Մի կողմից «Հին Երևան» են կառուցում, մյուս կողմից` քանդում Հին Երևանը
«Հին Երևան» թաղամասի կառուցման մի հատվածում շինարարական աշխատանքների ոչ պատշաճ իրականացումը խարխլել է շենքի հիմքերը: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ հարցը լուծման ընթացքի մեջ է, բայց այնքան դանդաղ, որ այդ ընթացքում ամեն վայրկյան շենքը կարող է փլվել:
«Մի քանի սանտիմետր արդեն շեղում կա և անընդհատ պատերն իրարից հեռանում են: Ես ուղղակի ապշում եմ պատկան մարմինների դանդաղկոտութան վրա: Նախ պետք է միանգամից քրեական գործ հարուցվեր, շինարարներին պատասխանատվության ենթարկեին և պարտավորեցնեին շտապ վերականգնման աշխատանքներ կատարել: Հիմա չափագրումներ են արել, որպեսզի լուծումներ տան. սպասում ենք լուծմանը»:
Մինչ խնդրին լուծում տալը երեխաներին շենքից տարհանել են, փորձերը ժամանակավորապես այս կամ այն տարածքում են կատարվում: Ընդհանուր առմամբ երգչախումբն ունի 166 երեխա, 90-ը՝ փոքրերի խմբում, 76-ը՝ մեծերի:
Երեխաներն ապահով են, բայց եթե շենքը փլվի, կոչնչանան
տարիների ընթացքում ստեղծված գույքը, տեսանյութերը և այլն: «Գրասենյակային մասն աշխատում է, չաշխատել չենք կարող, մեզ ժամանակավոր տեղ էլ չեն առաջարկել, և աշխատակիցները դուռը բաց նստում են, որ ամեն մի վայրկյան պատրաստ լինեն արագ դուրս փախչելու»,- ասում է երգչախմբի գեղարվեստական ղեկավարը:
Շենքի պատմությունն ու ձեռքբերման երկարատև պայքարը
Մաեստրո Հեքեքյանը պատմում է, որ մինչ շենքը ձեռք բերելը ուսումնասիրել են դրա պատմությունը և պարզել, որ այն կառուցվել XIX դարի երկրորդ կեսին:
«Շենքը պատկանել է մի բժշկի: Եղել է մեկուկես հարկանի առանձնատուն: Կիսանկուղային հարկում ապրել են աղախինները: Տարածքը եղել է մոտ 250 քմ, եղել է նաև հողամաս: Ընդհանուր տարածքը կազմել է մոտ 1000 քմ: Նոր կարգերի հաստատումից հետո առանձնատունը պետականացվել է, դարձել բնակարանային տարածք: 1980-ականներին տրվել է Կոնդը նախագծողներին որպես արվեստանոց: 1990-ականների խառը տարիներին, երբ Կոնդի արվեստանոցի ճարտարապետները հասկացան, որ այլևս աշխատավարձ չեն ստանում, արվեստանոցը փաստացի չի գործում` դուռը փակում գնում են: Կամաց-կամաց շրջապատի որոշ մարդիկ տեսնելով, որ շենքը երկար ժամանակ անտեր վիճակում է, բարբարոսաբար կոտրում են դուռը, մտնում ներս, և ով ոնց կարողանում է, զավթում է»:
Հեքեքյանը պատմում է, որ այնտեղ ապօրինաբար տեղավորված մի քանի ընտանիքները սկսում են անխնա օգտագործել շենքը, այրում են փայտե բազրիքները, փայտե հատակի մի մասը, հետո անցնում են փայտե սյուներին, ինչի հետևանքով տանիքի մի մասը փլվում է: Փլուզված մասը երկար ժամանակ ծառայում է իբրև շինաղբավայր:
«1990-ականների սկզբին մենք անընդհատ շրջագայում էինք, գրեթե Հայաստանում չէինք լինում: Մի օր էլ, երբ ընկերներիցս մեկն ասաց, որ «Կիև» գաստրոնոմը սեփականաշնորհել են, ես չէի ուզում հավատալ: Հետո հասկացա, որ ամբողջ երկիրն է սեփականաշնորհվել, իսկ մենք տարածք չունենք: Հայաստանի փոքրիկ երգիչներն իրենց փորձերն անում էին ռադիոյի ձայնագրման ստուդիայում, բայց հետո այնտեղից մեզ դուրս հանեցին»:
Երգչախմբին տարածք տրամադրելու հարցով մաեստրո Հեքեքյանը դիմում է Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Վահագն Խաչատրյանին: Վերջինս ասում է, որ քաղաքում այլևս ազատ տարածք չկա, ամբողջը սեփականաշնորհված է: «Բայց քաղաքապետարանի մի աշխատակից ինձ հուշեց, որ Արամի 23 հասցեում մի շենք կա, որը վերջինն է մնացել կենտրոնում չսեփականաշնորհված: Քաղաքապետին առաջարկեցի մեզ տալ, ասաց՝ տամ, բայց դուք չեք կարող այդ շենքը վերցնել, այնտեղ ընտանիքներ են ապրում, նրանցից մեկն էլ փախստականների ընտանիք է: Ես ասացի՝ դուք տվեք, մնացածը ձեր գործը չի»:
Այդ պահից սկսած՝ Հեքեքյանը դատական երկարատև պրոցես է սկսում, որպեսզի կարողանա տարածքն ազատել ապօրինաբար գրաված անձանցից: «Փաստաբանի փող էլ չունեինք, ես էի անում հետաքննությունը: Պարզեցինք, որ փախստականի կարգավիճակով հանդես եկող անձը Բաքվից Երևան էր եկել մինչև 1988 թիվը, Նորքի զանգվածում բնակարան ուներ, ավտոմեքենա ուներ, բայց առիթից օգտվելով՝ ուզում էր տարածքն իրենով անել: Մի խոսքով, 5 տարվա պայքարի արդյունքում հարկադիր կատարողների օգնությամբ տարածքն ազատեցինք և վերադարձրինք պետությանը, որպեսզի պետությունն էլ բոլոր իրավական հիմքերով տար մեզ»:
Այդ ընթացքում շենքը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռից անցել էր Կենտրոնի թաղապետարանի իրավասության տակ: Այս անգամ դիմում են այն ժամանակվա թաղապետ Արարատ Զուրաբյանին: Մոտ երկու տարի էլ այդ պրոցեսն է տևում:
«Ես Արարատ Զուրաբյանին ասացի՝ մենք ձեզանից ուղղակի խնդրում ենք այդ շենքը, մենք ենք դա ազատել, մենք ենք վերադարձրել պետությանը, հիմա տվե՛ք այն երեխաներին, լավություն արեք այս երեխաներին, մենք էլ կմնանք լավ բարեկամներ և իրար տեսնելիս ջերմ կբարևենք»:
Հեքեքյանը նկատում է, որ այն ժամանակ ոչինչ հենց այնպես ոչ մեկին չէր տրվում, բայց իր խոսքերը հավանաբար կախարդական ուժ են ունենում, և Արարատ Զուրաբյանը մի քանի վայրկյան մտածելուց հետո մտնում է նիստերի սենյակ, որտեղ նիստն ընդհատվել էր, և առաջարկում է, որ ավագանու որոշում ընդունեն և շենքը տրամադրեն Հայաստանի փոքրիկ երգիչներին:
Շենքը ստանալուց հետո երկար պայքար են տանում նաև հողամասը ձեռք բերելու համար: «Մեզ ասացին՝ եթե բերեք ապացույց, որ հողը պատկանել է այս շենքին` մենք հողն էլ կտանք ձեզ: Մենք բերեցինք ապացույցներ, բայց մեզ խաբեցին, ասացին՝ չենք կարող տալ: Բանն այն է, որ արդեն այդ «Հին Երևանի» նախագիծը կար, ու երևի շենքի հողամասն այդ նախագծի մեջ էր ներառված: Քաղաքապետները փոխվում էին, բոլորին հերթով դիմում էի, բայց մերժում էի ստանում: Ի վերջո, քաղաքապետներից մեկը՝ Տարոն Մարգարյանը, գնաց այդ քայլին և շենքին պատկանող հողամասը տրամադրեց մեզ»:
Շենքի և պատմական միջավայրի վերականգնում
2007 թվականին երկար տարիների պայքարից հետո Հայաստանի փոքրիկ երգիչները ոտք են դնում սեփական տարածք՝ վերջ տալով «թափառական կյանքին»: Սկսվում է շենքի վերանորոգման, շենքի նախնական տեսքն ու մթնոլորտը վերականգնելու շրջանը:
«Մեծ գումարներ ենք ծախսել: 27 հազար եվրո միայն գրանցած ունեմ: Շենքն ուղղակի անմխիթար վիճակում էր, նույնիսկ նոր տանիք ենք կառուցել: Իմ բոլոր միջոցները դրել եմ այդ գործի մեջ: Հետո երկար խելքի չէի գալիս: Ոչինչ չունեի, արդեն ամուսնացած էի, երեխաներ և այլն, բայց ապրում էի դատարկ պատերի մեջ: Ինչևէ, շենքը վերականգնվեց ու պահպանեց իր տեսքը: Ի դեպ, ավելի հեշտ էր հինը հանելը, նորը դնելը, բայց ամեն անգամ, երբ նայում էի մեր հատակին, մեր դռներին, փեղկերին, պատուհաններին, մեր հին վառարանին, որ անցնում էր պատերի միջով և միանգամից 3 սենյակ էր տաքացնում, ուղղակի հիանում էի: Ո՞նց կարելի էր այդ ամենը փոխել: Հիմա շատ երջանիկ եմ, որ կարողացանք պատմամշակութային այս շենքը պահպանել թե՛ արտաքնապես, թե՛ ներքին միջավայրով»,- ասում է Հեքեքյանը:
Այսքանից հետո, փաստորեն, շենքն այսօր լուրջ վտանգի տակ է: Մնում է հուսալ, որ խնդիրն օր առաջ կլուծվի, և Երևանի ամենայուրօրինակ, ամենագեղեցիկ և ամենամեծ ջանքերի գնով պահպանված պատմամշակութային հուշարձան շենքը մեկ ակնթարթում չի ոչնչանա՝ դառնալով անփույթ ու անպատասխանատու կառուցապատման զոհ: