Հայերեն   English   Русский  

Մենք նույն ձևով ենք պատկերացնում Հայաստանի զարգացումը․ Հովհաննես Իգիթյանը «Իմ քայլի» կազմում առաջադրվելու մասին


  
դիտումներ: 1186

1-ին գումարման Գերագույն խորհրդի և 1-ին գումարման Ազգային ժողովի պատգամավոր, նախկին ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանը կմասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։

Նա ցանկում ընդգրկված է որպես անկուսակցական և զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը։

Անկախն այդ թեմայով զրուցել է Հովհաննես Իգիթյանի հետ։

-Պարոն Իգիթյան, ինչպե՞ս և ինչո՞ւ որոշեցիք մասնակցել խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

-Ճիշտն ասած, դա տրամաբանական է, ինձ համար գոնե, կարծում եմ՝ նաև «Իմ քայլը» դաշինքի համար։ Մենք նույն ձևով ենք պատկերացնում Հայաստանի զարգացումը։ Ընդհանուր է նաև նախկին արատավոր երևույթների վերաբերյալ վերաբերմունքը։ Ինձ առաջարկեցին և ես համաձայնեցի։

-Փաստորեն գաղափարական առումով ՔՊ-իհետ համակարծի՞ք եք։

-Այո, հենց առաջին օրվանից։ Այնպես չէ, որ այսօր է այդպես կամ մի տարի, երկու տարի առաջ։ Կարող եք նայել իմ նախկին հարցազրույցները։ Այն թեզերը, որ ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանը հեղափոխության ժամանակ, բազմիցս հնչել են իմ հարցազրույցներում։ Ռազմավարության տեսակետից մենք Հայաստանի ուղղվածությունը տեսնում ենք նույնատեսակ։

-Պարոն Իգիթյան, ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր օրենսդիր գործունեությունը։

-Բոլոր դեպքերում ցանկացած պատգամավոր պետք է բոլոր ոլորտներով զբաղվի։ Բայց ոլորտի տեսակետից իմն արտաքին քաղաքականությունն է և արտաքին տնտեսական ոլորտը։ Աշխատելու եմ, որ օրենսդրական դաշտը գրավիչ դառնա միջազգային առևտրային կազմակերպությունների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու համար։

-Իսկ Ղարաբաղի հարցում որպես պատգամավոր ի՞նչ դիրքորոշում եք ունենալու։

-Որպեսպատգամավոր և որպես քաղաքացի Ղարաբաղի հարցում նույն դիրքորոշումն եմ ունենալու, ինչպես և ունեցել եմ։ Փոխելու անհրաժեշտություն չկա։ Լիովին համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի մոտեցմանը, որ Լեռնային Ղարաբաղը պետք էհստակ ձևով ներկայացվի բանակցային գործընթացում։ Նաև գտնում եմ, որ Ազգային ժողովն իր դերակատարությունը պետք է ունենա խորհրդարանական դիվանագիտության իրականացման գործում։

Եթե ավելի կոնկրետացնենք, մենք պետք է ճիշտ, հասկանալի, միջազգայնորեն և քաղաքակիրթ աշխարհին ճանաչելի ձևով կարողանանք ներկայացնել խնդիրը։ Իհարկե, նաև Լեռնային Ղարաբաղի հնարավորին չափ մասնակցությունը պետք է ապահովվի բոլոր այն տեղերում, որտեղ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը։

-ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել է, որ «Նիկոլ վարչապետ» կարգախոսով են մասնակցելու ընտրություններին։ Այս կարգախոսը Ձեր կարծիքով որքանո՞վ է տեղին, արդյո՞ք սա քաղաքական ուժի ծրագիր ներկայացնող կարգախոս է։

-Դուք համոզվա՞ծ եք, որ այդ կարգախոսն է լինելու։ Չգիտեմ, թե ով է հայտարարել։ Եվ չգիտեմ, թե օֆիցիալ ինչ կարգախոս է լինելու։ Կարող եմ ասել այն, ինչ-որ ժողովրդից եմ լսել․ հասարակության զգալի մասը ցանկանում է տեսնել Նիկոլ Փաշինյանին վարչապետ, այլ հարց է, թե այդ կարգախոսը կլինի, թե ոչ։ Այդ հարցին չեմ կարող պատասխանել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: