Քիմ Քարդաշյանը «Gift of life» հեղինակավոր մրցանակի է արժանացել
2016 թ.-ին Քարդաշյանն արյան քաղցկեղի հազվագյուտ տեսակ ունեցող սեֆարդ հրեայի կյանքը փրկելու նպատակով թվիթեր սոցիալական ցանցում մի քանի գրառում էր կատարել: Քիմի գրառումներից հետո Ադամի համար դոնոր էր հայտնաբերվել, սակայն ոսկրածուծի փոխպատվաստումը չփրկեց նրա կյանքը:
«Ես ապշել էի այն մարդկանց թվից, որոնք պատրաստ էին օգնել Ադամին: Ես ինքս միացել էի արշավին իմ զարմուհի Սյուզանի պատճառով, որը 18 տարեկանում պայքարում էր քաղցկեղի դեմ: Խնդիրը նմանատիպ էր՝ նա հայկական ծագում ունի, թեկնածուների ցանկն այնքան էլ մեծ չէր», - հայտարարել է Քարդաշյանը` մրցանակը ստանալիս:
«Gift of life» (Կյանքի պարգևը) Ֆլորիդայում ոսկրածուծի և ցողունային բջիջների դոնորային օրգանների պահպանման հանրային բանկ է: Այն օգնում է հազվադեպ հիվանդություններ ունեցող երեխաների և մեծահասակների ոսկրածուծի փոխպատվաստման գործընթացում:
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը հայտարարել էր, որ չի բացառում ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրման հնարավորությունը: