Հայերեն   English   Русский  

Առողջ կենսակերպ՝ առանց ծխախոտի...


  
դիտումներ: 7903

Հոկտեմբերի 12-ը ՀՀ-ում նշվում է որպես Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր՝ նպատակ ունենալով պաշտպանել մարդկանց ծխախոտի օգտագործման վնասակար ազդեցություններից:

Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի և ,Նաիրիե բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, ուռուցքաբան Լևոն Բադալյանի հետ:

Զրույցի սկզբում պարոն Բազարչյանը տեղեկացրեց, որ 2004-ի հոկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց ''Ծխախոտի դեմ պայքարի մասին'' շրջանակային կոնվենցիան, որն էլ պատճառ դարձավ, որ հենց հոկտեմբերի 12-ն արդեն չորս տարի անց Հայաստանում ընդունվի որպես Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:

Նա նշեց, որ այս իրողությունը հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունն էր հիմնականում: Զրուցակիցս հայտնեց նաև, որ բացի Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվանից՝ կա միջազգային օր՝ մայիսի 31-ը, որն ամեն տարի անցկացվում է մի նոր կարգախոսով: Բացի դրանից՝ շատ երկրներում նոյեմբեր ամսվա երրորդ հինգշաբթի օրը նշվում է որպես ,National Smoke out dayե՝ Ազգային օր առանց ծխախոտի օգտագործման:

Պարոն Բազարչյանի հավաստմամբ այնպես չէ, որ համապատասխան մարմինները պայքարում են ծխախոտի օգտագործման դեմ միայն այդ օրերին, պարզապես դրանք թույլ են տալիս ավելի շեշտադրված միջոցառումներ իրականացնել, վերլուծել անցած ճանապարհը և նոր թափ տալ ծխախոտի դեմ ուղղված շարժմանը: Անդրադառնալով Ծխելու դեմ պայքարի ազգային ծրագրին՝ զրուցակիցս պատմում է, որ այն իրենից ներկայացնում է մի շարք միջոցառումներ՝ օրենսդրական դաշտի բարեփոխում, իրազեկման ծրագրերի իրականացում, բժշկական ծառայությունների հզորացում և այլն:

Ազգային ծրագիրը նաև համակարգում է նախատեսված բոլոր միջոցառումների գործողությունների հերթականությունն ու անցկացման ժամկետները: Վերջին տասնամյակում իրականացվել են տարատեսակ ակցիաներ, բազում ասուլիսներ, քննարկումներ և այլն:

Ըստ Ալեքսանդ Բազարչյանի՝ այս տարին էլ բացառություն չի լինելու իր բազմաբնույթ միջոցառումների շարքով, որ կկազմակերպվեն թեԲ Առողջապահության նախարարության, թեԲ հասարակական կազմակերպությունների կողմից: Նա շեշտում է, որ այդ միջոցառումները չեն լինելու միայն հոկտեմբերի 12-ին, այլ նաև դրան հաջորդող ու նախորդող օրերին՝ առավել ընդգրկուն անդրադարձի համար:

Հետաքրքիր էր պարզել, թե իրագործված ակցիաներն ու ծրագրերը որևէ դրական ազդեցություն ունեցե՞լ են մեր երկրում վերջին տարիներին: Պարոն Բազարչյանի խոսքով՝ ընդհանուր իրավիճակի վատացում չի եղել 2003-2004 թվականներից մինչև հիմա: Մասնավորապես տղամարդկանց շրջանում անգամ որոշակի դրական փոփոխություններ են նկատվել, իսկ կանանց մոտ՝ ոչ:

Նա ներկայացրեց, որ այս պահին ՀՀ-ում 15 տարեկանից բարձր տարիք ունեցողների 26 տոկոսը ծխող է, որոնց մեջ գերակշռում են տղամարդիկ: Ինչ վերաբերում է ծխող կանանց, ապա նրանց թիվն ավելի բարձր է Երևանում, քան մարզերում և գյուղական համայնքներում: Ալեքսանդր Բազարչյանը նաև դիտարկեց այն փաստը, որ Հայաստանում երեխաները բավական երկար են գտնվում ծնողների խնամքի և ազդեցության տակ:

Հետևաբար ծխախոտի օգտագործման առումով շեշտակի աճ մեր երկրում նկատվում է 18-23 տարեկանում՝ պայմանավորված հատկապես տղաների բանակ զորակոչվելու իրողությամբ: Անգամ, եթե չեն զորակոչվում, համեմատաբար դուրս են գալիս ծնողի հսկողության տակից, ավելի շատ են իրար հետ շփվում, և պայմանները նպաստում են, որ մեկը մյուսի վարքագիծն ընդօրինակի թեկուզ հենց ուսանողական միջավայրում: Աղջիկների մոտ այդ աճը նկատելի է ավելի ուշ՝ 23 տարեկանից սկսած:

Զրուցակիցս համոզված է, որ ծխելը երիտասարդների դեպքում հաճախ ոչ միայն միմյանց ընդօրինակելու հարց է, այլև մեծերին կրկնօրինակելու, մեծերին նմանվելու ցանկության հետևանք:

''Ծխախոտի օգտագործումը հանգեցնում է թե՝ լուրջ առողջական, թե՝ տնտեսական ու սոցիալական խնդիրների: Այն ընտանիքները, որոնց անդամները մոլի ծխողներ են, կրում են և՝ առողջական, և՝ ֆինանսական վնասներ: Բացի դրանից՝ հիմա շատ ուժեղ ուշադրություն են դարձնում ծխախոտի հրդեհավտանգությանը: Ամբողջ աշխարհում լուրջ հետազոտություններ են իրականացվում, թե հրդեհների որ տոկոսն է չմարած ծխախոտի հետևանքով տեղի ունեցել: Արդյունքում դրանք հանգեցնում են տնտեսական ու ֆիզիկական կորուստների'',- բացատրում է պարոն Բազարչյանը:

Հաջորդիվ զրուցեցինք ծխախոտից չհրաժարվելու մարդկանց վնասակար սովորույթից: Զրուցակիցս համոզված է, որ առանց ծխախոտի էլ մարդկությունը հանգիստ կարող է շարունակել ապրել, չէ՞ որ մի ժամանակ այն բոլորովին չի էլ եղել նրանց կյանքում, հետևաբար անգամ չի ծագել ծխախոտ օգտագործել-չօգտագործելու խնդիրը: ''Եթե խոսքը գնում է կախվածության մասին, ապա ասեմ՝ ծխախոտ չօգտագործողը ոչ մի նիկոտինից էլ կախված չէ, ինչպես ասենք ես: Միֆ կա, որ ծխելը հանգստացնում է նյարդերը, բայց չէ՞ որ ծխախոտ չօգտագործողի նյարդերը ծխախոտը երբեք չի կարող հանգստացնել: Ինչ վերաբերում է ծխողներին՝ նրանք, եթե անգամ գիտակցում են, որ ծխելը վնասակար է, միևնույն է, շարունակում են այդ սովորույթը, որովհետև ծխելու հետևանքով առաջացած նիկոտինի պահանջ ունեն արդեն: Դրա համար բուժման նպատակով հաճախ օգտագործում են նիկոտինին փոխարինող դեղամիջոցներ՝ հաբերի, ծամոնների և այլնի տեսքով'',- նշում է զրուցակիցս և հավելում, որ այսօր նաև նոր ծխախոտային ապրանքատեսակներ են ի հայտ եկել, որոնցով, ցավոք սրտի, շատ ագրեսիվ կերպով փորձում են շուկան գրավել՝ շահագրգռելով նոր սպառողների: Դրանք են, օրինակ՝ էլեկտրոնային ծխախոտները, որոնց մեջ օգտագործվում են նիկոտինին փոխարինող միջոցներ:

Անդրադարձանք նաև, թե ինչ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում՝ ծխախոտի օգտագործման պայքարում հաջողության հասնելու համար: Պարոն Բազարչյանը հայտնում է, որ, ըստ նոր փոփոխությունների, ամբողջությամբ կարգելվի ծխախոտի օգտագործումը տրանսպորտում և բոլոր այլ փակ տարածքներում: Բացառապես կարգելվի ծխախոտի գովազդը (ներառյալ վաճառքի կետերը), տուփերի ցուցադրումը և մի շարք այլ սահմանափակումներ: Նա համոզված է՝ այս սահմանափակումները բավական վճռական կլինեն ծխախոտի օգտագործման դեմ ուղղված պայքարի հարցում, որով կպաշտպանվեն նաև պասիվ ծխողների իրավունքները թե՝ երկրորդային, թե՝ երրորդային ծխի առումով: Զրուցակիցս չզլացավ բացատրել, որ երկրորդային ծուխն այն է, երբ, ասենք, ծխում են քո ներկայությամբ, իսկ երրորդայինը, երբ նստած ես ծխած սենյակում, թեև այնտեղ արդեն ծխող մարդ չկա:

Իր խոսքը Ալեքսանդր Բազարչյանը եզրափակեց ընթերցողին առողջություն մաղթելով, ինչն իրենից ենթադրում է զերծ մնալ ծխախոտից, չչարաշահել ալկոհոլային խմիչքները, զբաղվել սպորտով, ակտիվ կենսակերպ ունենալ և տանն ու աշխատանքի վայրում ստեղծել դրական միջավայր:

Հարցազրույցի այս հատվածում արդեն ձեզ ենք ներկայացնում Լևոն Բադալյանի խորհուրդները ծխախոտի վնասակարության հարցի շուրջ:

Ըստ նրա՝ ծխող մարդկանց մոտ հաճախ կարող են զարգանալ սիրտ-անոթային համակարգի և բազում այլ հիվանդություններ: Ծխելը հանգեցնում է նաև տարբեր օրգանների չարորակ ուռուցքների:

Տղամարդկանց մոտ ծխելու հետևանքով կարող է առաջանալ թոքի, ինչպես նաև ստամոքսի, երիկամի, միզապարկի քաղցկեղ, իսկ կանանց մոտ՝ նաև կրծքագեղձի: Ըստ ուռուցքաբանի՝ ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված թոքի քաղցկեղը (ինչը լինում է հենց 80-90 տոկոս դեպքերում) զարգանում է սովորաբար 20 և ավելի տարիների ընթացքում:

Պարոն Բադալյանը նշում է, որ քաղցկեղը հայտնաբերելուց հետո, եթե շատ բարդ փուլում չէ հիվանդությունը, մարդիկ կարող են փրկվել, և ծխելը դադարեցնելն այդ ժամանակ ուղղակի անհրաժեշտություն է: Դրա համար նա խորհուրդ է տալիս դեռահասության շրջանում չտարվել այդ վնասակար սովորույթով, քանի որ այդ ժամանակ օրգանիզմն ավելի զգայուն է բոլոր վնասակար ազդակների նկատմամբ, որոնց բացասական հետքերը մնում են հետագա ողջ կյանքի ընթացքում:

Լևոն Բադալյանի կարծիքով՝ ծխելու երևույթն ամեն մարդու մոտ իր յուրահատուկ պատճառներն ունի: Ըստ նրա՝ հիմնական պատճառը սոցիալական է, երբ մարդիկ շրջապատում տեսնում են ծխողների և փորձելու ցանկություն է առաջանում, ինչն էլ հաճախ առիթ է դառնում կրկին փորձելու, և մարդն արդեն հայտնվում է ծխախոտի թակարդում: Բժիշկը համոզված է՝ եթե մարդիկ ուժեղ կախվածության մեջ չեն ծխախոտից, կարող են հեշտությամբ թողնել ծխելը: Հակառակ դեպքում, երբ կա հոգեբանական և նույնիսկ ֆիզիկական լուրջ կախվածություն, ծխախոտից հրաժարվելը դառնում է առավել դժվար:

Պարոն Բադալյանն անդրադարձավ նաև երկրորդական ծխի բացասական հետևանքներին՝ նշելով, որ եթե ինչ-որ մեկն անընդհատ ծխախոտի ծուխ ներշնչի, ապա դա նույնպես կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների առաջացման, ներառյալ քաղցկեղի:

Տանը երեխաների ներկայությամբ ծխելն ամենամեծ հանցանքն է, որովհետև երբ թվացյալ առողջ երիտասարդների մոտ որևէ օրգանի քաղցկեղ է հայտնաբերվում, զարմանում են՝ ինչպե՞ս: Հետո պարզվում է, որ նրա ներկայությամբ մանկուց անընդհատ ծխել են: Նաև ապացուցված է՝ կանանց օրգանիզմն ավելի զգայուն է երկրորդական ծխի նկատմամբ, որից նրանց մոտ առավել հաճախ է քաղցկեղ առաջանում: Այս ամենից ելնելով էլ՝ բժիշկը խորհուրդ է տալիս ծխողներին տեղեկանալ ծխելու իրական վտանգների մասին, որովհետև այս մարդիկ ունեն մի հետաքրքիր հատկություն՝ խուսափում են ծխելու մասին տեղեկատվությունից, այսպես ասած՝ ճշմարտությունից. ,Խորհուրդ կտամ առավել մանրամասն ուսումնասիրել, թե ծխախոտն ի՞նչ վտանգ է իրենից ներկայացնում, որից հետո արդեն կհաջողվի ծխելու դեմն առնել: Եթե չեն կարողանում դադարեցնել, ապա պիտի դիմել համապատասխան մասնագետների օգնությանը: Եվ վերջում, եթե նույնիսկ նրանք իրենց ընտրությունը կատարել են ծխելու օգտին, գոնե գնահատեն շրջակա մարդկանց առողջությունը, հատկապես՝ ընտանիքի անդամներիե:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: