Հակառակորդը դարձյալ կրակում է Տավուշի գյուղերի ուղությամբ
Լարված իրավիճակ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Մոտ մեկ ժամ առաջ հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից սկսել է գնդակոծել Տավուշի մարզի սահամանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես և Չինարի գյուղերը: Տեղեկությունը հաստատել է Ներքին կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Մովսեսի բնակիչները ևս Անկախ-ի թղթակցին հայտնել են, որ այս պահին ադրբեջանական զինուժը կրակում է սահմանապահ գյուղերի ուղղությամբ:
Մեր թղթակիցը փորձել է կապ հաստատել նաև Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ. "Դրա վախտը չի, գյուղս քանդեցին",-հուզված ասել է գյուղապետն ու անջատել հեռախոսը:
Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով Ներքին կարմիրաղբյուր գյուղի հենակետերի մոտ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Գյուղի բնակիչերը չեն կարողանում դուրս գալ տներից: Ներքին կարմիրաղբյուրի բնակչուհի Ռիտա Գալստյանը և նրա ամուսինը` Նելսոն Գալստյանը, ասել են, որ այնքան ուժգին են կրակոցները, որ վախենում են անասնագոմից դուրս գալ և տուն գնալ: Սահմանամերձ Այգեպար գյուղի բնակիչ Սամվել Վիրաբյանը ևս հաստատել է տեղեկությունը, որ հակառակորդը գնդակոծում է գյուղը, կրակահերթերը ուղղված են բնակելի տների, գյուղի փողոցների վրա, և ինքն այս պահին աշխատանքի վայրում է, և մի քանի ժամ տևող կրակոցների պատճառով չի կարողանում տուն գնալ: