Երկրում արդար ընտրություններ լինեն, մնացած ամեն ինչ կլինի. Արամ Սարգսյան
Այսօր քվեարկելուց հետ լրագրողների հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ երկրում արդար ընտրություններ լինեն, մնացած ամեն ինչ կլինի:
Հարցին՝ հանուն ինչի է քվեարկել, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Միանշանակ քվեարկել եմ այսօրվա և ապագայի, ինչպես նաև անցյալի լավ հիշողությունները վառ պահելու օգտին»։
Պատգամավորության թեկնածուն շեշտեց, որ այս քարոզարշավն իր մասնակցած բոլոր նախորդ քարոզարշավներից լավագույնն էր՝ հավասար հնարավորությունների և մյուս բոլոր առումներով։
«Միակ թերությունը, որից անընդհատ բողոքել եմ, կարճ ժամանակն էր։ Միգուցե դա մեզ համար նշանակություն ուներ, որովհետև մեր ուժը նոր ձևավորված դաշինք էր»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն քարոզարշավի ժամանակ բարձրաձայնում էր չարաշահումների մասին, ինքն անձամբ չարաշահումներ նկատե՞լ է, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Գիտե՞ք, ցանկացած մեկը կարող էր այդ մասին բարձրաձայնել՝ բացի ՀՀԿ-ից։ Իրենք լավ կանեն՝ լռեն։ «Սիրուն չի», կասեր իրենց կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը»։