Նախկին դաշնակից, ներկա մրցակից․ Զարուհի և Րաֆֆի
Ի՞նչ վերաբերմունք ունեն այսօր միմյանց նկատմամբ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը։ Արդյոք կպատկերացնեի՞ն, որ մի օր հայտնվելու են մրցակիցների կարգավիճակում։
Պարզվում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ի դեմս Զարուհու տեսնում է ոչ այնքան մրցակցի, որքան նվիրյալ քաղաքացու․ «Ժամանակին մեզ մոտ հավաքվել, կրթվել ու ճանապարհ են անցել նվիրյալ քաղաքացիներ, որոնցից մեկն էլ Զարուհին էր իր յուրահատուկ հատկանիշներով։ Ես սիրում ու հարգում եմ Զարուհուն։ Նրա մեջ գնահատում եմ շիտակախոսությունն ու սկզբունքայնությունը։ Նրա մեջ տեսնում եմ շատ համարձակ ու շատ քաջ քաղաքացի և հույս ունեմ, որ նա կշարունակի իր ծառայությունը մեր ժողովրդին»։
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ ով էլ դառնա Երևանի քաղաքապետ, իրենք ընդունելու և ընկալելու են։ Նա բոլոր գործընկերներին, մրցակիցներին, այդ թվում և Զարուհուն մաղթում է ամենայն բարիք՝ նշելով, որ իրենք միշտ դրականն են խոսելու և միշտ լավն են տեսնելու գործընկերների մեջ։
Ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի շռայլ խոսքերին իր հասցեին, Փոստանջյանն ասաց․ «Կարող եմ միայն ասել, որ այն ճանապարհը, որը ես անցել եմ, շատ գնահատում եմ։ Դա իմ կյանքի ամենահրաշալի ճանապարհն է եղել և հրաշալի պատմությունը, բայց դա արդեն անցյալում է և ավարտված պատմություն»։
Փոստանջյանը խոստովանեց, որ երբևէ չէր պատկերացնի, թե մի օր ինքն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվելու են մրցակիցների կարգավիճակում։ Միաժամանակ նա զերծ մնաց նախկին գործընկերոջ ու ներկա մրցակցի հասցեին գնահատականներ հնչեցնելուց՝ նշելով, որ այլևս անտարբեր է անցյալի նկատմամբ։
Ինչ վերաբերում է հետագա համագործակցությանը, Փոստանջյանն ասաց, որ ցանկացած գործողության դեպքում, որն ուղղված է լինելու ի շահ երևանցիներին, պատրաստ են համագործակցել «Ժառանգության» հետ։