Նրանք երեսուն տարեկան են...
Նրանք ծնվել են Գյումրիում, և իրենց քաղաքի ու մարզի հետ միասին անցել են դժվարություններով լեցուն 30 տարիներ: Ասյան աշխարհագրագետ է, աշխատում է «Շիրակ» օդանավակայանում որպես մասնագետ կանխատեսող: Ամուսնացած է, ունի երկու բալիկ: Էդգարը արևելագետ է, ապրում է ԱՄՆ-ում: Ամուսնացած չէ: Երկու զրուցակիցներս էլ ունեն և´ ձեռքբերումներ, և´ խնդիրներ, և´ երազանքներ...
Ասյան, բնականաբար, 1988-ի դեկտեմբերի 7-ից մեզ ոչինչ չի կարող պատմել, բայց նրա հիշողություններում առհավետ դրոշմվել են սարսափ ֆիլմեր հիշեցնող պատմություններ, որ լսել է մեծերից: Երկրաշարժի ժամանակ մայրը, տեսնելով երեխայի օրորոցի հետևի ճաքը, գրկել է փոքրիկին ու դուրս վազել: Հետագայում կիսաքանդ եղած շենքից նրանք ընտանիքով տեղափոխվել են ժամանակավոր կացարան: Եվ այդքանով հանդերձ Ասյան իր հետերկրաշարժյան մանկությունը լուսավոր գույներով է մտաբերում: Հիշում է տնակներում ապրող և իրար շատ հարազատ դարձած մարդկանց, մշտապես փողոցում խաղացող երեխաներին, որ այդպես էլ չհասկացան, թե ինչ դժվարությունների միջով են անցնում ծնողները հանուն իրենց քիչ թե շատ բարվոք կյանքի: Հիմա Ասյան խորությամբ հասկանում է նրանց կրած չարչարանքները և զարմանում՝ ինչպես են իր ծնողները կարողացել առանց լույս ու ջուր, առանց նորմալ կենցաղային պայմանների իրենց երեխաներին զերծ պահել հոգսերից՝ չկոտրելով մանկության հեքիաթը: Դպրոցական տարիներին գորշ գույներով պատված քաղաքն ու հոգսաշատ մարդկանց ներկայությունն ամենուր ավելի տեսանելի է դառնում: Եվ երբ արդեն ուսանող Ասյան գալիս է Երևան՝ սովորելու, ու փողոցում հանդիպում է ժպիտով քայլող մարդկանց, անսովորության զգացում է ունենում՝ ի հեճուկս Գյումրիի վրա ծանրացած տխրության, որ դեռ 2000-ականների սկզբին շարունակում էր տեսանելի մնալ: Ասյան նաև ցավով է նկատում, որ եթե չլիներ 1988-ի երկրաշարժը, գուցե և Երևան չգար, այլ բուհ ընդունվեր հենց ծաղկուն քաղաք Գյումրիում: Այսօր նա փորձում է ճիշտ գնահատել իր ամեն մի ապրած վայրկյանը:
Էդգարը դեկտեմբերի 7-ի ողբերգությունից չունի հարազատներից մնացած հիշողություններ, որովհետև նրանք միշտ դժվարացել են խոսել այդ օրվանից: Միայն գիտի, որ մայրը ծննդատնից նոր է վերադարձած եղել, և կարողացել է 7 օրական Էդգարին շենքից արագորեն դուրս հանել: Իր մանկությունից զրուցակիցս հիշում է մութ և ցուրտ տարիներ, ավիրված շենքեր, կիսաքանդ դպրոց: Մանկության գորշ գույներում միայն մի դրական գիծ է պահպանվել՝ հավասարությունը շրջապատում եղած մարդկանց միջև, ինչը հիմա գրեթե ոչ մի տեղ չես նկատի, և ինչին ինքն առաջին անգամ բախվեց Երևանում ուսանելու տարիներին: Էդգարը պատմում է, որ մայրաքաղաքում սկզբնական շրջանում վախի զգացողություն կար նոր իրականությունից, որն, իհարկե, ժամանակի ընթացքում հաղթահարվեց: Բայց և բոլոր դժվարություններով հանդերձ նա իր ուսանողական տարիները համարում է անփոխարինելի և խոստովանում՝ որքան էլ Ամերիկայում հաջողությունների հասնի, ուսանողական կյանքի քաղցրությունը չի զգալու և չի ունենալու այն միջավայրն ու ընկերները, որոնցով շրջապատված էր այդ տարիներին: Էդգարը պատմում է, որ հաճախ են տարեկիցներով զրուցել այն հարցի շուրջ, թե ինչ կլիներ, եթե ավելի ուշ ծնվեին կամ՝ այլ վայրում, և հիմա, երբ ապրում է իր երկրից դուրս, կարծես հնարավորություն ունի արժևորելու այն ամենը, ինչն իրեն տվել են իր երկիրն ու իր քաղաքը՝ իրենց ունեցած սահմանափակ հնարավորություններով: Դրա համար Էդգարն Ամերիկայում որոշակի հաջողությունների հասնելուց հետո մտադիր է վերադառնալ Հայաստան, որովհետև ոչ մի կերպ չի պատկերացնում թեկուզ միայն այն, թե ինչպես կարող են իր ապագա երեխաները մեծանալ ԱՄՆ-ում: Նա անկեղծանում է՝ հայրենիքից հեռու ապրելով հասկացել է, որ շատերի խնդիրը ոչ թե ուրիշ երկիր տեղափոխվելու մեջ է, այլ խնդիրն ընդունելու և տեղում լուծում տալու: Իր Ամերիկա գալը մի տեսակ կարծես փախուստ լիներ խնդիրներից ու հայաստանյան իրականությունից, բայց օտարության մեջ հաղթահարելով բազում դժվարություններ, հասկացել է՝ միշտ չեն պատկերացումները համապատասխանում իրականությանը: Էդգարն ասում է, որ Հայաստանում իր հիմնական խնդիրն առաջ գնալու, կյանքում ինքն իրեն գտնելու, իր ուզածին հասնելու մեջ էր, ինչին շատերն են բախվել ու բախվում: Եվ դեռ մանկուց լինելով պրպտող, չհամակերպվող տեսակ՝ նա հեռանում է երկրից՝ կարծես գնալով իր հաջողությունների հետևից: էդգարը նշում է՝ մինչև հիմա, ինչի որ ձգտել է, հասել է, բայց դրանք դեռևս բավարար չեն: Այս պահին Ամերիկայում նա չի կարող իր մասնագիտությամբ զբաղվել, բայց հնարավորության դեպքում կաշխատի մեկ այլ ոլորտում փորձել իր ուժերը: Մասնագիտության առումով Ասյան պատմում է, որ իրեն ի սկզբանե հետաքրքրել է աշխարհագրությունը և այն ամենը, ինչ կապված է դրա հետ: Եվ հիմա, երբ հնարավորություն ունի աշխատելու իր մասնագիտությամբ, երազում է միայն ընտանիքի բարօրության և գիտության բնագավառի իր ապագա ձեռքբերումների մասին: Նա համոզված է՝ ժամանակի ընթացքում ամեն ինչի կարելի է հասնել, եթե ձգտում ունես: Ասյան պատմում է նաև, որ մինչ երկրորդ բալիկի ծնունդը շատ ակտիվ հասարակական կյանքով է ապրել՝ փորձելով իր համախոհների հետ ինչ-որ կերպ ակտիվացնել Շիրակի մարզի երիտասարդությանը: Երևանում մասնակցելով ամենատարբեր միջոցառումների՝ միշտ ցանկություն է ունեցել նման նախաձեռնություններով նաև հայրենի քաղաքում հանդես գալ, որ Գյումրիի երիտասարդները կարողանան ծանոթանալ Հայաստանի ծանոթ ու անծանոթ անկյուններին, որ ամրապնդվի նրանց սերն առ հայրենին: Ասյան նաև հավելեց, որ Շիրակի մարզի երիտասարդներն ավելի բարդույթավորված են, մտածում են կաղապարված, ամեն ինչի հանդեպ բացասաբար են տրամադրված և շատ են կախված շրջապատող հասարակության կարծիքից: Մինչդեռ երիտասարդները պետք է շատ պրպտեն, փորձեն, գտնեն, ճանաչեն: Իսկ ահա ըստ Էդգարի՝ շիրակցի երիտասարդներն ավելի հասուն են ու հաշվի առնելով դժվարություններով լեցուն մանկությունն ու պատանեկությունը՝ նրանք կյանքին նայում են առավել ռեալ և հաջողությունների հասնելու համար ավելի հստակ նպատակներ են դնում իրենց առջև:
Երկու զրուցակիցներս համակածիք են այն հարցում, որ Գյումրիում վերջին տարիներին նկատելի են դրական տեղաշարժեր, որոշակի փոփոխություններ, բայց վերականգնման գործընթացն այնքան դանդաղ է, որ ուղղակի ցավալի է քաղաքում դեռ տնակներ տեսնելը և այնպիսի մարդկանց, որոնք, որոշ դեպքերում ունենալով անգամ տնակներից դուրս գալու հնարավորություն, չեն գնում այդ քայլին: Զրուցակիցներս ցավով են փաստում, որ եթե անցած 30 տարիներին կառավարությունը բարեխիղճ լիներ քաղաքի ու բնակչության հանդեպ, ապա Գյումրին վաղուց կլիներ նույն ծաղկուն քաղաքը:
Մեր այն հարցին, թե երկրաշարժ բառն ինչ զգացողություններ է արթնացնում, Էդգարը պատասխանեց, որ իր դեպքում այդ բառն ասոցացվում է ավիրված շենքերի, տնակների, ցուրտ ձմեռների ու վառարանների հետ: Իսկ Ասյան պատասխանեց երկու բառով՝ աղետ, ողբերգություն: Նա նաև հավելեց՝ երեխաներին չի փոխանցի իր ունեցած հիշողությունները, որ ցավ չպատճառի, բայց անպայման կսովորեցնի՝ ինչպես պաշտպանվել երկրաշարժի ժամանակ: Հիշելով երեխաներին՝ Ասյան նաև նկատեց, որ իր փոքրիկներն ու ընդհանրապես այդ սերունդը գերազանցում է իրենց թե´ մտավոր կարողություններով, թե´ կողմնորոշվելու ունակությամբ, թե´ տեղեկացվածությամբ: Եվ նա հույս ունի, որ գոնե այս սերունդը կհաղթահարի իրենց շրջապատող գորշությունը: Եվ նա հենց լուսավոր հայացքներ մաղթեց շիրակցի երիտասարդներին, որ լինեն նախաձեռնող, ամեն ինչի մեջ լավը տեսնեն, ոչ մեկից օգնություն չակնկալեն, այլ իրենց փոքրիկ քայլերով բոլորով միասին հասնեն մեծ արդյունքի: Նա նաև հույս հայտնեց, որ այսուհետ երիտասարդները կկարողանան դժվարությունները հաղթահարել՝ իրենց երկրում մնալով և տեղում փորձություններին դիմակայելով: Էդգարն էլ երիտասարդներին մաղթեց կյանքում առաջ գնալու անսպառ ձգտում և ձերբազատում ապագայի հանդեպ ունեցած մտավախություններից:
Արփի Խաչատրյան