Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի ագրեսիվ վարքի 3 գլխավոր պատճառները` ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի


  
դիտումներ: 931

«Հենց տարեսկբից սկսված լարվածությունը սահմանին նախորդ երկու տարիների ընթացքում կանխատեսվել էր: Ադրբեջանի այս ագրեսիվ վարքի 2 տասնյակ պատճառ կա», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը դրանցից առանձնացրեց 3-ը.

  • Ցեղասպանության 100-րդ տարելիցը. 2014-ի վերջում բավականին բարձր մակարդակի ինտենսիվ հանդիպումներ տեղի ունեցան Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Շատ հավանական է, որ դրանց ընթացքում քննարկվել է նաև այդ հարցը: Ամեն ջանք գործադրվում է միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար: Սահմանում լարվածություն ստեղծելով նրանք Հայոց ցեղասպանությունը 2–րդ պլան են գցում:
  • Անդամակցությունը ԵՏՄ-ին. ԵՏՄ-ի կայանալու դեպքում Հայաստանը անվտանգության նոր երաշխիքներ կունենա, իսկ այժմ քանի դեռ միությունը խմորումների մեջ է, Ադրբեջանը փորձում է սովորական դարձնել այն փաստը, որ միության անդամ պետության սահմանները գնդակոծվում են և որ այն կարող է պատերազմի մեջ գտնվել:
  • Վերջին 3 տարիների ընթացքում Ադրբեջանը փորձում է հանդես գալ «խաղաղություն վաճառողի» դերում: Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ցանկանում են տեսնել խաղաղ տարածաշրջան: Ադրբեջանը փորձում է վաճառել այդ խաղաղությունը և դիվիդենտներ ստանալ: Ընդ որում` նա նման քաղաքականություն վարելու հնարավորություններ ունի:

Հրանտ Մելիք – Շահնազարյան Ադրբեջանին ավելի համարձակ է դարձնում այդ երկրում տարածված կարծիքը, թե Հայաստանը երբեք նախահարձակ չի լինի. թե նա ին քը կարող է հասնցել լարվածությունը իրեն ձեռնտու սահմանի, իսկ վտանգի պահին հետ քաշվել. «Սա Ադրբեջանի գլխավոր սխալն է: Իմ համոզմամբ կարող է լինել իրավիճակ, երբ Հայաստանը ինքը նախահարձակ լինի: ԼՂՀ պաշտպանության նախարարն Մովսես Հակոբյանը արդեն մի անգամ զգուշացրել է, որ նման քայլի կարող է դիմել», - ասաց քաղաքագետը:

Նա գտնում է, որ այս փուլում ՀԱՊԿ-իմիջամտության կարիք չկա, օտար բանակ բերել մեր երկիր անտեղի է: Հայաստանի ռազմական պոտենցիալը բավարար է հակառակորդին զսպելու համար: Ներկայումս դիվանագիտական դաշտում մեծ աշխատանք պետք է կատարվի: «Ես առաջարկում եմ դադարել մասնակցել բանակցությունների: Դրանց մասնակցելու համար պետք է նախապայմաններ դնել Ադրբեջանի առջև , այդ թվում` հեռացնել դիպուկահարներին: Հայաստանը ունի պոտենցիալ դիվանագիտական նախաձեռնությունը իր վրա վերցնելու», - ասաց Հրանտ Մելիք -Շահնազարյանը:

Ըստ նրա`վերջին 2 օրերը համեմատաբար հանգիստ անցան: Այս օրերի ընթացքում հակառակորդը 3 տասնյակ զոհ է ունեցել. «Չեմ բացառում, որ այս հանգստությունը կարող է խաբուսիկ լինել: Պետք է ընդունել, որ գործ ունենք նոր իրավիճակի հետ, որը չեմ կարող բնութագրել այլ բառով քան պատերազմ», - ասաց նա:

Անդրադառնալով հասարակությունում մերթընդմերդ հնչող այն կարծիքներին, թե Գյումրու ոճրագործությունից հետո անհրաժեշտ է հեռացնել ռուսական ռազմաբազան Հայաստանից, Հրանտ Մելիք- Շահնազրյանն ասաց. «102-րդ ռազմաբազան կարևոր խնդիր է լուծում: 328 կմ ձգվող սահման ունենք Թուրքիայի հետ, որը մարտական կարգով չի պաշտպանվում: Ռազմաբազայի հեռանալու դեպքում ռեսուրսների խնդիր կառաջանա»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: