Հայերեն   English   Русский  

​Սայգոն թռչող Air France ինքնաթիռին Ռուսաստանի սահմանից հետ են տվել


  
դիտումներ: 596

Ֆրանսիական Air France ավիաընկերության ինքնաթիռը, որ չվերթ էր իրականացնում Փարիզից Վիետնամ՝ Սայգոն, նոյեմբերի 1-ին ստիպված է եղել վերադառնալ թռիչքի մեկնարկի վայր, քանի որ Ռուսաստանը փակել է նրա համար իր օդային տարածքը:

Այդ մասին հայտնել է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով ինքնաթիռի ուղևորուհուն: Air France-ը հաստատել է այդ տեղեկությունը՝ չխոսելով միջադեպի պատճառի մասին:

Ինքնաթիռը Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանից թռել է նոյեմբերի 1-ին՝ ժամը 13;10-ին: «Մի քանի ժամ ինքնաթիռը թռչում էր սովորական ռեժիմով: Բայց հետո կապիտանը հայտարարեց, որ Ռուսաստանի տարածքով թռչելու թույլտվություն չկա»,- պատմել է ինքնաթիռի ուղևոր 28-ամյա Շառլոտան: Նրա խոսքով՝ կապիտանը խոստովանել է, որ իր կարիերայի ընթացքում երբեք չի բախվել նման իրաիճակի:

Վեց ժամ թռիչքից հետո ինքնաթիռը վերադարձել է Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայան:

Ուղևորների մի մասին տեղափոխել են ուրիշ չվերթներ, մյուսներին սենյակներ են տրամադրել հյուրանոցում:

Air France ավիաընկերությունը դժվարացել է պատասխանել, թե ինչ պատճառով է Ռուսաստանը փակել իր օդային տարածքը ինքնաթիռի համար: Ընկերությունում ենթադրում են, որ պատճառը «համակարգչային սխալն» է սեզոնային չվացուցակի փոփոխության հետևանքով:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Ռոսավիացիային», չվերթի ուղին փոփոխել են հենց թռիչքի օրը՝ նոյեմբերի 1-ին: Նոր չվերթն անցնում է Ռուսաստանի տարածքով, սակայն որևէ թույլտվություն Air France-ը ռուսական գերատեսչություններից չի խնդրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: