Հայերեն   English   Русский  

​Մերկելը Ռուսաստանին մեղադրել է հետխորհրդային երկրներում իրավիճակի ապակայունացման մեջ


  
դիտումներ: 1007

Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակը Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը Լատվիայում տեղակայված գերմանացի զինծառայողների առջև ելույթ ունենալիս:

«Մենք տեսնում ենք, որ գրեթե բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները, որոնք Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի մաս չեն կազմում, բախվում են Ռուսաստանի կողմից ստեղծված ներքին հակամարտություններին: Այսօր այդ բոլոր պետությունները զբաղված են իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործով, քանի որ Ռուսաստանը կամ նրանց տարածքները մասնատել է, կամ էլ այնտեղ հակամարտությունների առաջացման պատճառ է հանդիսացել», - ասել է Անգելա Մերկելը: Որպես օրինակ նա նշել է է Ուկրաինային, Վրաստանին, Հայաստանին, Մոլդովային և Ադրբեջանին:

Գերմանիայի կանցլերը հավելել է, որ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Բալթյան երկրներում տեղակայված Բունդեսվերի ստորաբաժանումների առկայությունն անհարժեշտ է հիբրիդային պատերազմները զսպելու համար: Ըստ նրա՝ նման պատերազմներից են նաև կիբերհարձակումները:

Բալթյան երկրներում և Լեհաստանում ռոտացիոն հիմունքներով ներկայումս տեղակայված են ՆԱՏՕ-ի ավելի քան 4.500 զինվորականներ և սպաներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: