Պարտքը խնդիր չէ` խնդիրն այն ծախսելն ու հետո էլ վերադարձնելն է
Առհասարակ նորմալ է, երբ մի որևէ երկիր, իր համար կենսական նշանակություն ունեցող ինչ-ինչ ծրագրեր իրագործելու կամ հարցեր լուծելու համար դրամական միջոցներ չի ունենում և պարտք է վերցնում այլ պետություններից կամ միջազգային կազմակերպություններից: Ու նորմալ է, որ Հայաստանը, ինչպես և աշխարհի մնացած բոլոր երկրները, իր ծրագրերի իրականացման համար վարկեր, փոխառություններ է վերցնում:
2013 թ. Հայաստանի արտաքին պետական պարտքն արդեն 3 մլրդ 903,7 մլն դոլար էր: Միայն 2014 թ. ՀՀ-ն 16 նոր վարկ կամ վարկային համաձայնություն է ստացել` 706,9 մլն ԱՄՆ դոլար և 198,7 մլն եվրո ընդհանուր ծավալով: Այսպիսով, ներկայումս ՀՀ պետական պարտքը պաշտոնապես ՀՆԱ-ի 41,6%-ի չափով է, իսկ արտաքին պետական պարտքը` 35,6%-ի: Արտաքին պետական պարտքի ամբողջ ծավալի մեջ մոտ 2/3-ը արտոնյալ պայմաններով ներգրավված վարկեր են. մնացածը` շուկայական կամ շուկայականին մոտ պայմաններով: Ու հարցն այն չէ` վերցնում ենք վարկ, թե ոչ, այլ թե վերցված միջոցներն ինչպես են տնօրինվում, ինչ ծրագրեր ենք իրագործում, ինչ արդյունքներ ենք ստանում կամ ստանալու ու ինչպես պետք է վերադարձնենք այդ պարտքերը: Այո՚, վերադարձնենք, որովհետև պետական պարտքը բոլորիս` պետության բոլոր քաղաքացիների պարտքն է:
Այս առումով ամենատարբեր փորձագետներ ու վերլուծաբաններ պնդում են, թե որպես կանոն, այդ վարկերը ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում: Օրինակ` ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանի կարծիքով` դրսից ներգրավվող միջոցների ծախսումը երբեմն արդյունավետ է ու կարևոր, երբեմն՝ միջին արդյունավետության ու անարդյունավետ: Իսկ Հայաստանի պարտքերի միջոցներով անարդյունավետ ծախսերն անհամեմատ ավելի մեծ են, քան արդյունավետները:
Այսպիսով, եթե զուտ վիճակագրությանը նայենք, ապա վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքն աճել է շուրջ 3 անգամ` 2004 թվականի 1,153 մլն դոլարից 2013-ին հասնելով մոտ 4 մլրդի: Այս առումով ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը նշում է. «2008-2009 թթ. համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը Հայաստանի կողքով չի անցել, մենք ունեցել ենք տնտեսական ցուցանիշների անկում և ստիպված ենք եղել պարտք ներգրավել՝ չգերազանցելով պարտքի սահմանային ցուցանիշներն ու պարտքը պահելով ցածր կամ միջին բեռի միջակայքում»:
«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ պետպարտք-ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է գերազանցի 60%-ը: Զուտ այս` հաշվապահական տեսանկյունից նայելով՝ մեր 35.6% պարտքը հեռու է սահմանայինից: Բայց…
Երբ պարտք ես 4 մլրդ, իսկ վստահությունդ գրոշ չարժե
Տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը մի շարք ուշագրավ կետեր է նշում այս առումով: Օրինակ` հիշեցնում է, որ ՀՀ-ն 2009 թ. դրամի փոխարժեքի կայունությունը պահպանելու նպատակով իր արտաքին պահուստներից «փոշիացրեց» 700 մլն դոլար, սակայն դրամի փոխարժեքը կարողացավ կայուն պահել ընդամենը 2 ամիս: Փաստորեն, Հայաստանը ևս 700 մլն դոլար արտաքին պարտք վերցրեց պահուստները լրացնելու համար: Միայն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի համար Հայաստանը լրացուցիչ 1.5 մլրդ նոր պարտք պետք է կուտակի, այնինչ կառավարման փորձագետների կարծիքով՝ ավելի լավ կլիներ այդ գումարներով վերանորոգել Հայաստանի բազմաթիվ բնակավայրերի ճանապարհները, քան կառուցել ընդամենը մեկ բետոնապատ նոր ճանապարհ, որի տնտեսական էֆեկտը կասկածելի է շատերի համար:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն այս առումով նշում է, որ թեև Հայաստանի արտաքին պարտքի ծավալները մտահոգիչ չի կարելի համարել, ուշադրության է արժանի մի հարց` որքանով է արդյունավետ կառավարվում այն:
Ըստ պաշտոնական տեղեկատվության` դեֆիցիտի ֆինանսավորմանն է ուղղվել ՀՀ արտաքին պարտքի գծով գոյացած վերոհիշյալ միջոցների 43,7%-ը: Եվս 7,6%-ն ուղղվում է վճարային հաշվեկշռի աջակցության ծախսերին: Գյուղատնտեսության և ոռոգման համակարգերին ուղղվում է մոտ 8%-ը, 0,5%-ը` մշակույթի ոլորտին, 1,7%-ը` աղետի գոտու վերականգնմանը, 1,3%-ը` կրթությանը, դատաիրավական համակարգի բարեփոխումներին` շուրջ 1%-ը, առողջապահությանը` մոտ 2%-ը, մոտ 10%-ը ` ճանապարհներին ու ենթակառուցվածքների զարգացմանը, այդքան էլ` էներգետիկայի ոլորտին և 3,3%-ն էլ ուղղվում է մասնավոր հատվածի զարգացմանը և այլն:
«Եթե այստեղ բյուջետային աջակցության վարկերն անմիջապես տնտեսության իրական հատվածին չեն ուղղվում, բայց նպաստում են տնտեսական աճին, այդ առումով կարելի է համարել, որ դրանք ուղղվում են տնտեսության իրական հատվածին»,- ասում է Արշալույս Մարգարյանը: Իսկ մեր դիտարկմանը, թե չի կարելի վստահաբար դա պնդել, նշում է, որ եթե վարկերի ամբողջ ծավալից հանենք բյուջետային աջակցության վարկերը, մնացածն ուղղվում են տնտեսության իրական հատված:
Հայաստանը բազմաթիվ վարկեր, փոխառություններ, դրամաշնորհներ է ստացել, օրինակ՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների համար: Թե ինչ արդյունքներ ենք արձանագրում այս ոլորտում, թողնում ենք հասարակության գնահատականին: Փաստն այն է, որ բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռն այս պահին գերազանցում է 1500 դոլարը:
Ուշադրության է արժանի մի կարևոր հանգամանք. կան երկրներ, որոնց պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն ավելի բարձր տոկոսներ է կազմում: Օրինակ` ԱՄՆ-ում այն մոտ 105% է, ԵՄ-ն իր ՀՆԱ-ի 101%-ի չափով պարտքեր ունի, Ճապոնիան` հարյուրավոր տոկոսների չափով և այլն: Բայց նրանց համար պարտքը և հատկապես արտաքին պետական պարտքը խնդրահարույց չէ, քանի որ նրանց տնտեսություններն ի վիճակի են այդ պարտքը սպասարկելու: Իսկ Հայաստանի տնտեսությո՞ւնը:
Վերադարձելիության առումով պետք է տնտեսությանը նայել որպես մեկ ամբողջական համակարգի ու տեսնել, թե ինչի համար են վերցնում արտաքին պարտքերը և տնտեսության զարգացման առումով ինչ ներդրումներ ու հեռանկարներ կան:
«Կառավարության վարած տնտեսական քաղաքականության հիմքում արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունն է: Հասկանալի է, որ եթե արտահանում-ներմուծում հարաբերակցությունը փոխում ենք հօգուտ արտահանման, ապա նաև մեծացնում ենք մեր հնարավորությունները պետական սպասարկման գծով: Այնպես որ, եթե կոմպլեքսում նայենք, վարկը վերցվում է տնտեսության զարգացման, կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու և տնտեսական աճ ապահովելու համար: Այդ առումով ես խնդիրներ չեմ տեսնում»,- ասում է Արշալույս Մարգարյանը:
Ի դեպ, երբ նայում ենք ՀՀ առևտրաշրջանառության ցուցանիշներին, տեսնում ենք, որ դրանց ծավալները փոխվել են, բայց հարաբերակցությունը գրեթե միշտ նույնն է եղել` 3:1 հոգուտ ներմուծման: