Կատալոնիայի անկախության կողմնակիցներն էլ պառակտվեցին
Մինչև հիմա «Միասին հանուն Կատալոնիայի» (34 մանդատ) խմբակցությունը և Կատալոնիայի ձախ հանրապետականները (32 մանդատ) ձախարմատական «Ժողովրդական միասնության թեկնածության» (4 մանդատ) հետ բացարձակ մեծամասնություն ունեին տարածաշրջանային խորհրդարանում՝ 135-ից 70-ը: Սակայն անկախության կողմնակիցների միասնությունը խախտել է կուսակցությունների միջև ծագած հակասությունն այն վեց պատգամավորների ձայների փոխանցման առնչությամբ, որոնք չեն կարող ներկա լինել խորհրդարանի նիստերին, քանի որ կա՛մ բանտում են, կա՛մ արտերկրում:
Համապատասխան որոշումն ավելի վաղ ընդունել էր Իսպանիայի գերագույն դատարանը: Ձախ հանրապետականները պնդում էին, որ պատգամավորները պետք է ընդմիշտ քվեարկելու իրավունքը փոխանցեն ուրիշ ներկայացուցիչների: «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունն էլ, որի առաջնորդը Կառլես Պուչդեմոնն է, պնդում էր, որ հնարավոր է միայն քվեարկության իրավունքի ժամանակավոր փոխանցում: Արդյունքում «Միասին հանուն Կատալոնիայի» խմբակցության 4 ձայները երեկ հաշվի չեն առնվել:
Փաստորեն Կատալոնիայի խորհրդարանում առաջին անգամ անկախության կողմնակիցների բացարձակ մեծամասնության մեջ պառակտում տեղի ունեցավ:
«Ժողովրդական միասնության թեկնածության» նախագիծը «Կատալոնիայի ինքնորոշման անքակտելի իրավունքի հաստատման մասին» անհրաժեշտ մեծամասնության ձայներ չստացավ: Կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ նույնպես 65: Քվեարկությունը կատարվել է երեք անգամ և նույն արդյունքով: Բանաձևը չի ընդունվել: Չեն ընդունվել նաև մի քանի այլ նախագծեր: