Հայերեն   English   Русский  

​Իսպանիայի դատախազությունը 25 տարվա բանտարկություն է պահանջում Կատալոնիայի անջատողական գործընթացի առաջնորդների համար


  
դիտումներ: 1282

Իսպանիայի դատախազությունն այսօր ներկայացրել է մեղադրական եզրակացությունը Կատալոնիայի այն քաղաքական գործիչների դեմ, որոնք առնչություն ունեն տվյալ տարածաշրջանում անցած տարվա հոկտեմբերին սկսված անջատողական գործընթացի հետ: Այդ մասին հայտնում է El Mundo թերթը:

Ըստ այդ տեղեկատվության՝ կասկածյալների թվում է Կատալոնիայի կառավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասը: Դատախազությունը մեղադրում է քաղաքական գործիչներին ապստամբության սադրանքի և խաբեբայության մեջ և տարածաշրջանի նախարարների կաբինետի և խորհրդարանի նախկին անդամների համար առաջարկում է 25 տարվա բանտարկություն:

Մասնավորապես Կատալոնիայի կառավարության նախկին հինգ խորհրդականներին կարող է սպասել 16 տարվա բանտարկություն: «Կատալոնիայի ազգային վեհաժողով» կազմակերպության նախկին առաջնորդ Ժորդի Սանչեսի, Omnium Cultural-ի ղեկավար Ժորդի Կուիշարտի, ինչպես նաև խորհրդարանի նախկին խոսնակ Կարմե Ֆորկադելիի համար դատախազությունը խնդրում է 17 տարվա բանտարկություն, Ժունկերասը կարող է բանտարկվել 25 տարով: Բացի այդ, գերատեսչությունը խնդրում է դատարանին, որպեսզի այդ քաղաքական գործիչները զրկվեն ողջամիտ ժամկետում պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Կատալոնիայի ոստիկանության նախկին ղեկավար Խոսեպ Լուիս Տրապեռոյի պատիժը կարող է 11 տարվա ազատազրկում լինել:

Դատախազության կարծիքը չի համընկնում պետության փաստաբանների կոլեգիայի դիրքորոշման հետ: Ինչպես սպասվում է, տվյալ մարմինը կներկայացնի գործով իր եզրակացությունը, որում կմեղադրի Կատալոնիայի քաղաքական գործիչներին խաբեբայության և խռովության կոչերի համար:

«Ապստամբության սադրանք» հանցագործությունը, որ պնդում է դատախազությունը, ամենածանրներից է Իսպանիայի քրեական օրենսգրքում և դատապարտվում է 30 տարվա բանտարկության: Տվյալ հանցագործությունը դատապարտելու համար առանցքային գործոն է համարվում բռնության կիրառումը: Իսկ խռովության կոչը, որի մասին խոսում է պետության փաստաբանների կոլեգիան, նախատեսում է մինչև 15 տարվա բանտարկություն: Իսպանիայից անջատման կողմնակիցների դատավարությունը կարող է սկսվել հունվարին:

Անցած տարվա հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի ունեցավ հանրաքվե թագավորության կազմից դուրս գալու հարցով, Մադրիդը հենց սկզբից այդ հանրաքվեն անօրինական հայտարարեց և հրաժարվեց դրա արդյունքներն ընդունելուց:

Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատեց անկախ հանրապետության հռչակման բանաձևը: Դրանից հետո թագավորությունում գործ հարուցվեց անջատողական գործընթացի առաջնորդների դեմ: Նրանց մի մասը փախավ Իսպանիայից, այդ թվում և Կատալոնիայի նախկին վարչապետ Կառլես Պուչդեմոնը, մյուսները կալանավորվեցին մինչև քննության ավարտը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: