Հայերեն   English   Русский  

Մինսկի խմբի ձևաչափը եղել և մնում է ամենագործնականն ու ամենաարդյունավետը. Զ. Մնացականյան


  
դիտումներ: 542

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել «Իրականում» հաղորդմանը: Անդրադարձ է կատարվել Արցախյան հիմնախնդրին:

Ներկայացնում ենք այդ հատվածը.

-Պարո՛ն նախարար, Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին բազմիցս է խոսվում փաստերով, օրերս էլ Վարշավայում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովը նվիրված էր այս հարցին։ Հայաստանում և Ադրբեջանում ժողովրդավարության վիճակն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծման վրա։

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանում և Արցախում մենք ընտրել ենք պետություն կառուցելու մի ուղի, որտեղ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը մեր պետականության կառուցման հիմքն են: Ղարաբաղյան հիմնախնդիրը մեզ՝ Հայաստանի համար, Արցախի համար վերաբերում է մարդուն, վերաբերում է Արցախի հարյուր հիսուն հազար բնակիչներին՝ մեր հայրենակիցներին, ում անվտանգության և գոյության համար առկա է հստակ սպառնալիք: Այն պայմաններում, երբ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ շարունակվում է այլատյացության, ատելության սերմանումը, չենք պատկերացնում, թե ինչպես է հնարավոր խոսել իրավունքի մասին...

Հարց․ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու կարիք տեսնու՞մ եք:

Զոհրաբ Մնացականյան. Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ամենագործնական, ամենաարդյունավետ ձևաչափը, որի շրջանակներում տեղի է ունենում բանակցային գործընթացը: Ձևաչափի որևէ փոփոխություն որևէ ադյունք չի ունենալու: Մենք բնականաբար դեմ ենք լինելու դրան:

Հարց. Իսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու հարցը քննարկվում էր դեռ ութ ամիս առաջ: Այստեղ որևէ առաջընթաց ունե՞նք:

Զոհրաբ Մնացականյան. Դժբախտաբար Ադրբեջանը շարունակում է արգելափակել այս հարցը: Բայց ես ավելի կընդհանրացնեի այս հարցը, քանի որ այն ոչ միայն դրան է վերաբերում, այլև ընդհանրապես խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանը, վերացնելուն բոլոր վտանգները, որոնք կարող են բերել լարվածության աճին: Սա ավելի համապարփակ հարց է, իր մեջ պարունակում է բազմաթիվ ենթահարցեր, որոնցից մեկն է անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման հարցը: Մենք շարունակելու ենք այս հարցի շուրջ աշխատել:

Հարց. Հայաստանը բանակցային գործընթացին Արցախի մասնակցության վերաբերյալ ունի հստակ դիրքորոշում, որը վարչապետը բազմիցս բարձրաձայնել է: Դուք օրեր առաջ եք վերադարձել Արցախից: Արցախն է՞լ է համաձայն, որ առանց իր մասնակցության չպիտի լինեն բանակցություններ:

Զոհրաբ Մնացականյան. Արցախն արտահայտվել է այդ հարցի վերաբերյալ: Սա նորություն չէ: Իրականում այն, որ Արցախն ունի որոշիչ ձայն այս գործընթացում, արտահայտվել է բազմիցս, և դա իրողություն է: Արցախի որոշիչ ձայնի կիրառելիությունն ապահովելու համար մենք շարունակելու ենք աշխատել այս հարցի շուրջ: Հստակ է, որ առանց Արցախի որոշումների որևէ տևական կայուն լուծում ենթադրելն ու պատկերացնելն անհնար է:

Հարց․ Կարո՞ղ ենք ենթադրել, որ քանի դեռ Արցախի մասնակցության հարցը հստակ չէ, բանակցությունները կանգ են առնում։

Զոհրաբ Մնացականյան. Ոչ, չի կարելի այդպես ասել, որովհետև մենք շարունակում ենք մնալ կառուցողական: Հայաստանը շարունակելու է կառուցողական աշխատել խաղաղ բանակցությունների գործընթացի շրջանակներում, և աշխատել բոլոր այս հարցերի շուրջ, որովհետև բանակցությունների միջոցով է, որ մենք կարող ենք լուծումներ տալ։

Հարց. ՄԱԿ-ում հանդիպելո՞ւ եք Մամեդյարովի հետ:

Զորհաբ Մնացականյան. Մոտ ժամանակներս մենք համաձայնեցված ձևով կհայտարարենք այդ մասին:

Հարց. Հանդիպման ժամկետը դեռ հստակ չէ՞:

Զոհրաբ Մնացականյան. Ես փորձում եմ կոռեկտ լինել, մենք ունենք հայտարարելու համաձայնեցված պահը և շուտով այդ մասին կհայտարարենք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: