Հայերեն   English   Русский  

Ներեվրոպական տարակարծություններ․ ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Հունգարիայի նկատմամբ


  
դիտումներ: 1522

Միգրացիոն քաղաքականության շուրջ տարակարծությունները ԵՄ-ի ներսում դիմակայության ու անգամ պատժամիջոցների կիրառման առիթ են դարձել։ ԵՄ-Հունգարիա հարաբերություններն այնքան են սրվել, որ ԵՄ կառույցներում Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու գործընթաց է սկսվել, հաջորդ քայլով կարող է կրճատվել նաև այդ երկրին տրվող ֆինանսական օգնությունը, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը տեղ չունի Եվրոպական ժողովրդական կուսակցությունում։

«Անգամ եթե ես հարգում եմ այդ մարդուն, միևնույն է, ես տեսնում եմ մեծ տարբերություններ նրա խոսքերի և քրիստոնեա-դեմոկրատական արժեքների միջև, որոնց վրա հիմնված է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը»,-հայտարարել է Յունկերը։

Առաջին անգամ է, որ ԵՄ անդամ երկրները կառույցի անդամներից մեկին մեղադրում են միությանն անդամակցության պայմանագրի դրույթները խախտելու մեջ՝ նախաձեռնելով պատժամիջոցներ կիրառելու գործընթաց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանը կողմ է արտահայտվել Հունգարիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու գործընթաց սկսելուն։ Այդ երկիրը մեղադրվում է Եվրոպական միության հիմքում ընկած արժեքները ոտնահարելու մեջ։

Իսկ պատճառը Հունգարիայի դիրքորոշումն է միգրացիոն քաղաքականության վերաբերյալ։ Պաշտոնական Բուդապեշտը հրաժարվում է ԵՄ-ի կողմից սահմանված քվոտաներով միգրանտներ ընդունել մերձավորարևելյան և աֆրիկյան երկրներից։

Դեռ ամիսներ առաջ Հունգարիան օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել, որոնցով արգելել է հասարակական կազմակերպություններին որևէ կերպ աջակցել անօրինական միգրանտներին՝ քրեական պատասխանատվություն նախատեսելով նման արարքի համար։ Իշխանությունները նաև ադմինիստրատիվ միջոցներ են կիրառել Ջորջ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող բուհերի և ԶԼՄ-ների նկատմամբ։ Այն ժամանակ պաշտոնական Բրյուսելն, արձագանքելով այս փոփոխություններին, արձանագրեց, որ Հունգարիայում հետընթաց է տեղի ունենում եվրոպական բարձրագույն արժեքներից՝ ժողովրդավարություն, խոսքի ազատություն, դատական իշխանության անկախություն։ Բուդապեշտին եվրոպական պաշտոնյաները կոչ արեցին օր առաջ չեղարկել վիճահարույց օրենսդրական փոփոխությունները։

Իսկ ահա Եվրոպայի խորհուրդը վերջերս դատապարտել է միգրանտների նկատմամբ կիրառվող բռնությունների քաղաքականությունը Հունգարիայում։ Ըստ հրապարակված զեկույցի՝ անօրինական միգրանտներին դեպի Սերբիա արտաքսելու ընթացքում նրանց նկատմամբ կիրառվում է բռնություն իրավապահների կողմից, միգրանտներին նվաստացնում ու ծաղրուծանակի են ենթարկում։ Իսկ ապաստան հայցողներին էլ, անկախ սեռից ու տարիքից, տրանզիտային գոտում են պահում մինչ որոշման կայացումը։ Զեկույցում նշվում է, որ նման քաղաքականությունը հակասում է ԵՄ որդեգրած արժեքներին։

Բուդապեշտին ամիսներ առաջ հիշեցրեցին, որ ԵՄ-ին կամավոր կերպով են միացել և պարտավոր են հարգել այդ կառույցի հիմքում ընկած արժեքները։

Ի պատասխան՝ Հունգարյաի վարչապետ Վիկտոր Օրբանը «կրակոտ» ելույթ ունեցավ՝ նշելով, թե ԵՄ-ն իր երկրին ուզում է շանտաժի միջոցով ստիպել հարմարվել համաեվրոպական օրակարգին, մինչդեռ Հունգարիան նահանջելու մտադրություն չունի։

«Հունգարիային մեղադրում են, քանի որ հունգարական ժողովուրդը չի ուզում, որ իր երկիրը դառնա միգրանտների երկիր։․․․Ես պետք է հայտարարեմ․ ինչպիսին էլ լինի Ձեր որոշումը, Հունգարիան չի համակերպվի այդ շանտաժի հետ և չի ընդունի անօրինական միգրանտներին, այլ կպաշտպանի իր իրավունքներն ու սահմանները»,- հայտարարել է Օրբանը։

Օրբանը նաև վստահություն է հայտնել, որ մինչև 2019 թ․ ԵՄ ներկայիս ղեկավարությունը կփոխվի, որովհետև չի պաշտպանում Եվրոպան միգրանտներից։

Հունգարիայի հակամիգրացիոն քաղաքականությանը այս կամ այն կերպ սատարում են նաև Լեհաստանը և Իտալիան։ Այս իրողությունը տեղիք է տվել եզրակացությունների, որ ԵՄ-ի ներսում լուրջ դիմակայություն է հասունանում։ Հունգարիային ձայնից զրկելու համար բոլոր անդամ երկրները պետք է միաձայն կողմ արտահայտվեն։ Ներկա դրությամբ նման զարգացումն այնքան էլ հավանական չի համարվում։ Ինչևէ, մինչև տարեվերջ պարզ կլինի՝ Հունգարիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, թե այս քայլը կծառայի որպես խիստ զգուշացում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: