Հայերեն   English   Русский  

​Կյանքին նայել ուրիշ աչքերով...


  
դիտումներ: 5032

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է:

Այս առիթով էլ հանդիպել ենք ՀՀ ԶՈՒ սպա մայոր Սարգիս Ստեփանյանին, որը 2014-ի ամռանն Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս ծառայակից ընկերոջն ականապատված տարածքից դուրս հանելու ժամանակ ստացել է ծանր վիրավորում՝ կորցնելով երկու ոտքերն ու մեկ ձեռքը: Չնայած այդ ամենին՝ Սարգիսը ոչ մի կերպ չի տեղավորվում հաշմանդամ բառի շրջանակներում, և արդեն չորս տարի է՝ կոտրում է հաշմանդամության մասին մեր ունեցած կարծրատիպերը իր անփոխարինելի տեսակով՝ ապրեցնող, ուժ տվող, հուսադրող և արարող:

Դրա լավագույն ապացույցը վերջին երկու տարիներին Լեհաստանի Ռումիա քաղաքում բազկամարտի աշխարհի առաջնությունում Սարգիսի նվաճած ոսկե և արծաթե մեդալներն են: Նա իր հաղթանակները պայմանավորում է ձգտումով, նպատակասլացությամբ, անկոտրում կամքով: Սարգիսը խոստովանում է՝ դժվարը ոչ թե հաղթելն է, այլ նվաճած հաղթանակի պահպանումը, ինչն էլ ինքը կարողացավ իրագործել 2017-ին ու 2018-ին: Զրուցակիցս ինքն իրեն հաշմանդամ չի համարում, որովհետև իր ներկան ոչ միայն չի տարբերվում անցյալից, այլև ավելացել է առօրյա ծանրաբեռնվածությունը:

Նրա համար ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հիմնական խնդիրն իր ընտանիքի բարօրությունն է, երեխաներին լավ կրթություն տալն ու լավ մարդ մեծացնելը: Նա համոզված է՝ հաշմանդամությունը չի հաղթահարվում այն մարդկանց մոտ, որոնք չեն կարողանում ճիշտ գնահատել կատարվածը, չեն հաշտվում տեղի ունեցածի հետ և ի վիճակի չեն կյանքին նայել ուրիշ աչքերով: Սարգիսը նկատում է, որ ընտանիքը հաշմանդամություն ձեռք բերած մարդու կյանքում շատ կարևոր է: Հարազատները պետք է ուժեղ լինեն, ոգեշնչեն, ցույց չտան իրենց բացասական ապրումները, ինչպես նաև հենց հաշմանդամություն ունեցող անձն էլ պիտի այդպիսին լինի, որ կարողանան փոխադարձաբար օգնել միմյանց: Սարգիսի ընտանիքում հենց այդպես էլ եղել է: Նա անկեղծանում է՝ երկու որդիների մասին մտքերն են օգնել չթուլանալ, և ամեն ինչ արել է, որ նրանք իրեն նույնքան ուժեղ տեսնեն և հաստատակամ:

Ըստ զրուցակցիս՝ Հայաստանում հաշմանդամների ամենամեծ խնդիրներից են ֆինանսական դժվարություններն ու տեղաշարժման բարդությունները, որոնց հաճախ գումարվում է նաև հասարակության սխալ վերաբեմունքը ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ: Բայց դրանք, ըստ Սարգիսի, բոլորն էլ հաղթահարելի են, եթե ուզում ես հաղթահարել, հակառակ դեպքում միշտ էլ հազար պատճառ կարելի է գտնել դժգոհելու, ընկճվելու համար: Ըստ նրա՝ ցանկացած դժվարություն իր չափով ջանք է պահանջում:

Սարգիսն այն եզակի ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանցից է, որը բավական ակտիվ է նաև սոցցանցերում, և նրա յուրաքանչյուր գրառում ու հաջողություն լայն տարածում է գտնում համացանցում: Նա նշում է, որ իր ձեռքբերումների բարձրաձայնմամբ մարդկանց հուսադրելու հատուկ միտում ունի, իսկ փոխադարձ ուշադրությունը ոգեշնչող է ու պարտավորեցնող արդեն իր համար:

Ժամանակն էր անդրադառնալու ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիային, որի նախագահն է Սարգիսը: Նա պատմում է՝ ֆեդերացիան ստեղծելու ծրագիր վաղուց ուներ, բայց իրագործել է միայն այս տարվա հունիսին, որովհետև սպասում էր սպորտային ասպարեզում իր անձնական հաջողություններին, որ սեփական փորձառությամբ օրինակ ծառայի մյուսներին:

Ֆեդերացիան ունի մեկ հիմնական նպատակ՝ զարգացնել հաշմանդամային պրոֆեսիոնալ սպորտը Հայաստանում՝ դուրս գալով միջազգային ասպարեզներ: Որպես մոտակա նպատակ Սարգիսը նշեց 2019-ին ֆեդերացիայի մի քանի անդամների Եվրոպայի կամ աշխարհի մրցումներին մասնակցելու ցանկությունը՝ հենարանից սեղմում վարժության և բազկամարտի ուղղություններով, ինչի համար անում են ամեն բան: Եվ հենց այդ նպատակին է ծառայում նաև Սարգիսի և իր զինհաշմանդամ ընկերների այս տարվա սեպտեմբերի 1-ին բացած «Legends Gym» («Լեգենդներ») մարզասրահը, որ պատկանում է ֆեդերացիային: Այստեղ մարզվում են և´ հաշմանդամություն ունեցող մարդիկ, և´ չունեցող: Վերջիններս իրենց փոքրիկ նվիրատվությունն են անում՝ տասը հազարական դրամների տեսքով, որ վճարում են ամսական 12 պարապմունքի համար: Իսկ հաշմանդամները մարզվում են բացարձակ անվճար: Ընդ որում դա վերաբերում է ոչ միայն զինհաշմանդամներին, այլև բոլորին, որովհետև նրանք նույն խնդիրներն ու հոգսերն են հաղթահարում:

Այս մարզասրահը, ըստ Սարգիսի, մյուսներից տարբերվում է առաջին՝ արտաքին պայմանների մատչելիությամբ. ամեն ինչ հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար, որ նրանք կարողանան առավելագույն ինքնուրույն լինել: Երկրորդ՝ կան հարմարեցված մարզասարքեր, որոնցից շատերը հենց Սարգիսի մտահղացմամբ ու փորձով են հատուկ պատրաստվել, որ հեշտանա մարզման ընթացքը: Այս պահին էլ մտածում են հատուկ մեքենա ձեռք բերելու ուղղությամբ, որ իրենց վարորդն օգնի այն մարդկանց, որոնք տեղաշարժման ու ֆինանսական դժվարություններից ելնելով չեն կարողանում հաճախել մարզասրահ:

Սարգիսը շատ կարևորեց նաև մարզասրահի մթնոլորտը, այն գաղափարը, որ միավորում է ֆիզիկական խնդիրներ ունեցող ու չունեցող մարդկանց: Այստեղ փոխվում են մարդկանց նախկինում ունեցած պատկերացումները հաշմանդամության վերաբերյալ, բոլորը պարապում են ուրախ ու ջերմ միջավայրում, ինչն ամենագնահատելին է: Ժամանակի ընթացքում անգամ այն հաշմանդամները, որ սկզբում դժգոհել են, դժվարություններ ստեղծել, հասկացել են՝ ի վիճակի են իրենք իրենց ներսում կարծրատիպը կոտրելով հասնել հաջողությունների՝ դառնալով առավելագույն ինքնուրույն թեկուզ հենց մարզումների ժամանակ: Դա է պատճառը, որ մարզասրահ հաճախորդները այդ ամենի մասին պատմում են նաև իրենց ծանոթներին ու ընկերներին, անգամ խնդրում են գնալ ու համոզելով բերել այնպիսի մարդկանց, որոնք տարիներ շարունակ տանից դուրս չեն եկել:

Մարզասրահն ունի 25-30 հաշմանդամներ, որոնց մեջ կան ոչ միայն հենաշարժողական խնդիրներ ունեցողներ, այլև խուլեր: Հաջողության գաղտնիքը նաև մարզիչների մեջ է, որոնց մի մասն անգամ աշխատում է կամավորության սկզբունքով: Հավաքված հաջող թիմն էլ հույս է ներշնչում, որ բացի ուժային սպորտաձևերից՝ առաջիկա տարիներին կկարողանան մասնակցել նաև թիմային մրցումների: Սարգիսը հավատացնում է՝ ֆեդերացիան ամեն ինչ անում է, որ հաշմանդամային սպորտը զարգանա Հայաստանում:

Զրուցակիցս հպարտությամբ է նշում, որ երկու ամիս առաջ իրենց ֆեդերացիան Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացրեց սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնություն շատ բարձր մակարդակով՝ պահպանելով բոլոր միջազգային չափորոշիչները՝ այսքան տարվա մեջ առաջին անգամ ամեն ինչ կազմակերպելով առանց կոպիտ խախտումների: Զրուցակիցս շեշտում է՝ պատրաստ են համագործակցել բոլոր նրանց հետ, որոնք մտածում են իրենց պես և մեծ ցանկություն ունեն, որ Հայաստանում զարգանա հաշմանդամային սպորտը: Իրենց ֆեդերացիան ամեն ինչ անում է շատ լավ կամ ընդհանրապես չի անում:

Հաջորդ տարվա ամռանն էլ պլանավորում են անցկացնել բազկամարտի հայաստանյան առաջնություն: Իրենց համար կարևոր է նաև այն, որ մինչ առաջնությունը մասնակիցները կարողանան պարապել: Ֆեդերացիան աստիճանաբար կարողանում է համակարգել այդ մարդկանց, մարզիչների հետ միասին սիստեմատիկ պարապել նրանց հետ, որ մասնակցեն մրցումների: Սարգիսը նկատում է՝ մարդիկ մարզասրահ հաճախում են ոչ միայն պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու, այլև թեկուզ մարմինը կոփելու, առողջ լինելու, լավ զգալու համար, բայց ընթացքում բոլորի մոտ էլ ձևավորում են հաղթող լինելու, չընկճվելու, պայքարելու կարևոր սկզբունքները:

Զրուցակիցս շեշտում է՝ իրենց շեմ ոտք դնողն իրավունք չունի թույլ լինել, և հավելում է՝ հաճախ է մարզասրահ նոր հաճախողներին ներկայացնում իր անձնական օրինակը, որ կամքի ու ձգտման շնորհիվ կարողացել է հասնել հաջողությունների՝ առանց հարմարեցված պայմանների: Այսինքն՝ եթե մարդիկ ցանկանում են զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով և ունեն նպատակ, պիտի պատրաստ լինեն դժվարությունների՝ առանց բողոքելու և նահանջելու: Եվ նման դրվածքն աշխատում է ֆեդերացիայում: Արդյունքում հաշմանդամություն չունեցող մարդիկ, երբ տեսնում են, թե ինչ հաջողություններ են գրանցում ֆիզիկական խնդիրներ ունեցողները, սկսում են կյանքին ուրիշ աչքով նայել: Ստացվում է, որ այստեղ թե´ հաշմանդամություն ունեցող մարդն է փոխում իր մտահորիզոնը, թե´ չունեցողը: Նրանք բոլորը սկսում են գնահատել կյանքը և այն ամենն, ինչ ունեն: Սարգիսը խոստովանում է, որ կորցնելուց հետո է միայն հասկացել իր ոտքերի ու ձեռքի արժեքը: Մինչդեռ այսօր իրենց մոտ մարզվող առողջ մարդիկ արդեն իսկ հնարավորություն ունեն ուրիշ աչքով նայել կյանքին, նաև օգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց, ինչը նշանակում է, որ լուծված է «Հայ հերոսներ» հիմնադրամի հետ միասին իրենց առջև դրված խնդիրը՝ հաշմանդամների ինտեգրումը: Նա երախտագիտությամբ է նշում, որ հենց այդ հիմնադրամն է օգնել մարզասրահի կահավորման հարցում և եղել է իր կողքին՝ սկսած 2016-ի ամենաառաջին մրցումից մինչ այսօր,նա արդեն ԱՄՆ-ում գործող այդ հիմնադրամի անդամներից է: «Հայ հերոսներն» այսօր օգնում է ֆեդերացիային թե´ տարածքի վարձակալման, թե´ կոմունալ ծախսերի, թե´ աշխատողների, թե´ մրցումներին մասնակցելու առումով, ինչն արժանի է բարձրաձայնման:

Վերջում Սարգիսը, ում ուժը ժողովրդի, ընտանիքի ու իր գաղափարների մեջ է, ցավով է նկատում, որ Հայաստանում դեռևս նկատելի փոփոխություններ չկան հաշմանդամների խնդիրների բարելավման հետ կապված, բայց ինքն ու իր ընկերներն ամեն ինչ անելու են, որ այս մարդիկ չընկճվեն և ճիշտ գնահատեն իրավիճակը, հասկանան, որ եղածը եղած է, և կյանքը հաշմանդամությամբ չի սահմանափակվում: Նրանք պիտի և´ իրենք չտանջվեն, և´ ցավ չպատճառեն ընտանիքի անդամներին: Իր համար Սարգիսն Աստծուց միայն առողջություն է խնդրում, որ կարողանա հաղթահարել անհաղթահարելին...





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: