Հայերեն   English   Русский  

Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում


  
դիտումներ: 408

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական այցով ժամանել է Գերմանիա: Այցը կտևի միչև սեպտեմբերի 29-ը, հաղորդում է թուրքական «Դեյլի սաբահ» թերթը:

Այցի շրջանակներում նախատեսված է՝ թուրք առաջնորդը հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկկողմ և միջազգային հարցեր, մասնավորապես՝ Սիրիայում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարն ու ապօրինի միգրացիան:

«Associated Press»-ը հաղորդում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անգելա Մերկելի հետ հանդիպում կունենա երկու անգամ, մեկ անգամ սեպտեմբերի 28-ին, մյուսը՝ սեպտեմբերի 29-ին՝ պաշտոնական նախաճաշի ժամանակ: Շտայնմայերն այսօր, ի պատիվ Էրդողանի, բանկետ կանցկացնի, որին, ըստ տեղեկությունների, Գերմանիայի ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ որոշել են չմասնակցել:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը կավարտվի սեպտեմբերի 29-ին Քյոլնում, որտեղ նա պաշտոնապես նոր մզկիթ կբացի: Ակնկալվում է, որ Բեռլինում և Քյոլնում թուրք առաջնորդի դեմ բողոքի ցույցեր կանցկացվեն: Միջազգային «Amnesty International» կազմակերպությունն Անգելա Մերկելին կոչ է արել օգտագործել Էրդողանի հետ իր հանդիպումը «Թուրքիայում մարդու իրավունքների դրամատիկ իրավիճակի» շուրջ խոսելու համար:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիա ներկայիս այցը յոթ տարվ ընթացքում առաջինն է: Էրդողանը վերջին անգամ Գերմանիա է այցելել 2011 թ-ին որպես Թուրքիայի վարչապետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: