Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3սմ-ով բարձրացել է. նախարար
Այսօր Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ երեկ կառավարությունը հաստատեց Սևանա լճի հետ կապված գործողությունների ծրագիրը, որտեղ մանրամասն նկարագրված են քայլերը, որոնք նախատեսվում է իրականացնել:
«Ուզում եմ ավելացնել, որ Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ մաքսային մարմինները, հետևելով ԵԱՏՄ պահանջներին, արգելել են 50 միլիմետրից ցածր ձկնորսական ցանցերի ներմուծումը»
Սևանա լճի վերաբերյալ նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոնցից ակնհայտ է դառնում, որ վերջին տարիներին լիճ թափվող կեղտաջրերի մեծ քանակն ու ջրի պարունակության մեջ ֆոսֆորի քանակի ավելացումը բերել է լճի ծաղկման։ «Բնապահպանության նախարարությունը տիեզերական պատկերների միջոցով հետևում է ջրիմուռների աճին, որոնք մասսայական ծածկել էին լիճը, և սա այն պատճառով, որ գրանցվել է ջերմաստիճանի բարձր ցուցանիշ։ Սրան ավելացել էր նաև լիճ թափվող կեղտաջրերի քանակը՝ հանգեցնելով լճի ծաղկման»,- ասաց նախարարը։
Բնապահպանության նախարարն անդրադարձավ նաև լիճ թափվող կեղտաջրերի խնդրին և շեշտեց, որ այլևս Սևանա լճի ավազանում որևէ տնտեսվարող առանց կեղտաջրերը մաքրող մեխանիզմների ներդրման չի կարող իր աշխատանքներն իրականացնել։
Էրիկ Գրիգորյանը շեշտեց՝ լճից ավելի մեծ ծավալներով ջրառը իրենց պլանների մեջ չի մտնում։
«40 միլիոնի ջրառի անհրաժեշտությունն առաջացավ Արարատյան դաշտի ոռոգման պատճառով»,- հիշեցրեց նախարարը։