Հայերեն   English   Русский  

​Պարտքերի պատճառով փակվել է Գյումրի-Երևան ճանապարհը, տեսանյութ, լուսանկարներ


  
դիտումներ: 1079

Մեկ օրում երկու անգամ փակվեց Գյումրի-Երևան ճանապարհը Մարալիկի հատվածում:

Բողոքի ակցիա,հյուսիս-հարավ ծրագրի ճանապարհաշինարարներ

Բողոքի ակցիա իրականացնողները Հյուսիս-հարավ ծրագրի ճանապարհաշինարարներն էին, պահանջում էին վճարել իրենց աշխատավարձը, որ չէին ստացել 2-3 ամիս: Սեպտեմբերի 1-ից ''Սթոնա'' ընկերության աշխատակիցները գործազուրկ են՝ նրանց չի վճարվել կատարած աշխատանքի դիմաց, նոր աշխատանք նույնպես չի առաջարկվել: Նախկին շինարարները արդեն երկրորդ անգամ դժգոհության մեծ ալիք են բարձրացնում՝ պահանջելով վճարել իրենց աշխատած գումարները: Նախորդ անգամ բողքի ակցիայի արդյունքում ընկերությունը պարտքից որոշակի գումար վճարել է, բայց միայն այդքանը: Հիմա ստիպված 100-150 աշխատող դուրս են եկել փողոց, իրենց ձայնը լսելի դարձնելու համար էլ ընկերության գրասենյակի հարակից միջպետական ճանապարհն էին փակել: Շինարարական կազմակերպությունից հայտնել էին, թե երեկոյան գումարը կլինի, շինարարները ճանապարհը բացեցին, բայց տեղում սպասում էին:

Ընկերության փոխտնօրեն Հայկ Ավագյանը ժամանեց, տեղեկացրեց, որ հարկային պարտավորությունները կատարելու մասով խնդիրների պատճառով ընկերության բանկային հաշիվները կալանքի տակ են, իսկ գումարն այդ հաշիվներին է նստած: Նա առաջարկեց շինարարներին սպասել մոտ մեկ ամիս ու կես, մինչև հաշիվները կբացվեն, որից հետո իրենց ամբողջ հասանելիքը կստանան բոլորը:
Սա զայրացրեց շինարարներին, նրանք նորից փակեցին միջպետական ճանապարհը: Այստեղ էլ հանրային ճանապարհը բացել հորդորեց ոստիկանության Անիի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը:

https://www.youtube.com/watch?v=efpF8aGsqbg

Տեսնելով, որ շինարարները չեն պատրաստվում զիջել, Դավթյանն ինքը բանակցություններ սկսեց ընկերության ներկայացուցչի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շինարարների աշխատավարձը վճարել ուրբաթ օրը:
Եթե դարձյալ պահանջը չբավարավի, շինարարները խոստանում են այս անգամ այնքան ժամանակ փակ պահել Գյումրի-Երևան ճանապարհը, մինչև վերջին դրամը վճարվի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: