Հանրային խորհրդի ևս երկու հանձնաժողով նոր նախագահ ունի
Ս․թ․նոյեմբերի 19-ինտեղի է ունեցել ՀԽ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը։ Առաջադրված 3 թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել սրտաբան, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լևոն Գրիգորյանը։
Հանրային խորհրդի Առողջապահության հարցերի հանձնաժողովում ընդգրկված է առողջապահական ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների, բուժհաստատությունների 56 ներկայացուցիչ։
Մինչ քվեարկությունը Լևոն Գրիգորյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխման իր ծրագիրը, հանձնաժողովի անդամների հետ հարցուպատասխանի միջոցով անդրադարձել առողջապահական համակարգի խնդիրներին և դրանց լուծման վերաբերյալ իր դիրքորոշումն ու տեսակետները ներկայացրել գործընկերներին։
Ս․թ․նոյեմբերի 20-ինտեղի է ունեցել Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգային միակ հարցը նույնպես եղել է հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Առաջադրված 4 թեկնածուներից հանձնաժողովի նախագահ է ընտրվել Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ ՀԽ Պետաիրավական հանձնաժողովում ընդգրկված է 64 անդամ։
Նախագահների ընտրությունից հետո տեղի ունենալիք հանձնաժողովներիառաջիկա նիստերում հանձնաժողովի անդամները կքննարկվեն ոլորտային ենթահանձնաժողովների ձևավորման, աշխատանքային կանոնակարգի սահմանման և հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող այլ հարցեր։
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որից հետո, հոկտեմբերի 9-ին սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեց հասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում (դիմումների վերջնաժամկետը ս․թ․ նոյեմբերի 8-ն էր):
Հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար: Այդպիսով, Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը համալրվում է հաջորդ 15 անդամով, որից հետո 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում են թեկնածուներ և փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում ՀԽ հաջորդ 15 անդամներին՝ ամբողջացնելով Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղի են ունեցել Հանրային խորհրդի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովի նիստերը։