Լիլիթ Պողոսյան. «Ուրախ եմ, որ իմ քայլով նպաստում եմ նաև Հայաստանում բադմինթոնի զարգացմանը»
Անկախի հետ զրույցում Լիլիթը գնահատում է վերջին շրջանում ցուցադրած խաղը, միաժամանակ խոսում կուտակած փորձի և ձեռքբերված գիտելիքների մասին:
-Մարզիչներիս որոշմամբ սեպտեմբերից մինչև տարվեվերջ պետք է մասնակցեմ 5-6 մրցաշարի: 3 ամիս շարունակ ծանրաբեռնված մարզումներ անցկացնելուց հետո պահը հասունացավ այդ ամենը փորձարկել ստուգատեսների ընթացքում:
Առաջին մրցաշարը կայացավ Չեխիայում, այնուհետև հանդես եկա Բուլղարիայում, Եգիպտոսում ու Նորվեգիայում: Մինչև տարեվերջ կմասկցեմ ևս 2 մրցաշարի: Չեխիայի ու Բուլղարիայի մրցաշարերը կարծես մարզումային լինեին մարզավիճակ ձեռք բերելու առումով: Նշեմ, որ սպասվածից լավ հանդես եկա այդ մրցաշարերում: Եգիպտոսում արդեն խաղամակարդակիս փոփոխությունները նկատելի դարձան, ավելի հասուն խաղ ցուցադրեցի: Խառը զուգախաղում բավական հաջող հանդես եկա մալթացի Մեթյու Աբելայի հետ: Նրա հետ միասին մարզվում ենք Դանիայում: Հենց Մեթյուի առաջարկով էլ միասին հանդես եկանք: Երբևէ միասին հանդես չէինք եկել: Բավական հաջող ստացվեց մեր խաղը` չնայած որ միասին հանդես գալու փորձ չունեինք: 4 հաղթանակ տոնեցինք` հասնելով կիսաեզրափակիչ և 3-րդ մրցանակային տեղը զբաղեցնելով:
Նորվեգիայում արդեն ինձ ավելի վստահ էի զգում: 1-ին մրցակիցս դանիացի էր` բարձրահասակ և տեխնիկապես շատ ուժեղ: Կարողացա հաղթահարել որակավորման փուլը: Հաջորդ մրցակիցս կորեացի էր: Նշեմ, որ ասիացիները (Կորեա, Չինաստան) մարզաձևի առաջատարներն են: Պայքարեցի մինչև վերջ, սակայն հաղթանակ տոնել չհաջողվեց:
Մինչև տարեվերջ վարկանիշային մրցաշարերի կմասնակցեմ Սլովենիայում և Թուրքիայում:
-Լիլիթ, բադմինթոնի Հայաստանի բազմակի չեմպիոնուհի եք: Վերջերս կայացավ Հայաստանի առաջնությունը: Հետևե՞լ եք առաջնության ընթացքին:
- Առաջնության մասնակիցներից շատերի հետ մտերիմ եմ: Մշտապես հաղորդակցվում ենք: Նրանց խորհուրդներ եմ տալիս թե՛ մարզումների, թե՛ մրցաշարերի ժամանակ: Հնարավորության սահմաններում աջակցում եմ` ցանկանալով եմ ամեն կերպ օգնել:
Հայաստանի առաջնության ընթացքում, թեև մասնակցում էի մրցաշարի, բայց հետևում էի խաղերի ընթացքին: Ուրախ եմ, որ կան խաղացողներ, որոնք ձգտում են հաջողություններ գրանցել այս ասպարեզում:
Նշեմ, որ բոլորովին վերջերս մարզչական դասընթացների մասնակցեցի: Ձեռքբերված փորձով ու գիտելիքներով պարբերաբար կիսվում եմ նրանց հետ:
Հետևելով առաջնության ընթացքին` նկատեցի, որ կան մարզիկներ, որոնց անգամ չեմ էլ ճանաչում: Սա, իհարկե, ոգևորում: Նշանակում է` բադմինթոնով զբաղվողների թիվն ավելանում է: Երբ Երևանում էի, մարզադահլիճում հանդիպեցի մարզվող երեխաների, որոնք ինձ ճանաչում էին, ոգևորված էին իմ հաջողություններով: Սա մեծ պատիվ է ինձ համար: Ես այժմ մարզվում եմ Դանիայում իմ նպատակի իրագործման և այս ասպարեզում ավելի լուրջ հաջողություններ գրանցելու համար: Ուրախ եմ, որ իմ քայլով նպաստում եմ նաև Հայաստանում բադմինթոնի զարգացմանը, ինչն ինձ համար անչափ կարևոր է:
-Նշեցիք, որ Դանիայում մասնակցել եք մարզչական դասընթացների: Հնարավո՞ր է` հետագայում մարզչական գործունեությամբ զբաղվեք:
-Սիրում եմ բադմինթոնը, սիրում եմ նաև մարզչի աշխատանքը: Ցանկանում եմ հետագայում նաև որպես մարզիչ հանդես գալ: Երբ վերադառնամ Հայաստան, հաճույքով կմարզեմ երեխաներին: Մասնագիտական կրթություն չունեմ, սակայն այս դասընթացն իր մեջ ներառում է աշխարհի բադմինթոնի ֆեդերացիայի 4 կուրսերից 2-ը:
Նշեմ, որ վերջին հաջող ելույթներիս բավական նպաստեց նաև այս փորձը: Սովորեցի` ինչպես վերաբերվել խաղացողներին, տեխնիկատակտիկական հնարքները ճիշտ կիրառել: Խաղի ընթացքում, անգամ եթե մարզիչը կողքիս չի լինում, ճիշտ եմ կողմնորոշվում տարբեր պահերի: Երբ հասկանում եմ առաջին պլանը չի աշխատում, անցնում եմ երկրորդին: