Հայերեն   English   Русский  

«Եթե Դուք Դավիթ Շահնազարյանին ուզում եք համեմատել որևէ այլ ցուցակում եղած մարդու հետ՝ անվտանգության և Արցախի հարցում իր փորձաքննության մակարդակով, Դուք նախօրոք պարտված եք». Վիգեն Սարգսյան


Վիգեն Սարգսյանը «Այսօր իրականում» հաղորդման հյուրը Հանրայինի եթերում


  
դիտումներ: 969

«Դուք երևի սխալ եք պատկերացնում ցուցակի իմաստը. Ցուցակը հավաքում է մարդկանց, որոնք համախոհ են երկրի ընդհանուր զարգացման հեռանկարի նկատմամբ, և նրանք կարող են ունենալ շատ տարբեր մոտեցումներ, հատկապես, որ Դավիթ Շահնազարյանը մեր կուսակցության անդամ չէ։ Մեր ցուցակը համախմբում է մարդկանց, որոնք իրար հետ հսկայական ճանապարհ ունեն անցած։ Եվ եթե Դուք Դավիթ Շահնազարյանին ուզում եք համեմատել որևէ այլ ցուցակում եղած մարդու հետ՝ անվտանգության և Արցախի հարցում իր փորձաքննության մակարդակով, Դուք նախօրոք պարտված եք, որովհետև երկրում մատների վրա կարելի է հաշվել մարդկանց, ովքեր այդ խնդիրները գիտեն Դավիթ Շահնազարյանի պես»,- նշեց երեկ Հանրային հեռուստաընկերության «Այսօր իրականում» հաղորդմանը հյուրընկալված պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն տարակուսանքին, թե ՀՀԿ ցուցակի 2-րդ համարում ընդգրկված է մի մարդ, ով տրամագծորեն հակառակ կարծիք ու տեսակետ ունի, մասնավորապես, ՀՀԿ արտաքին քաղաքական կողմնորոշումների հարցում՝ կապված Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության և հայ-ռուսական հարաբերությունների հետ առհասարակ։

Ըստ Վ. Սարգսյանի՝ ՀՀԿ-ն այն ուժն է, ով կարող է իրեն թույլ տալ իր ցուցակի մեջ ներառել մարդկանց, ովքեր ունեն ներքին տարբեր մոտեցումներ նույնիսկ առանցքային խնդիրների շուրջ՝ միաժամանակ ունենալով միասնական տեսլական երկրի քաղաքականության ու առաջիկա անելիքների մասին։

«Մենք ձևավորում ենք խորհրդարանի ապագա ֆրակցիա, որը պետք է ունենա խորհրդարանական դիվանագիտության ամենատարբեր ուղղություններով աշխատող մարդիկ։ Մենք ձևավորում ենք ֆրակցիա, որը մեր երկրի համար կարևորագույն հարցերում ունի փորձագիտական լրջագույն պաշար, և ով որ կարող է նշված հարցերում մրցել Դավիթ Շահնազարյանի հետ, ես ուղղակի հիացած կլինեմ, բայց իրականում այլ ցուցակներում այդպիսի մարդիկ գրեթե չկան»,- հավելեց Վ. Սարգսյանը։

Վերջինս կարծում է նաև, որ ընտրողի համար շատ կարևոր է, որ քաղաքականություն գան քաղաքական հարուստ փորձ, այլ ոչ թե սրճարան կառավարելու փորձ ունեցող մարդիկ։

Հաղորդումը վարող Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, թե արտասահմանում լավագույն կրթություն ստացած մարդուն, ինչպիսին Վիգեն Սարգսյանն է, պետք է, որ սովորեցրած լինեին տարրական բաներ, որ ցուցակի առաջին, երկրորդ, երրորդ համարները նույն տեսլականը պետք է ունենան, ՀՀԿ ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ ըստ երևույթին հարցազրուցավարին տարրական բան չեն սովորեցրել, որ, երբ հարց է տալիս, պետք է բավարարվի պատասխանով, որի հետ կարող է չհամաձայնել, իսկ եթե նա ուզում է իր կարծիքը թելադրել, ապա իրենք կարող են բանավեճի մեջ մտնել, ինքը դեմ չէ, բայց իրենց քաշային կարգերը բոլոր առումներով տարբեր են։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: