Հայերեն   English   Русский  

ՀՀԿ-ական ղեկավարը չի պատրաստվում հրաժարական տալ


  
դիտումներ: 419

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավարն ու ամբողջ անձնակազմը երկու օր է աշխատանքի չեն կարող ներկայանալ. բնակիչները փակել են համայնքապետարանի մուտքը և թույլ չեն տալիս նրանց ներս մտնել՝ պահանջելով համայնքի ղեկավարի հրաժարականը:

Ինքը՝ համայնքապետ Արտակ Գևորգյանը նշում է՝ չի պատրաստվում բավարարել հավաքվածների քմահաճույքը, քանի որ ինքն ընտրվել է 10 ամիս առաջ և չորս հազար բնակիչ իրեն վստահության քվե է տվել: Համայնքապետարանի աշխատանքը արհեստականորեն կաթվածահար անելու համար դիմել է ոստիկանության միջամտությանը, սպասում է նրանց արձագանքին:

- Մի քանի ներկայացուցիչ փակել են համայնքապետարանի մուտքը, պարալիզացրել գործունեությունը: Ընդամենը 20-30 ներկայացուցչով 24 հազար ազգաբնակչություն ունեցող համայնքում նման կարգի հրամայական պահանջ ներկայացնել՝ դա արդարացի և ադեկվատ չէ, - ասում է Արտակ Գևորգյանը:
Իր հրաժարականը պահանջողներին բախտախնդիր որակելով, ավելացնում է՝ նրանցից յուրաքանչյուրն աթոռի հավակնություն ունի, ոչ քաղաքական ու համայնքային շահ ունեն, ոչ էլ հստակ գաղափարախոսություն:

''Իրենք էս պահին ցուցադրում են իրենց ունեցած ամենաթույլ դրսևորումը'', - նշում է Գևորգյանը:
Ակցիաներին պատասխան քայլ չի պատրաստվում կատարել: Արտակ Գևորգյանն ասում է, իրենց նպատակը համայնքում համերաշխություն ապահովելն է: Նախորդ անգամ փորձել են համախոհներով հակադարձ ակցիա անել, բայց.''Զգացինք, որ նման մեթոդներով մենք մեր ժողովրդին տարանջատում ենք: Մենք չենք ուզում ժողովրդին տանել ավելորդ լարումների և բախումների'', - նշում է համայնքի ղեկավարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: