Հայերեն   English   Русский  

​Մասնատված իշխանություն. ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրությունների մասին


  
դիտումներ: 754

Նախնական տվյալներով՝ հանրապետականները պահպանել են Սենատի նկատմամբ վերահսկողությունը, սակայն կորցրել մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ անցկացվեցին, որոնց ընթացքում ամերիկացիներն ընտրեցին 100 սենատորներից 35-ին և բոլոր 435 կոնգրեսականներին:

Ամերիկացիների կամքի արտահայտումն ընդհանուր առմամբ կանխատեսելի էր՝ հանրապետականները պահպանեցին վերահսկողությունը Սենատում և նույնիսկ ամրապնդեցին իրենց դիրքերը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասցրել է կայացած ընտրությունները մեծ հաջողություն անվանել), սակայն կորցրեցին մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում:

ԱՄՆ-ում Կոնգրեսի ընտրությունները միջանկյալ են կոչվում, քանի որ դրանք անցկացվում են վերջին նախագահական ընտրություններից երկու տարի անց և կայանալիք հաջորդ ընտրություններից երկու տարի առաջ:

Սենատորներից և կոնգրեսականներից բացի ամերիկացիները նաև նահանգների և տարածքների 39 նահանգապետներ, ինչպես նաև նահանգների օրենսդիր ժողովների 6073 անդամներ, դատավորներ և դպրոցական օկրուգների խորհուրդների անդամներ են ընտրել:

Դեմոկրատներին չհաջողվեց ամբողջությամբ վերականգնել Կոնգրեսի նկատմամբ վերահսկողությունը:

Ուժերի նման դասավորումն իրականում արտացոլում է երկրի պառակտումը երկու ճամբարների: Վաշինգթոնի և Նյու Յորքի նման խոշոր քաղաքներում գրեթե բոլորը դեմ են քվեարկել նախագահին և նրա կուսակցությանը: Սակայն երկրի խորքերում քաղաքացիները ոչ պակաս խիստ պաշտպանում էին Թրամփին, որքան քննադատում էին խոշոր քաղաքներում:

Ամերիկայի երկու մասեր` երկու տարբեր տեսակետներ: Ընտրողները նախևառաջ քվեարկել են՝ ելնելով հիմնականում Դոնալդ Թրամփի և նրա քաղաքականության նկատմամբ իրենց վերաբերմունքից: Այդ իսկ պատճառով այս ընտրությունները նաև «Թրամփի» հանրաքվե էին կոչում:

Ներկայիս տվյալներով՝ նոր տարուց Կոնգրեսի վերին պալատում կգերակշռեն հանրապետականները, իսկ ստորին պալատում՝ դեմոկրատները: Իսկ ի՞նչ է դա պրակտիկորեն նշանակում: Ներկայացուցիչների պալատին է դրամապանակի իրավունքը՝ հենց ստորին պալատն է հաստատում բյուջեն և մեծ ազդեցություն ունի ներքին քաղաքականության վրա: Մասնավորապես, ստորին պալատը կարող է հետաքննություն նախաձեռնել կառավարության անդամների և նախագահի դեմ:

Դոնալդ Թրամփի մրցակիցներին վերահսկողության փոխանցումն, ըստ էության, ավելի կկապի նախագահի ձեռքերը և մասամբ կթուլացնի դիրքերը: Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների հաղթանակը կնշանակի Թրամփի վարչակազմի համար կարևոր օրիանգծերի սաբոտաժ, ինչպես նաև «ռուսական հետքի» նկատմամբ հետաքննության ակտիվացում: Իսկ դա հնարավոր կլինի այն հանգամանքի շնորհիվ, որ դեմոկրատները կարող են կառավարել ստորին պալատի այնպիսի առանցքային հանձնաժողովներ, ինչպիսիք են հետախուզականը և պաշտպանականը:

Շատ քաղաքագետների կարծիքով՝ Միացյալ Նահանգներում որոշումների կայացման համակարգը ավելի կբարդանա, իսկ հենց քաղաքական կուրսն ավելի դիսֆունկցիոնալ կդառնա, քան ներկայումս է: Նախագահի վարչակազմի դեմ ընդդիմագործության և սաբոտաժի կուրսը կուժեղացվի: Սակայն իմպիչմենտ Դոնալդ Թրամփին, ամենայն հավանականությամբ, չի սպառնում, քանի որ դրա համար պահանջվելու է Սենատի երկու երրորդի հավանությունը: Իսկ Սենատը մնացել է նախագահի կուսակցության վերահսկողության տակ: Վերին պալատն է նաև հիմնականում որոշում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, ուստի կտրուկ փոփոխություններ հավանաբար չեն լինի: Չինաստանի և Ռուսաստանի վրա ճնշումները, հավանաբար, կշարունակվեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: