա բավականին հետաքրքիր, թանկարժեք ու գեղեցիկ ստեղծագործական աշխատանք է: Ու առաջին մի քանի օրինակներն էլ Գևորգը պատրաստեց հարազատների՝ կնոջ, մոր համար: Բայց երբ մարդիկ տեսան նրա աշխատանքն ու ցանկություն հայտնեցին ունենալ նման պայուսակներ, նա որոշեց, որ կարելի է նաև դրանով զբաղվել և 2016 թվականին ստեղծեց «Բեզոար Իբեքսը»:

Այդպես դրվեց մի նոր հոբբի-բիզնեսի պատմության հիմքը: Գևորգ Պողոսյանի գործը դեռ վերջնական բիզնեսի չի վերածվել, դեռ տնայնագործություն է, բայց Գևորգն ու կինն արդեն սկսել են վինտաժային գործեր անել՝ դարձյալ սեփական դիզայներական լուծումներով, որոնք խոստանում են վերածվել ավելի լայն արտադրության: Երբ այս գործունեությունը վերածվի արտադրական պրոցեսի ու վաճառքի ծավալները մեծանան, ինչպես խոստանում է մեր զրուցակիցը, կսկսի ավելի մատչելի ու ավելի լայն զանգվածների համար հասանելի դարձնել իրենց ստեղծած ինքնատիպ գործերը:

«Ես աշխատում եմ առավելագույն որակ պահպանել, մաքուր աշխատել, ամեն ինչ անել բարձր մակարդակով: Ինչ հնարավոր է այսօր անել, մենք ապահովում ենք: Այնպես որ երբ մեզնից մեկ-մեկ հարցնում են, թե որքան երաշխիք կտանք, վստահաբար ասում եմ՝ 100 տարի: Ես այդքան վստահ եմ մեր ստեղծածի որակի վրա»,- նշում է Գևորգ Պողոսյանը:

Բեզոար Իբեքս

Նա իր այս գործը սկսել է շատ փոքր ներդրումներից: Առաջին անգամ գնեց կաշի՝ առանց յուրահատկությունները իմանալու, փչացրեց այն, ու այդպես կամաց-կամաց կաշվի հետ աշխատանքի առանձնահատկություններն ու նրբությունները բացահայտելով՝ զարգացրեց իր աշխատանքը:

«Առաջին անգամ ես ամբողջական մեծ կաշի էի գնել, որը մոտ 25-30 հազար դրամ արժեր, բայց քիմիական դաբաղում ստացած կաշի էր: Այդ ամբողջ կաշին, կարելի է ասել, փչացրի: Հետո սկսեցի ուսումնասիրել, թե ինչ կաշի է ինձ պետք: Պատահական գտա ինձ անհրաժեշտ կաշին, գնեցի, եթե չեմ սխալվում, գինը մոտ 35 հազար դրամ էր: Դրանից 3-4 պայուսակ ստացվեց, վաճառեցի ու գոյացած գումարով արդեն մի քանի հատ կաշի գնեցի: Այդպես էլ սկսեցի աշխատել: Սկզբնական ներդրումս հենց դա կարելի է համարել, և կարելի է ասել, որ մեծ ներդրումներ չեն պահանջվել՝ 20-30 հազար դրամից եմ սկսել: Իսկ գործիքների մեծ մասը ես ինքս եմ պատրաստում»,- պատմեց «Բեզոարի» հեղինակ-հիմնադիրը:

Նրա պատրաստած բոլոր իրերը վաճառվել են, իսկ Գևորգն իր աշխատանքից իսկապես հաճույք է ստանում: Նա վստահեցնում է, որ եթե ինչ-որ բան անում ես սիրով ու նվիրումով` անպայման գնահատվում է մարդկանց կողմից: Իսկ ձեռներեցը, ըստ նրա, յուրահատուկ բնավորության գծեր պետք է ունենա, պետք է մարդկանց հետ շփվող լինի, ակտիվ լինի, միշտ նորանոր կապեր փորձի հաստատել, կարողանա իր ստեղծածը, իր ապրանքը կամ ծառայությունը ճիշտ ներկայացնել: Բայց ամեն դեպքում պետք է ստեղծածդ իրենից արժեք ներկայացնի, քանի որ մարդիկ միշտ էլ ուզում են արժեք ձեռք բերել:

Բեզոար Իբեքս

Բեզոար Իբեքս

«Հենց սկզբից էլ ինձ համար թիվ մեկ նպատակն արժեք ստեղծելն է եղել: Իմ գործերին եթե նայեք` արվեստի գործ են, չեն կրկնվում, յուրահատուկ են, եզակի են ու արժեքավոր են: Ամեն դեպքում մարդը պետք է ստեղծող լինի, անընդհատ պրպտի, նորը փնտրի, ստեղծագործի»,- եզրափակեց «Բեզոարը» ստեղծողը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: