Հայերեն   English   Русский  

Գրքի երևանյան փառատոնին կներկայացվեն ինքնատիպ ստեղծագործություններ


  
դիտումներ: 1050

Գրքի երևանյան երկրորդ փառատոնը` Yerevan Book Fest-ը, այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում (Մելիք-Ադամյան 2/2): Փառատոնի օրերին հայաստանյան հրատարակչությունների մասնակցությամբ տեղի կունենան գրքերի ցուցահանդես-տոնավաճառ, տարատեսակ գրքերի շնորհանդեսներ, ընթերցանություններ, համերգներ:

«Լավագույնը՝ հայ ընթերցողին» խորագրի ներքո Yerevan Book Fest-ին կմասնակցի նաև «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Հայաստանի առաջատար հրատարակչությունը ներկայացնելու է իր կողմից վերջին տարիներին լույսընծայած գրքերը: Մասնավորապես, գեղարվեստական գրքերի սիրահար ընթերցողին կներկայացվեն Էրիխ Մարիա Ռեմարկի, Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի, Ջոն Գրինի, Շարլոթ Բրոնտեի, Օնորե դը Բալզակի և այլ հեղինակների ստեղծագործությունները: Բիզնես և մոտիվացիոն գրքերի սիրահարները կբացահայտեն Սթիվեն Քովիի, Սպենսեր Ջոնսոնի, Քեն Բլանչարդի գործերը: Հրատարակչությունը կներկայացնի նաև արդեն իսկ ազգային բեթսելեր դարձած Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» և Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխությունը»: Գրքեր կներկայացվեն նաև մանուկ և պատանի ընթերցողների համար: Նշենք, որ ներկայացվող գրքերի մեծ մասը լույս է տեսել հենց այս տարի:

Փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև ժամանակակից գրող Էդուարդ Խաչիկյանի «Երկու աշխարհների քաղաքացին» ժողովածուի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա կլինի նաև հեղինակը՝ հայ պետական և քաղաքական գործիչ, արձակագիր, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ Էդուարդ Խաչիկյանը, ով կներկայացնի նոր ժողովածուն:

Խաչիկյանի «Երկու աշխարհների քաղաքացին» ժողովածուի պատմվածքները ոչ միայն անդրադարձ են արցախյան հերոսամարտին, այլև վեր են հանում խառնակ տարիների սև ու մութ էջերը, մարդկային ճակատագրերի անկանխատեսելի ընթացքը, հերոսների ապրումներն ու մաքառումը, երբեմն էլ՝ դաժան փորձությունների միջով անցնելը: Հեղինակը չի ցանկացել պատումները ներկայացնել միայն հերոսական երանգով: Իբրև ազատամարտիկ-հրամանատար, նա ընթերցողին է ցույց տալիս պատերազմի արհավիրքներն իրենց տարատեսակ գույներով…

Ի դեպ, հավելենք, որ Գրքի երևանյան երկրորդ փառատոնին փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին,որի ժամանակ կամփոփվի Գրքի երևանյան փառատոնի ամենամյա գրական մրցանակաբաշխությունը՝ «Արձակ» և «Չափածո» անվանակարգերում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: