Հայերեն   English   Русский  

​Մոնտենեգրոյում մոտ 4 հազար մարդ է դուրս եկել ցույցերի դեղին ժիլետներով


Ինչպես նշում են «Ժողովրդավարական ճակատ» շարժման ներկայացուցիչները, անցած չորեքշաբթիից բողոքի ցույցերն ընթանում են երկրի բոլոր քաղաքներում


  
դիտումներ: 299

Երեկ՝ կիրակի երեկոյան, Մոնտենեգրոյի (Ցռնա Գոռա, Չեռնոգորիա) մայրաքաղաք Պոդգորիցայում տեղի ունեցավ ընդդիմադիր «Ժողովրդավարական ճակատ» շարժման հանրահավաք և երթ շարժման առաջնորդներից մեկի՝ Նեբոյշի Մեդոևիչի ձերբակալության և մյուս առաջնորդի՝ Միլան Կնեժևիչի ձերբակալության փորձի դեմ: Երթը գլխավորում էր ընդդիմության՝ ազատության մեջ մնացած միակ առաջնորդ Անդրիա Մանդիչը:

«Ընդվզմանը մասնակցել է մոտ 4 հազար մարդ: Սկսած չորեքշաբթիից՝ բողոքի ցույցերը մեկնարկում են երկրի բոլոր քաղաքներում»,- հայտարարել է Մանդիչի մամլո ծառայության ղեկավար Մարկո Կովաչևիչը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Պատասխանելով այն հարցին, թե ով է հաշվել ներկաներին, Կովաչևիչը պատասխանել է. «Դրանք մեր տվյալներն են, որոնք համընկել են ՆԳՆ-ի պաշտոնական տվյալների հետ»:

Բողոքի ցույցը մեկնարկել է Մոնտենեգրոյի Սկուպշչինայի (խորհրդարան) մոտ, որի ներսում արդեն մեկ շաբաթից ավելի թաքնվում է ձերբակալությունից Միլան Կնեժևիչը: Ընդդիմադիրը պաշտպանել է իր կողմնակիցների ցույցը՝ շարժման ֆեյսբուքյան էջում տեղադրելով իր լուսանկարը՝ դեղին ժիլետով և Մեդոևիչի շարժ-դիմանկարը՝ նույնպես դեղին ժիլետով: Կազմակերպիչները հավաքվածներին բաժանել են մոտ 1 հազար ժիլետ, որը վերջին օրերին դարձել է ընդվզումների խորհրդանիշը Ֆրանսիայում: Այնուհետև հավաքվածներին դիմել է Անդրիա Մանդիչը:

«Մենք կարող ենք փոխել Մոնտենեգրոն, մենք պետք է քաջ լինենք և բոլորին կոչ անենք մեզ հետ լինել չորեքշաբթի օրը, երբ խոշոր ցույցեր կլինեն յուրաքանչյուր քաղաքում: Այնտեղ կլինեն մեր պատգամավորները, որոնք կգլխավորեն ցույցերը Պլևլյայում, Բուդվայում, Հերցեգ Նովիում, Նիկշիչում»,- հայտարարել է Մանդիչը: Դրանից հետո ցուցարարների շարասյունը պաստառներով անցել է քաղաքի կենտրոնական փողոցներով և վերադարձել խորհրդարանի շենքի մոտ: Այստեղ ցուցարարները տասնյակ ջահեր են վառել, որից հետո երթն ավարտվել է:

Կովաչևիչի խոսքով՝ ցույցն անցել է առանց միջադեպերի: Մոնտենեգրոյի ՆԳՆ-ում որևէ կերպ չեն մեկնաբանել տվյալ ցույցը: ՏԱՍՍ-ին չի հաջողվել ստանալ նաև մասնակիցների թվաքանակի հաստատումը:

Ընդդիմադիրների ձերբակալությունը

Անցաշ հինգշաբթի՝ գիշերը, ընդդիմադիր «Ժողովրդավարական ճակատ» շարժման առաջնորդներից Նեբոյշա Մեդոևիչը ձերբակալվել է Պոդգորիցայի կենտրոնում: Մյուս ընդդիմադիր առաջնորդը՝ Միլան Կնեժևիչը, նկատելով ոստիկաններին, որոնք պատրաստվում էին ձերբակալել նրան, պատսպարվել է խորհրդարանում, որտեղ էլ գտնվում է առայսօր: Մինչ այդ քաղաքական գործիչը հայտնել էր ՏԱՍՍ-ին, որ չի պատրաստվում կամավոր հանձնվել ոստիկանությանը: Ընդդիմության տվյալներով՝ պատգամավոր և կուսակցության առաջնորդ Մեդոևիչի ձերբակալությունն իրականացվել է առանց անհրաժեշտ ընթացկարգի՝ խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու:

Մոնտենեգրոյի «Ժողովրդավարական ճակատը» (ԺՃ) տասը ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիա է: Այս շարժումը հանդես է գալիս Սերբիայի և Ռուսաստանի հետ ավանդական համագործակցության օգտին և խստագույնս դեմ է Մոնտենեգրոյի արդի իշխանության արևմտամետ քաղաքականությանը: Մոնտենեգրոն ՆԱՏՕ-ի անդամ դառնալու նախապատրաստական գործընթացներում ԺՃ-ն զանգվածային հականատօական ցույցեր է կազմակերպել՝ պահանջելով հանրաքվե երկիրը Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հարցով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: