Հայերեն   English   Русский  

Սահմանային լարվածության պատճառով խորհուրդ է տրվում շրջանցել Վազաշեն-Պառավաքար գործող ճանապարհահատվածը


  
դիտումներ: 1315

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում հակառակորդի` մի քանի ուղղությամբ դիվերսիոն փորձերի ու լարվածության պատճառով Վազաշեն-Պառավաքար ճանապարհը չի փակվել: Այդ մասին Անկախի թղթակցին ասել է սահմանամերձ Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը:

Նա նշել է, որ քիչ առաջ իրենց գյուղում է եղել ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը: «Ամեն հարց էլ քննարկել ենք, թե տարածքային, թե սահմանային իրավիճակի հետ կապված»,-ասաց գյուղապետը: Ինչ վերաբերում է Վազաշեն-Պառավաքար հանրապետական նշանակության վտանգավոր ճանապարհահատվածին, ապա, ըստ համայնքի ղեկավարի, անհրաժեշտության դեպքում հնարավորություն կա` երթևեկել կիսակառույց շրջանցիկ ճանապարհով: «Գործող ճանապարհով ով կարողանում է, գնում է, ով ոչ` նորով է գնում: Անվտանգության նկատառումներից ելնելով` ավելի լավ ա, այլընտրանքային երթևեկեն»: Ռոլանդ Մարգարյանը նշեց, որ Պառավաքարի սահմանային հենակետերի ուղղությամբ նախօրեին ու այսօր իրավիճակը հանգիստ է: Օրեր առաջ էլ համագյուղացի Ալբերտ Զոհրաբյանի` հակառակորդի խոցած «Նիվա» մակնիշի, ամբողջությամբ այրված ավտոմեքենան դեռևս մնում է միջադեպի տարածքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: