Հայերեն   English   Русский  

​«Գործակալ 044․ Գեղարդի օպերացիա»․ այսօր՝ մեծ էկրանին


  
դիտումներ: 3333

Ժամանակակից հայ կինոն այսուհետ իր հայտնի «գործակալն» ունի։

Այսօր երեկոյան երևանյան բոլոր կինոթատրոններում տեղի կունենա «Գործակալ 044․ օպերացիա Գեղարդ» առաջին դետեկտիվ-կատակերգության պրեմիերան։ Ֆիլմի գլխավոր հերոսը դինամիկ կերար է, արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցին, որին մարմնավորել է սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը։

Ֆիլմն այն մասին է, թե ինչպես Հռոմի Պապի հայաստանյան այցին ընդառաջ Սուրբ Գեղարդը տեղափոխվում է թանգարան, որպեսզի հանրությունը կարողանա տեսնել այն, սակայն Պապի ժամանումից ընդամենը 7 օր առաջ այն թանգարանից գողանում են: Հատուկ կազմված հանձնաժողովը Գեղարդի գողության բացահայտումը վստահում է արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցին: Նրա Հայաստան գալու առաջին իսկ վայրկյաններից պարզ է դառնում, որ Հենզելն անհաջողակ է, սակայն ինչ-որ կերպ այդ անհաջողությունները վեր են ածվում հաղթանակների:Նա ստիպված է գործել ծայրահեղ գաղտնիության պայմաններում, ինչի պատճառով անընդհատ կերպարանափոխվում է և հայտնվում տարբեր զավեշտալի իրավիճակներում:

Գործակալ 044

Անկախ-ի հետ զրույցում ֆիլիմի պրոդյուսեր, «Պերսոնա Գրատա» ընկերության հիմնադիր Տիգրան Համբարձումյանը պատմում է, թե ինչու և ինչպես ծնվեց նման սցենարով ֆիլմ նկարահանելու գաղափարը։

-Քանի որ մեր կազմակերպությունն արդեն 15 տարի է՝ աշխատում է կոմեդիայի ոլորտում և ֆիլմեր է նկարահանել կոմեդիայի ժանրում, մենք անընդհատ այդ ժանրն ուսումնասիրում ենք։ Ես ուշադրություն էի դարձրել, որ աշխարհում շատ հետաքրքիր ֆորմատ գոյություն ունի՝ գործակալի ֆորմատը։ Որպես նախատիպեր կարող եմ նշել «Ջոնի Ինգլիշը», «Փինկ Պանտերան», «Ագենտ 117-ը» և այլն։ Այսինքն, ամեն մի երկիր ունի իր «գործակալը»։ Դա, փաստորեն, կոմեդիայի մի ենթաժանր է, որը մեզ մոտ չկար, և մենք որոշեցինք ստեղծել մեր «գործակալի» կերպարը։

-Իսկ ինչո՞ւ որոշեցիք հենց Սուրբ Գեղարդը դարձնել ֆիլմի կարևորագույն գործոն։

-Ճիշտն ասած մի քանի տարբերակներ ունեինք՝ Մատենադարանում ինչ-որ մագաղաթ և այլն, նաև Գեղարդի տարբերակը կար։ Բայց մենք որոշեցինք կանգ առնել Գեղարդի վրա մի շատ կարևոր պատճառով։ Խնդիրն այն է, որ երբ սկսեցինք ներքին հետազոտություն անել, հասկանալ մարդկանց հետաքրքրությունները, վերաբերմունքը և այլն, ուղղակի «շոկ» ապրեցինք։ Պարզվեց՝ մեր ժողովրդի 80 տոկոսը չգիտեր, թե ինչ է Գեղարդը։ Երբ ասում էինք՝ գողանում են Գեղարդը, մարդիկ հասկանում էին, թե Գեղարդի վանքն են գողանում։ Այդպես, մենք մտածեցինք, որ անպայման պետք է Գեղարդն ընտրել, որպեսզի ֆիլմի շնորհիվ մարդիկ իմանան նաև Սուրբ Գեղարդի մասին։

Գործակալ 044

-«Պերսոնա Գրատա» ընկերությունը նկարահանել է ևս երկու հայտնի կատակերգական ֆիլմ՝ «Փախիր կամ ամուսնացիր», «Դե տժժա»։ Ի՞նչ եք կարծում, Ձեր նոր ֆիլմը նախորդների համեմատ ի՞նչ հաջողություններ կունենա։

-Ես վստահ եմ, որ «Գործակալ 044»-ը շատ ավելի հաջողված ֆիլմ է։ Նախ մենք նոր պերսոնաժ ենք ստեղծել։ Բացի այդ, Մկոն այս ֆիլմում մինչև հարյուր տոկոս խաղում է։ Քանի որ նա գործակալ է, անընդհատ կերպարանափոխվում է, այսինքն, անընդհատ, դինամիկ ձևով նոր կերպարներ են ստեղծվում։ Ֆիլմի սցենարը շատ հետաքրքիր է, մինչև վերջ դու չես կարողանում կռահել, թե ի վերջո ով է գողացել Գեղարդը։

-Տիգրան, իբրև ֆիլմարտադրող Դուք երևի թե լավ գիտեք հասարակական պահանջարկը ֆիլմերի, մասնավորապես հումորային ֆիլմերի վերաբերյալ։ Ի՞նչ եք առաջարկում հասարակությանը, ինչո՞վ եք նրան գրավում այս ֆիլմում։

-Ասեմ, որ մենք ունենք սկզբունքներ, որ անկախ հասարակական պահանջարկից՝ չենք խախտում։ Դա որակյալ հումորն է։ Մենք փորձում ենք հումորի ու գռեհկության սահմանագիծը չանցնել։ Այո, կա պահանջված հումոր, որը մենք անվանում ենք «հումոր» գոտկատեղից ներքև, դա 100 տոկոսով աշխատող հումոր է, բայց մենք դրան դեմ ենք։

Գործակալ 044Հաշվի նստելով հասարակական պահանջարկի հետ՝ մենք փորձել ենք գտնել ոսկե միջինը, որպեսզի հասարակության հնարավորինս լայն շրջանակների ֆիլմը գոհացնի, այսինքն, այդ 100 տոկոսանոց աշխատող հումորների հետ միասին մատուցում ենք նաև ավելի խորը, ավելի որակով հումոր։Ճիշտ է, քննադատություններ միշտ էլ կլինեն, առանց դրա հնարավոր չէ, բայց ամեն դեպքում մենք փորձել ենք շեշտը դնել հետաքրքիր սցենարի վրա, ինչը, իմ կարծիքով, ամենակարևորն է։ Ես հուսով եմ, որ մարդիկ իսկապես ֆիլմը կհավանեն ու կգնահատեն։

-Շնորհակալությո՛ւն, Տիգրան, և հաջողություններ Ձեր նոր ֆիլմին։

Դե՛ ինչ, գործակալ 044-ի կամ Հենզել Բրուտենցու արկածները սպասում են։ Իսկ թե ո՞վ է գողացել Սուրբ Գեղարդը, կիմանաք ֆիլմի վերջում՝ 1 ժամ 45 րոպե անդադար անցկացնելով հետաքրքիր, լարված, գաղտնիքներով ու անսպասելի շրջադարձերով լի պատմության ոլորանների, անհավանական հանգուցալուծումների և իհարկե լիաթոք ծիծաղի մթնոլորտում։

Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Կբեյանը, գլխավոր սցենարիստը՝ Նարեկ Ավագյանը, դերերում հանդես են գալիս նաև Հայկ Սարգսյանը, Մարիամ Ադամյանը, Արմեն Մարգարյանը, Մարիամ Դավթյանը, Մակար Գալստյանը։


Զրուցեց՝ Անի Գասպարյանը





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: