Հայերեն   English   Русский  

Ռազմական բժշկի կոչմանը հավատարիմ...


  
դիտումներ: 8831

Նոյեմբերի 17-ին նշվում է Ռազմական բուժաշխատողի օրը: Թեմայի առանձնահատկություններին, ոլորտում առկա դժվարություններին և զարգացումներին ծանոթանալու համար զրուցել ենք ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Արմեն Նազարյանի հետ:

-Պարոն Նազարյան, ինչպե՞ս է ծնվելՀՀ զինված ուժերում ռազմաբժշկական վարչություն ստեղծելու գաղափարը: Ինչպիսի՞ ճանապարհ է անցել կառույցն այս 26 տարիների ընթացքում, ի՞նչ ստորաբաժանումներ ունի:Ի՞նչ խնդիրներ ու ձեռքբերումներ կան այսօր վարչությունում:

-Հայոց բանակի ստեղծմանը զուգընթաց կազմավորվել են բանակային մնացած ծառայությունները: Դրանց կազմում եղել են նաև ապահովման ծառայությունները, որոնց թվին է պատկանում նաև ռազմաբժշկականը, որն ինքնին բանակի անքակտելի մասն է, քանի որ զինծառայողները ինչպես ծառայության ընթացքում, այնպես էլ որոշակի իրավիճակներումմշտապես կարիք են ունենում որոշակի բժշկական օգնության և սպասարկման։ Այդ պահանջարկից ելնելով էլ ձևավորվել և իր մարտական մկրտությունն է ստացել ռազմաբժշկական ծառայությունը։

Ռազմաբժշկական վարչությունը և ռազմաբժշկական ծառայությունը 26 տարիների ընթացքում անցել է կազմավորման և զարգացման բավականին լուրջ ճանապարհ և ներկա պահին իր ուրույն տեղն ունի առողջապահության ընդհանուր համակարգում։

Ռազմաբժշկական ծառայությունը երկու մեծ ու կարևոր մասերից է բաղկացած: Դրանք մեր զորամասային և հոսպիտալային օղակների բուժծառայություններն են։ Զորամասային օղակն առաջնային բուժօգնության ծառայությունների մատուցման, հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման ամբողջությունն է: Հոսպիտալային օղակն իրականացնում է որակավորված ու մասնագիտացված բուժօգնություն և սպասարկման ծառայությունների մատուցում։ Այս երկու իրար հաջորդող բուժօգնության փուլերը ժամանակի ընթացքում փոխարինում են մեկը մյուսին և´ բուժօգնության ցուցաբերման, և´ բժիշկների մասնագիտական վերելքի տեսանկյունից: Զինվորական բժիշկն իր ծառայությունը սկսում է զորամասային օղակում՝ որպես բժիշկ, իսկ համապատասխան գործնական հմտություններ ձեռք բերելուց հետո կարող է դառնալ զորամասի բուժկետի պետ, այնուհետև՝ բուժծառայության պետ: Դրան հաջորդում է ռազմական բժշկի հաջորդ կարևոր փուլերից մեկը՝ մասնագիտացումը, որի շրջանակներում նրանք ստանում են նեղ մասնագիտական կրթություն:

Տարիների ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներից կարելի է առանձնացնել վարչության լավագույն բժշկական կադրերին, որոնք այսօր իրենց ունեցած բարձր պրոֆեսիոնալիզմով առողջապահության համակարգի լավագույն մասնագետներն են: Կարևոր ձեռքբերում են նաև մեր կայացած հոսպիտալները, որ ոչնչով չեն զիջում առաջատար բժշկական կազմակերպություններին: Այդ հոսպիտալները ապահովվածեն իրենց մոտ մատուցվող բուժօգնության համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով: Որպես լավագույն ձեռքբերում՝ պետք է շեշտադրել նաև զորամասային օղակի բուժծառայությունը, որը, լինելով մեր բուժծառայության հենքը, բուժօգնության և սպասարկման գործող կայուն համակարգ է՝ համալրված առաջին բուժօգնության ցուցաբերման բոլոր միջոցներով: Հետագա զագացման հետ կապված շատ նպատակներ և խնդիրներ ունենք: Դրանց թվին են պատկանում որակյալ կադրերի շարունակական պատրաստումը, վերապատրաստումները, բուժօգնության որակի բարձրացումը, բուժօգնության ծավալների մեծացումը, նոր հոսպիտալային համալիր ունենալը, ինչպես նաև ինտեգրումը բժշկագիտությանը։ Խնդիրներն այնպիսին են, որ առօրյա մեր սպասարկմանն ընդհանրապես չեն խոչընդոտում, բայց դրանք ցանկալի նպատակներ են, որին պետք է ձգտենք և հասնենք։

-Այսօր համակարգում կա՞ն Արցախյան պատերազմին մասնակցած բժիշկներ, որոնց փորձառությունն օգտագործվում է թե´ մասնագիտական, թե´ հոգեբանական առումով:

-Շատ կան Արցախյան պատերազմին մասնակցած բժիշկներ, որոնք պատերազմի տարիներին իրենց յուրահատուկ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողացել են դաշտային պայմաններում հասնել այնպիսի արդյունավետություն, որն այսօր անգամ հիվանդանոցներում շատ դժվար է ստանալ:Նույնիսկ եղել են զարմանահրաշ դեպքեր, երբ բաց երկնքի տակ վիրահատություններ են կատարվել,և վիրահատվածների վերքերը լավացել են՝ առանց որևէ բարդության: Ուստի նույնիսկ հիմա մենք գրեթե ամեն օր նրանցից ստանում ենք իմաստուն խորհուրդներ՝ հիմնված իրենց հզոր փորձառության վրա։ Նրանք մեր ավագ ընկերներն են, ուսուցիչները, մեր ծառայության շոգեքարշը։

-Ընդհանրապես ո՞ր կրթական հաստատություններն են ռազմական բժիշկներ պատրաստում:Այսօր ունե՞նք անհրաժեշտ թվով ռազմական բժիշկներ:Եվ արդյոք մեր երիտասարդ կուրսանտները պատրա՞ստ են պատվով կրել ռազմական բժշկի կոչումը:

-ՀՀ-ում ռազմական բժիշկների կրթական միակ համակարգը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետն է, որը ձևավորվել է 1994-ին և գործում է առ այսօր։ Մեր հիմնական ռազմաբժշկական կադրերի գերիշխող մասը ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներ են, որոնք այսօր զբաղեցնում են շատ բարձր պաշտոններ՝ վարչության պետի տեղակալներ, հոսպիտալների պետեր, զորամիավորումների բուժծառայությունների պետեր։ Պետք է շեշտեմ, որ ռազմաբժշկական ֆակուլտետի ներկայիս պետը նույն ֆակուլտետի շրջանավարտ է: Մեր կուրսանտները ռազմաբժշկական ֆակուլտետում սովորում են վեց տարի: Նրանք միաժամանակ ստանում են և´ բժշկական, և´ զինվորական կրթություն: Այդ վեց տարիներն ամբողջությամբ բավարար են, որ ձևավորվի ռազմական բժշկի հոգեբանությունը, որպեսզի նրանք դառնան իսկական զինվորական բժիշկներ: Դրան հասնելու համար որոշակի պարբերականությամբ որոշակի ժամկետով կազմակերպվում են զորային ստաժավորումներ, ինչն իրենից ներկայացնում է գործուղումներ զորամասերի բուժկետերում: Կուրսանտներն այդ ընթացքում ապրում են զորամասի առօրյայով, շփվում են զինվորի և զինվորական բժիշկների հետ, ծանոթանում են զինվորական ծառայության խնդիրներին: Արդյունքում, երբ գնում են զորամաս արդեն որպես պատրաստի ռազմական բժիշկներ,այլևս ադապտացիոն խնդիրներ չեն ունենում և դրսևորում են իրենցմասնագիտական հմտությունները:

Ապրիլյան օրերը ցույց տվեցին, որ, այո´, մեր տղաները կարողանում են հերոսաբար հաղթահարել իրենց առջև ծառացած խնդիրները: Այդ օրերին ռազմաբժշկական ծառայության առաջնային օղակը, որ հիմնականում համալրված էր ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներով, իր վրա վերցրեց առաջին բուժօգնության ցուցաբերման ծանր գործը՝ այն փայլուն իրականացնելով:

Նշեմ նաև, որ ռազմաբժշկական ծառայությունը համալրվում է ոչ միայն ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներով: Մենք ունենք համալրման նաև այլ ռեսուրսներ՝ մեր երկտարեցի բժիշկների զորակոչը (յուրաքանչյուր տարի իրականացվում է մեկ անգամ) և իրենց ցանկությամբ զինված ուժեր զորակոչվողները, այդ թվում՝մեծ թվով իգական սեռի ներկայացուցիչներ: Այս ամենի արդյունքում ունենք բավարար կադրային ռեսուրս, որը հնարավորություն է տալիս լուծել բժշկական օգնության և սպասարկման խնդիրները:

-Որո՞նք են ռազմական բժշկի ընդգծված առանձնահատկությունները: Ինչո՞վ են նրանք տարբերվում քաղաքացիական բժիշկներից:

-Ռազմական բժիշկը պատրաստ է ցանկացած պայմաններում բժշկական և հոգեբանական աջակցություն ցուցաբերել: Նա պարտաճանաչ է, աշխատում է գիշեր ու զօր,չի տրտնջում և պատրաստ է կրելու իր ուսերին ընկած ողջ պատասխանատվությունը:Որպես բժշկության ճյուղ՝ ռազմական բժշկությունը գուցե շատ չի տարբերվում, որովհետև և´ հոսպիտալներում, և´ հիվանդանոցներում բուժման սկզբունքը նույնն է, բայց որպես ծառայության տեսակ շատ է տարբերվում: Ռազմական բժշկության խնդիրների ամբողջության մեջ են մտնում անգամ զինծառայողների կրթությամբ զբաղվելը, կրտսեր մասնագետներ պատրաստելը, և, իհարկե, հիվանդությունների կանխարգելումն ու մասնագիտացված բուժօգնությունը:

-Ի՞նչով են զբաղված ռազմական բժիշկները խաղաղ պայմաններում:

-Զինվորական բժիշկները խաղաղ պայմաններում իրականացնում են իրենց առօրյա գործունեությունը, որը ներառում է օրվա կարգացուցակով նախատեսված մի շարք միջոցառումներ՝ կանխարգելիչ աշխատանքների իրականացում, բժշկական զննումների կազմակերպում, հիվանդների ընդունելության անցկացում, հետազոտությունների և բուժման կազմակերպում:

-Արդյո՞ք ռազմական բժիշկների հիվանդները միայն զինվորներն ու սպաներն են:

-Առաջին հայացքից այդպես է թվում, սակայն զինվորական բժիշկները սպասարկում են նաև զինծառայողների ընտանիքների անդամներին, երկարամյա զինվորական ծառայության և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին, որոնք ունեն տարբեր սեռային և տարիքային պատկանելություն, տվյալ տարիքին և սեռին բնորոշ հիվանդություններ: Բացի այդ՝ «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն հոսպիտալներն իրավունք ունեն բժշկական ծառայություններ մատուցել նաև քաղաքացիների, ինչը հնարավորություն է տալիս մշտապես բարձր մակարդակի վրա պահել զինվորական բժշկի մասնագիտական պատրաստվածությունը: Սակայն զորամասային օղակում բուժօգնության ցուցաբերման տեսանկյունից պատկերը այլ է, քանի որ այնտեղ հիմնականում երիտասարդ տղաներ են: Բայց զորամասային օղակն էլ զինվորական բժշկին տալիս է բուժօգնության կազմակերպման բացառիկ փորձ և հմտություններ:

Շեշտեմ, որ զինծառայողների ընտանիքների անդամների հետ ունեցած մեր բազում շփումների ընթացքում առ այսօր չեն եղել դեպքեր, երբ մեղադրանքներ կամ բողոքներ ստանանք՝ հասցեագրված զինվորական բժիշկներին: Ընդհակառակը, պարբերաբար ստանում ենք շնորհակալական նամակներ զինծառայողներից՝ հոգատար վերաբերմունքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար:

-Ինչպե՞ս է Ռազմական բուժաշխատողի օրը նշվում Զինված Ուժերում:

-Նոյեմբերի 17-ը մեզ համար յուրահատուկ օր է: Եթե բժիշկների համար դա հերթական տոնն է, ապա զինվորական բժիշկների համար բացառիկ է: Եվ այդ օրը նշվում է զինվորական բոլոր բուժաշխատողների տոնը՝ սկսած սանհրահանգիչներից մինչև բժիշկներ: Մեր գործում մենք չենք տարանջատում բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ, քանի որ ռազմական բժշկությունը հավաքական կոլեկտիվ է, և մերհաջողությունները կախված են այդ կոլեկտիվի յուրաքանչյուր անձի հաջողությունից: Օրը սկսում ենք սովորականի պես՝ ծառայողական պարտականությունների կատարմամբ, բայց չենք մոռանում կրել մեր տոնական համազգեստը և շնորհավորել մեկս մյուսին, հատկապես՝ մեր ավագ ընկերներին: Ռազմական բուժաշխատողի օրը նշելուց մենք չենք կրկնվում և կազմակերպում ենք յուրօրինակ միջոցառումներ: Դրանք լինում են հանդիսավոր միջոցառումների, ցուցադրական վարժանքների, տոնական համերգների տեսքով:

-Պարոն Նազարյան, ի՞նչ կմաղթեք ռազմական բժիշկներին:

-Նախ և առաջ ցանկանում եմ, որ բոլորս միասին մեր պարտականությունները կատարենք խաղաղ պայմաններում, իսկ մեր բուժաշխատողներին մաղթում եմ առողջություն, մասնագիտական վերելքներ, գործնական հաջողություններ, հաղթական կամք ու ընտանեկան երջանկություն:

Արփի Խաչատրյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: