Հայերեն   English   Русский  

Իսրայելում հակառուսական «հիստերիա» է սկսվել. Արմեն Պետրոսյան


  
դիտումներ: 387

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ինչպես և կանխատեսվում էր՝ Իսրայելում հակառուսական «հիստերիա» է սկսվել

Սեպտեմբերի 17-ի գիշերը Սիրիայում ռուսական հետախուզական ինքնաթիռի խոցման միջադեպից, դրա հետևանքով տեղ գտած ռուս-իսրայելական լարվածությունից, «զեկույցային մրցակցությունից» և հատկապես Մոսկվայի կողմից Սիրիային С-300 ՀՕՊ համակարգեր տրամադրելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո իսրայելական մեդիահարթակում իսկական հակառուսական «հիստերիա» է սկսվել:

Այս իրավիճակն ավելի է սրվել հատկապես սեպտեմբերի 24-ին կայացած Նեթանյահու-Պուտին հեռախոսազրույցից հետո, երբ ՌԴ նախագահին վերոնշյալ որոշումից հրաժարվելու հարցում Իսրայելի վարչապետի գործադրած բոլոր ջանքերն ի զուր են անցել: Պուտինը ոչ միայն իր կողմից ևս պնդել է ՌԴ ՊՆ-ի ներկայացրած զեկույցի իրավացիության ուղղությամբ, այլև հերթական անգամ նախազգուշացրել՝ Սիրիայի օդային տարածքում այսուհետ կատարելապես նոր պաշտպանական ռեժիմի սահմանման մասին, որի նպատակն Արաբական Հանրապետությունում ծառայող ռուս զինծառայողների անվտանգության ապահովումն է արտաքին մարտահրավերներից:

Վերոնշյալի համատեքստում ռուս-իսրայելական «հրթիռային ճգնաժամի» պայմաններում Թել Ավիվն առավելապես անհանգստանում է Սիրիայում Իրանի հնարավոր ակտիվացումից, որը, բնականաբար, կանխատեսելի է հատկապես Իսլամական հանրապետության Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, քանի որ, կասկածից վեր է՝ նշված բռնարարքն արտաքին դավադրություն է, որը համարվում է հակաիրանական արտաքին արշավի գործողությունների շղթայի օղակներից մեկը... իսկ Թեհրանում շատ լավ գիտեն դրա մասնակիցներին»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: