Հայերեն   English   Русский  

​Հայկական բուժիչ միջոցների ստեղծողը ներկայացնում է իր հաջողության բանաձևը


  
դիտումներ: 12809

Մի բան է, երբ մարդը փորձում է արտադրել կամ ստանալ արդյունք, որն իրենից առաջ արդեն ստացել են, բոլորովին այլ բան, երբ մարդ փորձում է զրոյից ստեղծել ինչ-որ նոր բան: Այս դեպքում չգիտես` դա կստացվի՞, թե՞ ոչ, ընդհանրապես հնարավո՞ր է ստանալ այն, ինչ ուզում ես: Հասկանալի չէ՝ շուկան այն կընդունի՞, թե՞ ոչ: Բացի այդ, ստիպված ես լինում հազար անգամ սխալվել, հազար անգամ ձախողվել, հազար անգամ հիասթափվել ու ինքդ քեզ հետ կռիվ տալով` առաջ գնալ մինչև առաջին արդյունքը՝ հաջողված արդյունքը:

Օրերս համացանցում պատահաբար ծանոթացանք հայկական ևս մի հետաքրքիր արտադրանքի՝ «Հելթի Ֆարմի» դոշաբներին ու կոնի մեղրին: Դա միանգամից ուշադրություն գրավեց իր գեղեցիկ դիզայնով ու մեկնաբանություններում արտահայտված դրական կարծիքներով: Որոշեցինք հանդիպել արտադրողին: Հանդիպման առաջին իսկ րոպեներից հասկացանք՝ շատ հետաքրքիր պատմություն է մեզ սպասում:

«Հելթի Ֆարմը» հիմնադրել է մասնագիտությամբ դեղագետ Գոռ Վերմիշյանը. սերտիֆիկատներով` 2015 թ., իսկ իրական աշխատանքները, հետազոտությունները, նախապատրաստական աշխատանքները սկսել է դեռևս 2014-ին: Հիմա նա իր ստեղծած ընկերության հիմնադիրն ու ֆինանսական տնօրենն է, իսկ ընկերությունը ունի դեղատներ, կակաոյի յուղերի, բնական խոտաբույսերով առողջարար թեյերի և, ինչպես նշեցինք, արդեն նաև դոշաբի ու կոնի մեղրի արտադրություն: Արտադրության պատմությունն էլ սկսվել է դեղաբույսերով կակաոյի յուղերի արտադրությամբ:

«Այն բավականին էֆեկտիվ սննդային հավելում է, այդ միտքը ծագեց նրանից, որ մի նյութ կա, կոչվում է գլիցերիզինաթթու, որը բավականին ուժեղ հակավիրուսային նյութ է: Ընկերս փնտրում էր այդ նյութը: Այդ ժամանակ ես իմացա, որ այն բավականին էֆեկտիվ է պապիլոմա վիրուսների դեմ, կարդացի, ինքս մասնագիտությամբ դեղագետ եմ, մի քիչ էլ այդ նյութի մեջ խորացա ու հասկացա, որ պապիլոմա վիրուսների խումբը նաև գրիպի ու հերպես վիրուսների խումբ է, դրանք ընդհանուր մի մեծ ընտանիքի մեջ են և գլիցերիզինաթթուն այդ բոլորի դեմ ակտիվ է: Մի քիչ էլ որ զբաղվեցի, իմ ուսանողական գիտելիքներն օգտագործեցի ու մի օր պարզեցի, որ այդ նյութը կա մատուտակ բույսի արմատներում: Դրա մասին սովորել էինք, բայց մոռացել էինք, իսկ ավելի ճիշտ՝ ուսանողական տարիներին մտածել էինք, որ երբևիցե պետք չի գալու,- «Անկախի» հետ զրույցում ժպտալով հիշում է Գոռ Վերմիշյանն ու ավելացնում:- Չկա մի բան, որ սովորել ես, ու դա անպետք է, ամեն ինչն էլ օգտակար ու պիտանի է ինչ-որ հարցում, ու պետք չէ կրթության մեջ ինչ-որ բանի կամ գիտելիքի անլուրջ նայել: Հետո միտք ծագեց, որ եթե մարդիկ կակաոյի յուղ են օգտագործում հազի դեմ, որպես ընդունված բնական միջոց, ինչո՞ւ չի կարելի խառնել այդ երկուսն ու ստանալ ավելի արդյունավետ միջոց: Երբ պատրաստեցինք այդ խառնուրդը, կակաոյի յուղի հետ խառնեցինք, բնականաբար առաջինը մեզ վրա փորձարկեցինք ու հասկացանք, որ այն շատ լավն է, բայց շատ վատ համ ունի: Այդպես միտք առաջացավ, որ կարելի է ստացած արդյունքի համը բարելավել կամ շտկել այլ բույսերով, ու մեր ստացած պրոդուկտին հավելեցինք նաև այլ ակտիվ միջոցներ՝ ուրց ու էվկալիպտ՝ նիվենի, որից հետո այն դարձավ հրաշալի արտադրանք՝ փոքրիկ կոնֆետի նման խորանարդիկներ, որ մարդիկ հազի ժամանակ օգտագործում են, ու այն բավականին արագ ազդում է կոկորդային նոր սկսվող պրոբլեմների վրա և բավականին էժան է»:

Մի քանի ամիս պահանջվեց առաջին պրոդուկտը ստանալուց հետո, որ մտերիմ-հարազատ-ընկերների շրջանում հասկանային՝ արձագանքը դրական է ու կարելի է նաև այն բիզնեսի վերածել: Որովհետև, նշում է մեր զրուցակիցը, եթե ինքն իր ստեղծած միջոցը տալիս է մեկին, ու դա այդ մարդուն օգնում է, հետո տվյալ անձը զանգահարում ու էլի է ուզում, շատերն են արդեն ուզում և պատրաստ են նման միջոց գնել, ապա ինչո՞ւ չզբաղվել դրա արտադրությամբ ու վաճառքով:

Սկզբում մի որոշակի խմբաքանակ պատրաստեց ու ներկայացրեց ստանդարտների կենտրոն՝ լաբորատոր փորձաքննության, որպեսզի հասկանալի լինի՝ հնարավո՞ր է այն ստանդարտացնել: Այդ ժամանակ արդեն ունեին դեղատուն, ու ոչ մեծ ծախսով հիմնեցին փոքրիկ արտադրամաս: Մենակ էլ սկսեց իր ստեղծած միջոցների արտադրությունը: Կակաոյի յուղերի արտադրությունը հիմնելուց 2-3 տարի հետո արդեն միտք է առաջանում, որ անպայման պետք է թեյերի արտադրությամբ էլ զբաղվի՝ դեղաբույսերով պատրաստված բուժիչ դեղերի, ու այդ մի արտադրությունն էլ սկսեց: Ներկայումս «Հելթի Ֆարմը» արտադրում է 4 տեսակի կակաոյի յուղեր, 8 տեսակի թեյեր, դոշաբ ու կոների մեղրը, ծրագրում են ունենալ նաև չիչխանի մածուկ. բոլորն էլ առողջությանը նպաստող ու բուժիչ. Ընկերության կարգախոսն էլ՝ «Եկե՛ք մտածենք առողջության մասին», հուշում է նրա գործունեության ամբողջ տրամաբանության ու փիլիսոփայության մասին:

«Ես հեշտ եմ ներկայացնում ամեն ինչ, բայց իրականում այդ պրոցեսը բավականին երկար ու դժվար է, քանի որ տեխնոլոգիա մշակվեց, թե որ կոմպոնենտից որքան պետք է խառնել, ինչպես մշակել և այլն: Օրինակ՝ սկզբում մի որոշակի արդյունքի հասանք ու անմիջապես հասկացանք, որ այն չէ, ինչ ուզում էինք ստանալ, հետո, բնականաբար, փորձեցինք այսինչ կոմպոնենտը քչացնել, մյուսը շատացնել և այլն, մինչև որ ստացանք այն, ինչ ուզում էինք: Մոտավորապես ամեն մի պրոդուկտի վրա մոտ կես տարի զբաղվել ենք: Տարբեր բաներ ենք փորձում, փորձարկում, մտածում, կարդում, ուսումնասիրում և փորձում հասկանալ, թե ինչ կարելի է անել: Այսինքն` մինչև ստացել ենք այն, ինչ ուզում էինք, պատկերացրեք, թե ինչ միջանկյալ արդյունքներ ենք ստացել ու ինչքան ենք չարչարվել»,- նշում է «Հելթի ֆարմի» հիմնադիրը:

Սկզբում տարեկան 1000 տուփ, ամսական մոտ 100 տուփ կակաոյի յուղ էր կարողանում արտադրել Գոռ Վերմիշյանը: Հիմա արդեն նախատեսում են ընդլայնել արտադրությունը, քանի որ դոշաբից հետո հասկացան, որ ծավալները բավականին մեծացել են, պահանջարկն էլ: Ներկայումս ընկերությունը մոտ 10 անգամ ավելի շատ պրոդուկտ է թողարկում:

Ու մեզ հետաքրքիր էր՝ ի՞նչն է ստիպում մարդուն՝անծանոթ, ոչ ոքի կողմից երբևիցե չփորձարկված ինչ-որ բան փորձել:

«Չեմ կարող ասել, թե ինչն է օգնում, երևի աշխատասիրությունը: Բայց նաև հավատը, որ կստացվի: Մյուս կողմից` այդ հարցի պատասխանը սկսվել է դեռևս 2011 թվականին, երբ Հալաբյան փողոցում գտնվող խաղութներից մեկի տարածքում փոքրիկ դեղատուն բացեցի: Բացելուց առաջ այդ խանութի կողքին իմ ընկերներից մեկը բացել էլ դեղատուն՝ ինքն էլ էր դեղագետ, ու շատ առաջատար մասնագետ է, բայց չաշխատեց նրա դեղատունը, փակվեց: Երբ նրանից կարծիք հարցրեցի, ասաց՝ մի բացիր, չի աշխատելու: Բայց որոշեցի փորձել: Բոլորն ասում էին՝ ինչո՞ւ բացեցիր, չէ՞ որ ընկերդ բացեց ու ձախողվեց… Այդ դեղատունը մինչև այսօր կա… Իհարկե, եթե մինչ օրս մնայինք միայն այդ դեղատան հույսով, հավանաբար մենք էլ կփակվեինք: Որովհետև առաջին դեղատունը հիմնելուց երկու տարի հետո որոշեցի բացել երկրորդ դեղատունը Շինարարների փողոցում: Այստեղ էլ՝ մի քանի մետր վերև, ինձնից առաջ կուրսընկերս էր բացել դեղատուն, ու դարձյալ չէր աշխատել: Բայց ես բացեցի ու սկսեցի աշխատել: Երկրորդը բացելուց հետո հասկացա, որ եթե ճիշտ աշխատենք, երկու դեղատներն էլ կպահենք: Հիմա մենք արդեն ունենք երրորդ դեղատունը: Մեր հաջողելու գաղտնիքն էլ շատ պարզ է՝ աշխատում ենք շատ, սիրում ենք մեր հաճախորդներին, իրենց երբեք չենք խաբում ու հասկացել ենք, որ եթե հաճախորդի մասին մտածում ես հենց իր պես, ապա քո գործն առաջ է գնում»,- ասաց «Հելթի ֆարմի» հիմնադիրը:

Դեղատները, սակայն, իր համար հոբբի էին՝ մեծ շահույթ չէին ապահովում, ու Գոռ Վերմիշյանը միշտ էլ մտածել է, որ անպայման պետք է արտադրություն ունենա, քանի որ միշտ մտածել է, թե ինչ նոր բան կարող է ստեղծել, ինչով օգնել մարդկանց ու ինչով կարող է իր հետքը թողնել:

«Մեր երկար ճանապարհին բազմաթիվ են եղել առիթները, որոնցից յուրաքանրչյուրը կարող էր պատճառ լինել, որ չշարունակեինք: Համառության շնորհիվ էր, որ շարունակեցինք, քանի որ այն, ինչ ռեալ ես արել եմ, ինձնից շատ ավելի խելացի և ապահովված մարդիկ չեն արել: Իմ կարծիքով՝ հաջողված գործի ամենալավ գնահատականը շատ հաճախորդներն են: Հաճախորդը շատ է լինում մի քանի հաստատուն բաների շնորհիվ: Առաջին` պետք է լինի որակյալ պրոդուկտ: Երկրորդ՝ պետք է գործով զբաղվես մասնագիտորեն. մարդը պետք է գա ոչ թե ինչ-որ բան գնելու, այլ խորհուրդ լսելու: Այսինքն՝ դու պետք է նրան տաս նաև գիտելիքը, խորհուրդներ տաս, կոնսուլտացիա անես: Այդ մարդը մյուս անգամ գալիս է քեզ մոտ պարզապես կարծիք լսելու: Դա շատ կարևոր է, քան փող աշխատելը: Եվ երրորդ՝ քո առաջարկած ապրանքը կամ ծառայությունը պետք է լինի ճիշտ գնով՝ ճիշտ գնային քաղաքականություն պետք է վարես ու մարդկանց ցույց տաս, որ չես եկել միանգամից հարստանալու, նրանց կեղեքելու, մարդը քո այդ ազնվությունը պետք է զգա»,- նշում է մեր զրուցակիցը:

Բացի այդ, շեշտում է նա, պետք է աշխատանքին վերաբերվել իսկական տարերքի պես: Եթե չնվիրվեցիր աշխատանքիդ, այն քեզ ոչինչ չի բերի ու պարզապես ձանձրալի կլինի: Ամեն գործ անելիս պետք է հստակ պատկերացնել ամեն ինչ, պետք է լինել մասնագետ, իսկ եթե չես, ուրեմն պետք է դառնաս: Վերջում Գոռ Վերմիշյանը ավելացնում է՝ պետք է շատ աշխատել, պետք է մշտապես ինչ-որ նոր բան սովորել, երբեք չբավարարվել ունեցած գիտելիքներով:

Գևորգ Ավչյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: