Հայերեն   English   Русский  

«Փրկել ոչ շարքային արքայազնին», կամ Գյուլենի զոհաբերությունը հանուն Մուհամմադ բն Սալմանի «փրկության»


ֆբ գրառում


  
դիտումներ: 1073

Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում է Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հավանականությանը։ Նա գրում է․

«Դոնալդ Թրամփի վարչակարգն ամենայն լրջությամբ զբաղված է, պատկերավոր ասած, «փրկել ոչ շարքային արքայազնին» հատուկ գործողության նախապատրաստմամբ, որի նպատակը սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամմադ բն Սալմանի հետքերը հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսական ներկայացուցչությունում սաուդցի այլախոհ Ջամալ Խաշոկջիի աղմկահարույց սպանության գործում կոծկելն է:

Բանն այն է, որ հանցագործության հետաքննության արդյունքում պարզված նոր հանգամանքները, կարծես, անհերքելի են դարձնում սաուդյան արքայազնի մեղսակցության իրողությունը: Իսկ Թուրքիայի իշխանությունները, ի դեմս նախագահ Ռեջեփ Էրդողանի, քաջ գիտակցելով իրենց ձեռքին հայտնված քաղաքական հաղթաթղթի կարևորությունը, պարբերաբար խաղարկում են այն՝ սակարկությունների, հատկապես շանտաժի լայն դաշտ բացելով նախ Էր Ռիադի, ապա նաև Վաշինգտոնի հետ:

Խնդիրն այն է, որ Թրամփի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականության օրակարգի իրացման բավական կարևոր շրջափուլում առանցքային դաշնակցի՝ Մուհամմադ բն Սալմանի հետ կապված նման աղմկահարույց գործի ի հայտ գալը լուրջ խնդիրներ է առաջացնում հատկապես Իրանի դեմ ծրագրված գործողությունների տեսանկյունից, հետևաբար փորձագիտական շրջանակների կանխատեսմամբ՝ Սպիտակ տունը բոլոր հնարավոր միջոցները կիրառելու է՝ իրավիճակը շտկելու համար:

Նշվածի համատեքստում շրջանառվող ամենաուշագրավ սցենարներից մեկը Էրդողանի «բերանը փակելու» համար ԱՄՆ-ում ապաստանած Թուրքիայի նախագահի ամենաոխերիմ հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին Անկարային արտահանձնելու հավանականությունն է, որի իրականացման իրավական հնարավորությունները քննարկելու հանձնարաություն է դեռևս անցած ամիս տվել Թրամփի վարչակազմն երկրի իրավապահ մարմիններին:

Այսպիսով, կարծես, ստեղծվել է մի իրողություն, երբ ԱՄՆ-ը պատրաստ է զոհաբերել Թուրքիայի իշխանությունների դեմ ունեցած կարևորագույն խաղաքարտերից մեկը, ըստ Էրդողանի՝ 2016թ. հուլիսյան ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպչին՝ փրկելու համար Մերձավոր Արևելքում Թրամփի ամենակարևոր և արկածախնդիր դաշնակիցներից մեկին՝ սաուդյան գահաժառանգ արքայազնին»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: